Ինչի՞ վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի այն վստահությունը, որ հունիսի 7-ին իր իշխանությունն անպայման վերարտադրվելու է։ Խնդիրը միայն զուտ նախընտրական պոռոտախոսությունը չէ, որի քարոզչական նպատակը հասկանալի է․ «ուզում եք՝ գլուխներդ պատին տվեք, մեկ ա՝ մեր դեմ խաղ չկա»-ն լավ էլ հոգեբանորեն ազդում է հասարակության վրա։ Բայց այդ վստահության հիմքում նաև լուրջ հաշվարկ կա, որի մասին, չգիտես ինչու, մեզանում ընդունված չէ խոսել։ Փակագծերը բացելը ոչ իշխանություններին է ձեռնտու, ոչ ընդդիմությանը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պոտենցիալ ընտրազանգվածը հստակորեն բաժանվում է երեք մասի։
1․ ՔՊ-ական պաշտոնյաները, նրանց մերձավորները, պետական կառավարման և ՏԻՄ համակարգերի ներկայացուցիչները, ինչպես նաև փոքր ու միջին բիզնես ունեցողները, որոնց, մեծ հաշվով, քաղաքականությունը չի հետաքրքրում, բայց որոնք դեմ են որևէ փոփոխության, որովհետև հազիվ են «նալադիտ արել» հարաբերությունները նիկոլական իշխանության հետ ու չէին ցանկանա դուրս գալ դժվարությամբ ստեղծած կոմֆորտ-զոնայից։ Սա կազմում է ընտրողների 8-10 տոկոսը, և, ի դեպ, որպես կանոն՝ ցանկացած իշխանություն ունենում է այդ 8-10 տոկոսի անվերապահ աջակցությունը։ Այսինքն՝ այդ տոկոսները Նիկոլ Փաշինյանի անձի հետ կապ չունեն, նրա փոխարեն ուսապարկ էլ լինի՝ այդ 8-10 տոկոսը գրպանում է։
2․ Ժողովրդի այն հատվածը, որի վրա ՔՊ-ական ագրեսիվ քարոզչությունը հիմնավորապես է ազդել, և որն իսկապես հավատում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն նախկին հանցավորների ճիրաններից փրկած ազնվագույն արարած է, նրա թիմակիցները՝ կոռուպցիան մերժող հրեշտակներ, որ նա ձգտում է Հայաստանը դարձնել հզոր ու ինքնիշխան դրախտավայր, բայց չար ու անբարո «ռսաստրուկներն» անընդհատ ցեխ են շպրտում իրենց սրտի վարչապետի վրա, հետևաբար՝ իրենք պիտի պաշտպանեն նրան չար ուժերից, որպեսզի ապրեն խաղաղության դրախտում։ Ժողովրդի այս հատվածը, ի դեպ, այնքան մեծ չէ, որքան ընդունված է պատկերացնել, և կազմում է առավելագույնը 6-8 տոկոս։
3․ (Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ամենալայն հատվածն է)։ Մարդիկ, որոնք շատ լավ գիտեն նրա էությունը, մեղմ ասած՝ զզվում են նրա ու նրա թիմակիցների մարդկային որակներից, հրաշալի հասկանում են, թե ինչ «սորտի» հետ գործ ունեն, բայց հունիսի 7-ին իրենց ներքին զզվանքը զսպելով ՔՊ-ին են ընտրելու, որովհետև վստահ են՝ հակառակ դեպքում նա առանց աչք թարթելու երկիրը ներսից կպայթեցնի ու Ադրբեջանին էլ կհրավիրի հարձակվել Հայաստանի վրա։ Սա, ի դեպ, «ստոկհոլմյան սինդրոմ» չէ։ Ավելի շուտ «աղջիկ փախցնելու» է նման։ Բանն այն է, որ թեև աղջիկ փախցնելը ծանրագույն հանցագործություն է, բայց մեզանում, համենայն դեպս՝ մինչև վերջերս, այդ հանցագործությունների 75-80 տոկոսն ավարտվում էր ոչ թե դատավճռով, այլ ամուսնությամբ։ Որովհետև և՛ աղջիկը, և՛ նրա հարազատները, «փեսացուի» նկատմամբ իրենց զզվանքով հանդերձ, համարում էին, որ «դե արդեն բանը բանից անցել ա․․․» ու գերադասում էին համակերպվել։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, շատ լավ հասկանում է այս հոգեբանությունը, ու հենց դրա համար էր բրիֆինգի ժամանակ ընդդիմադիր լրագրողներին ասում «դուք գնալու եք և ինձ ընտրեք» (այսինքն՝ «գիտեմ, որ ինձանից զզվում եք, բայց ո՞ւր պիտի կորեք, պրագմատիկ հաշվարկներից ելնելով՝ ինձ եք ընտրելու»)։ Այս խավն էլ կազմում է մոտ 15-17 տոկոս։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընտրելու իրավունք ունեցողների 30-32 տոկոսն իր պոտենցիալ էլեկտորատն է, որն էլ չմասնակցողների հաշվին հունիսի 7-ին դառնալու է 50-55 տոկոս։ Իսկ ընդդիմությունը, «Նիկոլը շանս չունի» կամ «նրա փնթի կառավարմանը մնացել է այսքան օր» հոխորտալու փոխարեն, պիտի հստակ վերլուծի այս իրավիճակը և ելքեր գտնի։
Մարկ Նշանյան