...

Ոստիկանության գաղտնի հաղորդագրությունը

Ոստիկանության գաղտնի հաղորդագրությունը

Մեր տեղեկությունների համաձայն, ՀՀ Ոստիկանությունն առաջիկայում պատրաստվում է հաղորդագրություն տարածել, որի նախնական տեքստը կառավարության աշխատակազմն արդեն իսկ կազմել և ուղարկել է ոստիկանապետին։ Առայժմ դա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է և ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց ամեն դեպքում՝ մեր պարտքն ենք համարում հանրության ուշադրությանը ներկայացնել այն։ Եվ այսպես․

Սույն թվականի ապրիլի 22-ին քաղաքացի Ա․ Վ․-ն, գտնվելով անսթափ վիճակում, Երևան քաղաքի Ազատության հրապարակում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վարել է հեծանիվ, ինքնագլոր և այլ տրանսպորտային միջոցներ, ապա հանրային վայրում առանձնահատուկ ցինիզմով օգտագործել անհայտ ծագման ծխախոտային արտադրատեսակ։ Նույն օրը երեկոյան նա ապօրինաբար փակել է Երևան քաղաքի N պետության անվան հրապարակը՝ դրանով իսկ կաթվածահար անելով հանրային տրանսպորտի աշխատանքը և վտանգելով Հայաստանի ու N պետության բարեկամական հարաբերությունները։ Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ս․թ․ ապրիլի 23-ի երեկոյան քաղաքացիներ Ռ․Ք․-ն, Ս․Ս․-ն և Ի․Ս․-ն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացրել են այլ պետությունների պետական խորհրդանիշ հանդիսացող տրիկոտաժային արտադրատեսակների այրում՝ դրանով իսկ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ։ Այնուհետև քայլել են ճանապարհի՝ հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով և խանգարել հասարակական կարգը՝ գիշերային ժամին կոչ անելով զարթնել գործով չբացահայտված լաոյին։ Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ս․թ․ ապրիլի 25-ին քաղաքացի Ն․Փ․-ն Ոստիկանության Կենտրոն բաժանմունքին հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքի մի քանի հատվածներում ապօրինաբար փողոցներ են փակել և վանկարկել «Քայլ արա, մերժիր գժին», ինչն առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների իրավունքների ոտնահարման առերևույթ տարրեր է պարունակում։ Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն՝ հաղորդման հավաստիությունը պարզելու նպատակով։

Ս․թ․ ապրիլի 25-ին մի շարք քաղաքացիներ առայժմ չպարզված հանգամանքներում քայլել են Մ4 միջպետական երթուղով, որի ընթացքում նախապես ծանրացուցիչ հանգամանքներում տպագրված լուսանկարներ են փակցրել արագաչափերի վրա, ապա խարույկ վառել՝ օգտագործելով անհայտ ծագման փայտանյութ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 8000 (ութ հազար) դրամի, իսկ շրջակա միջավայրին՝ ծխի արտանետումների պատճառով, ևս 400 (չորս հարյուր) դրամի վնաս։ Նշված արարքները կատարելու ընթացքում ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին ֆիզիկական և այլ բնույթի բռնության կոչեր են հնչել։ Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցելու հանձնարարությունը տրված չէ անձամբ ՀՀ վարչապետի կողմից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ