«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Կարփիս հարցեր» հեղինակային հաղորդման ժամանակ խոստովանել է, որ մինչև 44-օրյա պատերազմը եղել է ոչմիթիզական: Ու պատճառն այն է եղել, որ մտածել է, թե աշխարհը Ղարաբաղի հարցում մեր կողմից է և հայկական բանակն էլ տարածաշրջանում ամենամարտունակն է, ֆիզիկապես կարող է պաշտպանել Արցախն ու Հայաստանը:
ՉԻ. Ու էնքան հանգիստ, անվրդով տոնով է դա ասվում: Կարծես խոսքը դպրոցական թելադրության մեջ տառասխալի մասին է: Հա, դե, պատերազմ ենք տանուլ տվել, 5000 զոհ ենք տվել, Արցախ ենք կորցրել, տասնյակ հազարավոր փախստականներ, դե հիմա, ինչ անենք, պատահում է:
Ու Նիկոլ Փաշինյանն էլ է նույն ձևով մտածել: Արցախի հարցում նույն ոչմիթիզական դիրքորոշումն է որդեգրել: Որոշել է, որ աշխարհը մեր թիկունքին կանգնած է, բանակը մինչև Բաքու հասնող է, և ընդհանրապես, Ղարաբաղի հարցը լուծած-պրծած է, կարելի է բոլորին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, «պասլատ» անել:
Հիմա սրանք ցույց են տալիս, թե 44-օրյա պատերազմը բացել է իրենց աչքերը, իրենք մինչև այդ իռացիոնալ էին, հիմա ռացիոնալ:
Նույն իռացիոնալն եք, նույն արկածախնդիրները: Հակառակ դեպքում պատերազմից հետո ձեր աղետաբեր քաղաքականության, դիրքորոշման, ձեր այդ ոչմիթիզականության հետևանքների համար պատասխանատվությունը չէիք փորձի գցել այդ նույն աշխարհի, ռուսների, ընդդիմության վրա:
Կամ կասեիք՝ կներեք, դեռ 1997 թվականին մի խելոք մարդ զգուշացնում էր, բացատրում էր, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի, քյալլագյոզ ենք եղել, չենք հասկացել, կամ չհասկանալու ենք տվել: Որ եթե հարցը չլուծենք, կորցնելու ենք Արցախը: Ներողություն խնդրեիք, ու իզ ու թոզով չքվեիք ասպարեզից:
Չէ, հա, սրանք չքվողը չեն, ավելի շուտ Հայաստանը կչքվի, ոնց որ Արցախը, քան սրանք: