...

Իշխանություններին հարված հարվածի հետևից են հասցնում

Իշխանություններին հարված հարվածի հետևից են հասցնում

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հաստատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը, և հսկող դատախազն այն վերադարձրել է ՀՔԾ` լրացուցիչ քննության: Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում էր  ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ Արսեն Բաբայանը՝ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Մեծ հաշվով, սա այն տուն-տունիկի տրամաբանական հանգուցալուծումն էր, որը ձեռնարկել էր Ազգային Ժողովը: Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամի իրավական-քաղաքական ճանապարհները թողած, ընկել էին մանր-մունր բաների հետևից: Եթե նույնիսկ դատախազությունը հաստատեր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունները, դրանով ՍԴ-ի ճգնաժամը չէր հաղթահարվելու: Սա այն էր, ինչ մեռանք ասելով: 

Իսկ ընդհանրապես, մեր տպավորություններով, նախկին իշխանությունների ստեղծած դատաիրավական համակարգը աստիճանաբար ուշքի է գալիս հեղափոխության հարվածներից և հիմա ինքն է հարված հարվածի ետևից հասցնում իշխանություններին: 

Տեսեք, թե ընդամենը մի քանի օրում ինչ տեղի ունեցավ. նախկին դաշնակցական և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի դատավոր որդին ազատ արձակեց Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, որին մեղսագրվող հանցանքները պարզապես ցնցել են ամբողջ հանրապետությունը: Մենք իզուր չենք նշում Կիմ Բալայանին և նրա դաշնակցական անցյալը. հանրապետական հիվանդանոցում տարիներ շարունակ նորածինների առք ու վաճառքի հետ կապված քստմնելի պատմություններում շոշափվում է նաև մեկ այլ դաշնակցականի՝ Աղվան Վարդանյանի անունը, որն այդ տարիներին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Դատավոր Դավիթ Բալայանի որոշումը՝ ազատ արձակել Ռազմիկ Աբրահամյանին, պարզապես բացահայտ մարտահրավեր էր հանրությանը և կարելի է որակել որպես ինքնապաշտպանական ռեֆլեքս: 

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը շատ հանգիստ փախչում է երկրից՝ իմանալով, որ իրեն մեղադրանք են ներկայացնելու: Բնական է, որ նրան զգուշացրել էին: Ընդ որում, բացառված չէ, որ նա իր հետ տարել է ոչ միայն փամփուշտներ, այլ նաև՝ հոկտեմբերի 27-ի գործին վերաբերող փաստաթղթեր, տեղեկությունները արխիվացրած կրիչներ (ֆլեշկաներ):

Հաջորդը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել՝ վերջինիս կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով: Իբրև թե Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն է եղել, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Մի հատ քրքրեք արխիվները և տեսեք. այս հանձնաժողովի գործունեության մասին լսած կա՞ք նախկին իշխանությունների օրոք: Երբ մամուլը հեղեղված էր հազարավոր փաստերով, թե ինչպես են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիայի մեջ թաթախված: Մի հատ ստուգեք:

Այնպես որ, այս իրադարձություններից յուրաքանչյուրը պետք է ահազանգ լինի իշխանությունների համար: Թավիշը՝ թավիշ, բայց տեսեք, թե ինչպես են նրանց դեմ այժմ օգտագործում դատական իշխանությունն ու այլ մարմիններին, որոնք շարունակում են մնալ նախկինների ազդեցության տակ: Սթափվե՛ք, գժուկներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ