Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ՊՆ ղեկավարությունը որոշել է Բանակի օրվա առթիվ պարգևավճարներ տալ միայն չծխողներին, և արդեն իսկ աշխատակազմից պահանջել է ծխողների ցուցակը։
«ՉԻ»․ Սուրեն Պապիկյանն իր կիսատ-պռատ որոշումներով ակնհայտորեն մսխում է պաշտպանության բյուջեն։ Պետք էր պարզել նաև, թե ովքե՞ր են, օրինակ, սուրճը շաքարով խմում կամ ճաշելիս աղ ցանում ուտելիքի վրա, և նրանց նույնպես զրկել պարգևավճարներից, որովհետև շաքարավազն ու աղը նույնպես վնասակար են առողջությանը։
Եվ ընդհանրապես՝ պետք է հստակեցնել պարգևավճարներ ստանալու չափորոշիչները։ Կարելի է, օրինակ, սահմանել, որ պարգևավճար կարող են ստանալ միայն նրանք, ում քաշը ՊՆ համակարգում աշխատելու տարիներին ավելացել է առնվազն 20 կիլոգրամով, ինչպես նաև՝ նրանք, ովքեր այդ ընթացքում էլիտար շենքերում հարմար գներով բնակարաններ են ձեռք բերել (որովհետև այդ բնակարանները դեռ պետք է վերանորոգել և կահավորել, իսկ ովքեր տուն-տեղ չունեն՝ օբյեկտիվորեն չունեն նաև այդ ծախսերի կարիքը)։
Բայց այդ փոփոխությունները, բնականաբար, պետք է անել ընտրություններից հետո։ Եթե, իհարկե, իշխանությունների վերարտադրության դեպքում ՊՆ-ն ընդհանրապես չլուծարվի։