...

Ուրացումների շքերթ՝ հանուն լափամանի

Ուրացումների շքերթ՝ հանուն լափամանի

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի ծննդյան օրվա առթիվ ուղերձ է հղել, բայց հետո որոշել է այդ ուղերձը հենց անձամբ էլ հանձնել նրան։ Դե հա, հայտնի մուլտֆիլմի Վինի Թուխն էլ, ինչպես հայտնի է, որոշել էր իշուկ Իայի ծննդյան օրվա առթիվ նրան կճուճ նվիրել, և Բուին խնդրել էր, որպեսզի կճուճի վրա ուղերձ գրի, որովհետև իր գլխում միայն թեփ է․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ ավարտվել էր նրանով, որ իշուկ Իան ծննդյան օրվա առթիվ նվեր էր ստացել դատարկ կճուճ, պայթած փուչիկ և սեփական պոչը։ 

Իսկ ահա Փաշինյան-Խաչատուրյան դարակազմիկ հանդիպումը դրանով չի ավարտվել, «կողմերը» որոշել են նաև մտքեր հայտնել։ Մասնավորապես՝ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը գտել է հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը․ «․․․և այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման աշխատանքները»։ Դե իհարկե, սահմանազատման գաղափարի հեղինակային իրավունքը պիտի անմիջապես շնորհել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մինչև նրա հայտնությունը մարդկության պատմության ընթացքում հաստատ որևէ մեկի մտքով չէր անցել, որ պետությունների միջև կարելի է նաև սահմանազատում իրականացնել։

Բայց սա դեռ ոչինչ։ Պրն Խաչատուրյանը հայտարարել է նաև, թե «ի վերջո այն, ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր», այլ կերպ ասած՝ 1988-ին սկսված Ղարաբաղյան շարժման «միտումը» հենց այն էր, որ Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվի, Հայաստանն էլ փորձի 29,743 հազար քկմ տարածքի վրա ազատ, անկախ, ինքնիշխան պետություն կառուցել։ Հասկացա՞ք։ Նիկոլ Փաշինյանը բրիտանացի լրագրողներին ասում է, որ Հայաստանն իր 29,743 հազար քկմ տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, հետո սենյակից դուրս է գալիս գնում Վահագն Խաչատուրյանի մոտ, սա էլ ասում է՝ շնորհակալություն, 1988-ին մեր սկսած շարժման նպատակը հենց դա էր։ 

Լավ, Նիկոլի դեպքում ամեն ինչ հասկանալի է, նա սեփական կաշին փրկելու համար ինչեր ասես դուրս կտա, անցյալն է՛լ կխեղաթյուրի, ներկան է՛լ։ Հասկանալի է նաև ՔՊ-ական երիտուսապարկերի դեպքում՝ հանուն լափամանի նրանք պատրաստ են ուրանալ ամեն ինչ, որովհետև ոչ կենսագրություն են ունեցել, ոչ անցած ճանապարհ (փաբից փաբ քարշ գալն «անցած ճանապարհ» չես անվանի), իսկ ուրացումը կոնկրետ նյութական բարիքներ է «գեներացնում»՝ կոռուպցիոն հնարավորություններից մինչև բյուջեի հաշվին աշխարհով մեկ «տժժալու» և թիկնապահներով շրջապատված՝ սրա-նրա երեսին թքելու իրավունք։ Բայց Վահագն Խաչատուրյանի՞ն ինչն է ստիպում մտնել այդ կեղտոտ խաղի մեջ ու խաչ քաշել իր իսկ անցած ճանապարհի վրա։ Բարձր աշխատավա՞րձը, պաշտո՞նը, միջազգային արարողակարգային միջոցառումներին մասնակցելու և հանգուցյալների ֆոնին սելֆի անելու հնարավորությո՞ւնը։ Մարդ է՞լ այդքան «էժանով» վաճառի այն, ինչը, ի դեպ, ոչ թե իրեն է պատկանում, այլ մի ամբողջ սերնդի, որն իր առջև հստակ նպատակ էր դրել ու պատվով իրականացնել։ Ու հիմա ստացվում է, որ իրականում նա երկար ժամանակ թաքուն երազել է այսօրվա (հայաթափված Արցախի ու բզկտված սահմաններով, նվաստացած Հայաստանի) մասին, բայց բարձրաձայն՝ հակառակն է ասել, որպեսզի պաշտոնից-բանից տան։ Ու իսկապես էլ տվել են՝ մարդը Երևանի քաղաքապետ է եղել։ 

Հիմա ժամանակները փոխվել են, պետք է հակառակն ասել, ու ասում է։ Դրա համար էլ նախագահ է։ Տեսականորեն, իհարկե, կարող էր ընդհանրապես ոչինչ չասել, բայց այդ դեպքում ծննդյան օրվա առթիվ հազիվ թե «սեփական պոչից» բացի այլ նվեր ստանար։ 

Բացի այդ էլ՝ ի՞նչ իմանաս, գուցե նախագահ նշանակվելու «աշխատանքային պայմանագրի» կետերից մեկով նման պարտավորությո՞ւն ունի՝ խեղաթյուրել այն ամենը, ինչ շեֆը կհանձնարարի։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   542 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ