...

Ոչխարներն աշնանն են հաշվում

Ոչխարներն աշնանն են հաշվում

Մուխանաթ Խարկովը

Շաբաթն ավարտվում է, բայց չի ավարտվում ուկրաինացիների առաջխաղացումը Խարկովի շրջանում: Ընդհանրապես, Խարկովը ռուսների գլխին գալովի է: Երկրորդ համաշխարհային պատերազմում ոչ մի քաղաքի շուրջ այդքան արյունահեղ ու մասշտաբային ճակատամարտեր չեն եղել, որքան՝ Խարկովի, ոչ մի տեղ ռուսներն այդքան զոհեր չեն տվել, ինչքան՝ Խարկովի համար: 1941-ին, 1942-ին խորհրդային բանակն այստեղ չափազանց ծանր կորուստներ է ունեցել: Հատկապես 1942-ի խարկովյան օպերացիան մղձավանջ դարձավ. մի քանի հարյուր հազար խորհրդային զինվոր շրջապատման մեջ ընկավ, մոտ 300 հազարը գերի ընկան, ճակատն այդտեղ փլուզվեց ու գերմանացիները գրեթե շվշվացնելով հասան մինչև Ստալինգրադ:

Իհարկե, հիմա ուկրաինացիները դժվար թե շվշվացնելով հասնեն Ստալինգրադ, բայց իրավիճակը նման է 1942-ի խարկովյան օպերացիային. առաջխաղացում, հասել են մինչև Կուպյանսկ, ռուսների համար շրջապատման վտանգ և... սպասենք, տեսնենք: Մարքրիտն էլ արդեն բան-ման չի գրում, երևի վիճակն իսկականից շատ բարդ է:

Ալերգիկ մտորումներ

Բայց եկեք վերադառնանք մեր ոչխարներին: Եթե Ուկրաինայում սպառազինությունների մրցավազք է, ապա մեր մոտ՝ վարչապետի թեկնածուների: Էդգար Ղազարյանն իր թեկնածությունն է առաջադրել, Իշխան Սաղաթելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի:

Բայց եթե Էդգար Ղազարյանը ուղիղ, կոնկրետ, հստակ նշում է իր անունը, ապա Իշխան Սաղաթելյանը վարչապետի իրենց թեկնածուի մասին հարցին պատասխանելիս իրեն գցում է Հատիս լեռան կողմերում գտնվող բախչեքը: Դե, չի ուզում իրենց առաջնորդի անունը  տալ: Հասկանում է, որ դա հանրության շրջանում ալերգիկ հիվանդությունների վարակ կտարածի: Իսկ ուրիշն էլ չունեն: Ընդհանրապես, Դաշնակցությունը երբևիցե վառ, խարիզմատիկ դեմքերով աչքի չի ընկել: Դա չի հանդուրժվում, մեկը որ մի քիչ ցցվում է, իրեն տշում են, քանի որ գերադասում են գորշ միջակություններին, որոնք սուսուփուս, զինվորի պես կատարում են ՀՅԴ ղեկավար մարմինների շրջաբերականներն ու հրահանգները: 

Ասվածի ամենավառ ապացույցը նախագահական ընտրություններն են՝ սկսած 1991 թվականից: Մի հատ նայեք Դաշնակցության մասնակցությանը: Իրենց շարքերում գոնե մի անգամ նախագահի թեկնածուի համար արժանի մարդ չեն գտել: Չեն ունեցել, չունեն: 1991 թվականին ավելի խելոք բան չէին մտածել, քան՝ առաջադրել Սոս Սարգսյանին: Տաղանդավոր, սիրված դերասանին զոռով ստիպեցին մասնակցել ընտրություններին, որ նրա անունով սեփական PR-ն անեն: 

Հետագա ընտրություններին արդեն ՀՅԴ-ն բավարարվում էր սրա, նրա պոչին կպնելով: Իհարկե՝ որոշակի յուղոտ պաշտոնների ակնկալիքով: 

Հիմա էլ նույն վիճակն է. 24 տարի առաջ կպան Քոչարյանի պոչին, ու մինչև հիմա պոկ չեն գալիս: Ասեք, ինչն ենք սխալ ասում: 

Էդ խանդըմ ե՞ք

Բա սրանց խանդելը: Հենց Արթուր Վանեցյանը հայտարարեց ընդդիմադիր նոր նախաձեռնության մասին, գնաց, նստեց Ազատության հրապարակում, միանգամից էս քոչարյանա-դաշնակ ուժերը մարտական տագնապ հնչեցրին. հայ-հարայ, հասեք, տարան ընդդիմությունը մեր ձեռից: Իշխան Սաղաթելյանը այնպես արագ վազելով հասավ Ֆրանսիայի հրապարակ, որ Ուսեյն Բոլտը կնախանձեր: Երկու ամիս մլուլ տվեցին Ֆրանսիայի հրապարակում, մինչև Արթուր Վանեցյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը ձեռը թափ տվեցին, գնացին տուն: Նոր, դրանից հետո՝ պարտքը կատարածի զգացումով սրանք էլ հավաքեցին վրանները:

Հիմա նույն պատկերն է կրկնվում: Հենց Էդգար Ղազարյանը հայտարարեց ընդդիմադիր նոր շարժում սկսելու մասին, մի խառնվել խառնվան իրար, մի խառնվել խառնվան, վռազի մեջ մի հատ միտինգ սարքեցին Ֆրանսիայի հրապարակում, չնայեցին էլ, որ +40 աստիճան է դրսում: Ոնց, էս ո՞վ եկավ, տիրացավ թաքուն: Չէ որ չէ, մենակ մենք ենք ազգը փրկելու: Թույլ չենք տա, որ «Տոյոտայի» տենդերները ձեռներիցս գնա: Ու ընդհանրապես, էդ Էդգար Ղազարյանը պատվեր է կատարում, մեր դեմ է գործում... արդեն քանի օր է, նորահայտ վարչապետի թեկնածուի վրա բոչկա են գլորում:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ