...

Մազո՞ւթն ինչ էղավ, մազութը

Մազո՞ւթն ինչ էղավ, մազութը

«ՉԻ», No 217, հունիսի 14, 2001թ.

1998թ. փետրվարին պալատական խարդավանքների արդյունքում իշխանությունը զավթած անձանց, և մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ էր ամեն կերպ հասարակության ուշադրությունը շեղել այդ հեղաշրջման հակասահմանադրական էությունից: Իսկ ուշադրությունը շեղելու ամենաընդունված ձևը ամեն ինչում նախկին իշխանություններին մեղադրելն ու իբր միլիարդների հասնող թալանը բացահայտելն էր: Իհարկե, կան նաև այլ ձևեր (օրինակ, բազմաթիվ «ինքնասպանությունները», «Արմենիկումի» բլեֆը և այլն), բայց հիմնականը մնում է «թալանը»: 

Քաղաքական ուժերը (այդպիսիք 98-ի փետրվարից հետո դեռևս իներցիայով պահպանվում էին՝ ամեն կերպ ջանալով իրենց հին նեյնիմը ծառայեցնել նոր ռեժիմին և այդպիսով մի կերպ քարշ տալ իրենց խղճուկ գոյությունը) իսկույն ընդունեցին պատվերը, և սկսվեց... Էլ «ժողովրդի արյունը ծծողներ», էլ «լափած մազութ», էլ «ցրտի ու խավարի տարիներ»... Կարծեմ նույնիսկ հանձնաժողով ստեղծվեց՝ 1992-99թթ. ժողովրդի արյան ծծումն ուսումնասիրելու նպատակով: Հիշու՞մ եք հանձնաժողովի անդամների բոցաշունչ ելույթները «էներգետիկ տեռորի» մասին: Հիշու՞մ եք աղմուկ-աղաղակը մեռած մազութի ու շվեյցարական ինչ-որ բանկային հաշիվների մասին, հիշո՞ւմ եք խոսակցությունները պետությանն իբր հասցված միլիարդավոր դոլարների վնասի մասին:

Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Հրանտ Բագրատյանը մի հանգամանալից փաստաթուղթ ներկայացրեց, որով կետ առ կետ ապացուցեց, որ իրենց իշխանության օրոք այդ ասպարեզում պետությանը ոչ մի լումայի վնաս չի հասցվել: Այ, վարչապետ Քոչարյանի օրոք... Հանձնաժողովի անդամներն իսկույն պապանձվեցին, ինչպես հանրահայտ մուլտֆիլմի կապիկները՝ վիշապի առաջ: Այլևս ոչ ոք չի խոսում «լափած մազութի» մասին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ թեմայով հրապարակավ խոսվել է միայն մեկ անգամ: Պատգամավոր Մանուկ Գասպարյանն է խոսել և հայտարարել է, թե էներգետիկ չարաշահումների առյուծի բաժինը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի վարչապետության և նախագահության տարիներին: Հիմա հասկացա՞ք «մազութի հանձնաժողովի» անսպասելի լռության պատճառը: 

Ձեզ ի՞նչ պատահեց, պարոնայք: Ձայն հանեք: Ինչո՞ւ չեք շարունակում փնտրել «լափած մազութը»: Փաստե՞ր եք հայտնաբերել: Այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմում դատարան: Չե՞ք հայտնաբերել: Հայտարարեք այդ մասին: 

Հասկանում ենք, իհարկե, որ հանձնաժողովն անհարմար վիճակում է հայտնվել: Իրենք էլ չգիտեն՝ որ հոդվածով գնան. «իմանալ-չհայտնելո՞ւ» (եթե չարաշահումներ են հայտնաբերել), թե՞ «զրպարտության» (եթե չեն հայտնաբերել): Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նն ինչ է մտածում: Երևի մտածում է՝ «մազութի շուխուռն իր գործը արեց, պետք է նոր բան հորինել»: Բայց նախ պետք է մինչև վերջ պարզել մազութի հարցը: Ի վերջո, սա պետություն է, որբի գլուխ չի, որ ամեն վոյին վրան դալլաքություն սովորի: Ժողովրդի հիշողությունն էլ այնքան կարճ չէ, որ այդքան արագ մոռանա «լափած մազութը» և չնկատի, որ հանձնաժողովի անդամների ելույթները մեկ-երկու ստորակետի տարբերությամբ կրկնում էր Նաիրի Հունանյանը...

Արդեն դրա կարիքը չկա՞, մազութը մոռանանք, որով վեց ամիս «կերակրում», գազազեցնում և ուղղորդում էիք այս բանից բեխաբար ժողովրդին, ավելի ճիշտ, վանում էիք ձեր դեմ ահագնացող ատելության ալիքը: 

Գրիգոր Ոսկանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ