...

Մի հատ փոքր շանս կա

Մի հատ փոքր շանս կա

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կոչ-տեքստ է հրապարակել, որը կոչվում է. «Ազգային համակարգող մարմնի անհապաղ ստեղծումը»՝ հրամայական:

Տեքստի համահեղինակները՝ իրենց մտահոգությունն արտահայտելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված, որը հղի է ծանր հետևանքներով, հասարակական և քաղաքական գործիչներին, հայկական կազմակերպություններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հատկապես այն գործիչներին, «որոնք ավանդ ունեն մեր պետականության կայացման, զարգացման և պաշտպանության գործում, որոնք առաջնորդել են Հայաստանը տարատեսակ ճգնաժամերում և այսօր էլ ի զորու են գործել ի շահ հայ ազգի և հայկական պետականության», կոչ են արել. 

«Մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միավորվել հանուն Հայաստանի՝ ներառյալ Արցախի, փրկության և ստեղծել ազգային համակարգող մարմին: 

Հայկական ազգային էլիտաներն այլևս չունեն ժամանակ և իրավունք երկմտելու, հապաղելու, քաղաքական անվերջ խաղերի ճահճի մեջ թաղվելու, քանզի ամեն վատնած օր նոր անդառնալի կորուստների է բերում՝ անխուսափելի և անհաղթահարելի դարձնելով աղետը»:

Չենք ցանկանում կասկածի տակ դնել կոչի կամ նախաձեռնության հեղինակների մտահոգությունների անկեղծությունը, այս նախաձեռնության արդարացիությունը: Այն, ինչ կատարվում է հիմա, մեր աչքի առջև է, և մենք տեսնում ենք, որ իսկապես առկա է Արցախի հայաթափման վտանգ, կա պատերազմի վտանգ և այլն: Եվ չենք տեսնում, թե ինչպես այս իշխանությունները կարող են լուծել այս վտանգները:

Բայց մի հատ եկեք տեսնենք, թե որքանով է հնարավոր համախմբումը: Եթե վերցնենք քաղաքական ուժերը, ապա տեսնում ենք, որ սրանք առավոտից երեկո իրար գզում են: Գրեթե բոլոր այս ուժերը արտաքին օրակարգեր են սպասարկում: Մի մասը Ռուսաստան է քրֆում՝ արդարացնելով Արևմուտքի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, մի մասն էլ Արևումուտք է քրֆում՝ արդարացնելով Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Արցախում ինչ կլինի, ոնց կլինի, Հայաստանն ինչ վիճակում կլինի, այս ուժերը մի միլիմետր իրենց օրակարգերից չեն շեղվում: Ոնց այս մարդկանց համախմբել մի նպատակի շուրջ, մենք չգիտենք:

Մտավորականությունը. ինքներս մեզ չխաբենք, մենք այսօր չունենք մտավորականություն: Այն, որ ինչ-որ մարդիկ այստեղ, այնտեղ իրենց մտավորական են ներկայացնում, ինչ-որ կոչերով են հանդես գալիս, դա դեռ չի նշանակում, որ մտավորական են: Մտավորականն առաջին հերթին այն մարդն է, որը ճշմարտությունն է ասում, եթե նույնիսկ այդ ճշմարտությունը դառն է, ցավալի է, հանրության 99 տոկոսի կողմից անընդունելի է: Իսկ այս մարդիկ՝ ընդհակառակը, տասնամյակներ շարունակ ճշմարտություն են կեղծել, խոսքի արժեքն են զրոյացրել, մտավորականի կոչումն են այլասերել: Ու շարունակում են նույնը անել: Այսինքն՝ պայքարել են ճշմարտության դեմ: Իրենք կարող են համախմբվել միայն ժողովրդահաճո կամ իշխանահաճո գաղափարների շուրջ: 
Հասարակական ինչ-որ ուժեր, կազմակերպություններ կան, թեպետ քիչ, բայց կան, որոնց կարելի է համարել առողջ ուժեր, որոնք որոշակի ոլորտներում իսկապես արդյունավետ աշխատանք են կատարում. սոցիալական, մարդու իրավունքներ, հումանիտար, կրթական և այլն: Բայց այս ուժերի հնարավորությունները սահմանափակ են, նրանք չունեն հանրությանը մոբիլիզացնելու ռեսուրսներ, եթե նույնիսկ միանան համախմբման այս կոչին: 

Տակը ովքե՞ր են մնում. այն մարդիկ, որոնք, ինչպես տեքստում էր նշված, «ավանդ ունեն մեր պետականության կայացման, զարգացման և պաշտպանության գործում, որոնք առաջնորդել են Հայաստանը տարատեսակ ճգնաժամերում»: Թերևս այստեղ որոշակի շանս կա, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի նախկին երեք ղեկավարներին, «Ղարաբաղ» կոմիտեին և ղարաբաղյան շարժման բովով անցած գործիչներին: Տեր-Պետրոսյանը մի անգամ նման համախմբման փորձ կատարեց՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, բայց, եթե հիշում եք, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժեցին համախմբման առաջարկը:

Միգուցե նորից նման համախմբման փորձ արվի, թեպետ հիմա ավելի բարդ կլինի. որովհետև համախմբման առաջին փորձի առիթը ընտրություններն էին, պահը պատեհ էր, իսկ հիմա նման պահ չկա. բայց եթե իսկապես մեր պետականության կայացման ակունքներում կանգնած բոլոր գործիչները մի կողմ դնեն տարաձայնությունները և միավորեն իրենց ուժերը, փոքրիկ շանս կա, որ դա կարող է թմբիրից արթնացնել հանրությանը, իսկ հետո փորձել կանգնեցնել Հայաստանի ու Արցախի գահավիժումը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ