«Ադրբեջանցիները անակնկալի են եկել, թե ինչ արագությամբ է հայկական զինուժը մեծ քանակությամբ զորք կուտակել սահմանային հատվածում և իրենք են բանակցություններ սկսել` անվնաս հեռանալու համար:
Ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները քանդել են Իշխանասարի ուղղությամբ գիշերը տեղադրած վրաններն ու մինչև օրվա վերջ հետ կքաշվեն նախնական դիրքեր»։
Սա հատված էր նորահայտ, իշխանություններին մոտ կանգնած Civic.am կայքից:
«ՉԻ». Հրապարակումը արվել է երեկ՝ ժամը 17:03-ին: Նշենք, որ կայքը հաճախ է արտատպումներ անում «Հայկական ժամանակից», իսկ վերջինս էլ իր հերթին օրական մի քանի անգամ հղումներ է տալիս նորահայտ կայքին:
Այսինքն՝ պարզ է, որ սերտորեն համագործակցում են: Սա նշում ենք, որ պարզ լինի, թե ինչ կապ կա կայքի ու իշխանությունների միջև:
Հիմա պարզ է, որ ադրբեջանցիները ոչինչ էլ չեն քանդել, ոչ էլ նահանջել են, իսկ Փաշինյանը գիշերը հրապարակեց 3.5 կմ թիվը, որը շատ է անգամ մեդիատեռորիստների թվից:
Իշխանությունները շատ են բողոքում մեդիատեռորից: Հետաքրքիր է, իսկ այսպիսի հրապարակումների անունն ինչպե՞ս կդնեն: Գուցե մեդիալապշանե՞ր: Իշխանությանը մոտ կանգնած մարդիկ եք, չգիտե՞ք, որ ոչ մի նահանջ էլ չի եղել, ինչո՞ւ եք փափուկ բարձ դնում հանրության գլխի տակ: Չէ՞ որ մի քանի ժամից հերքվելու է, և առաջին հերքողը լինելու է ձեր ամենամեծ ղեկավարը:
Նորահայտ կայք էր, գուցե թողնեիք աշխատեի՞ն և ոչ թե այսպիսի հրապարակումներով միանգամից դասեիք մեդիալապշիստների շարքին: