...

Փետրվարի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր առաջ կգան, որոնք կշեղեն անձնական գործերից: 20-21-ին ֆինանսական գործերում, առևտրի մեջ ու գնումներ անելիս նյարդայնությունը և իմպուլսիվությունը ոչ մի լավ բան չեն բերի: Այս օրերին վտանգավոր կլինեն էքստրավագանտ մարդկանց հետ գործ ունենալն ու արագ հարստանալու ուղիներ փնտրելը:

22-24-ին հաջող գործեր կվարեք ընկերների և կազմակերպությունների հետ: Նոր նպատակները հստակ նախանշելու ունակություն: Լավ նորություններ և առաջարկներ են սպասվում: Անսպասելի ուղևորություններ կկատարեք:

25-26-ին ակտիվ կլինեք կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ցուլ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր ընկերների հետ: 20-21-ին ոչ պրակտիկ մտածողություն ու գաղափարներ: Ունակ չեք լինի ընդունել ուրիշների խորհուրդները: Անզգույշ խոսքը կամ գործողությունը կարող են խանգարել կարիերային ու աշխատանքին, ղեկավարության և կարևոր անձանց հետ հարաբերություններին:

22-24-ին ակտիվ կլինեք, առաջ կմղեք մասնագիտական գործերը և դրանից նյութական շահ կունենաք: Հաջողությամբ կծրագրեք ու կսկսեք գործերը: Հաջող նախաձեռնություններով հանդես կգաք, կբանակցեք կարևոր անձանց հետ:

25-26-ին՝ անձնական մեծ ակտիվություն, ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու և հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 20-21-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ կամ անիրագործելի խոստումներ կարևոր անձանց կողմից: Ձգձգումներ ու անակնկալներ կլինեն արտերկրի հետ կապված գործերում:

22-24-ին հնարամտության, անհրաժեշտ կապերը ճիշտ օգտագործելու, գործողությունների հստակ ծրագրման շնորհիվ ձեր գործերն առաջ մղելու, հնարավորություններն ընդլայնելու շանս կունենաք: Կբարելավվեն արտասահմանցիների հետ գործերը:

25-26-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու և գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ դրսևորել ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել հնարավորությունները: 20-21-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին: Խնդիրներ կառաջանան ընկերների կամ կազմակերպությունների հետ: Անհրաժեշտ է զգույշ լինել ուղևորությունների ժամանակ և էլեկտրականության հետ աշխատելիս:

22-24-ին՝ ուժեղ ինտուիցիա ու վճռական գործողություններ՝ ուղղված հին պայմանները փոխելուն և գործերն առաջ մղելուն: Համատեղ բիզնեսում շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք: Վարկերի հետ կապված հաջող գործեր:

25-26-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու բախվել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 20-21-ին նյարդայնությունը, իմպուլսիվությունը, ինքնագնահատականը, էքսցենտրիկ, ոչ հուսալի գործընկերների հետ ընկերությունը կամ գործ բռնելը կարող են ջանքերի զուր կորստի հանգեցնել: Չեք ընդունի ուրիշի կարծիքը:

22-24-ին համագործակցության մեջ, գործընկերներ փնտրելիս, բանակցություններ վարելիս ակտիվ կլինեք: Հեռանկարային ծրագրեր կնախանշեք: Կօգնեն ընկերները: Լավ առաջարկներ ու նորություններ կստանաք:

25-26-ին ակտիվորեն կմասնակցեք տնային գործերին կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ձեր ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից, ամուսնուց կամ կնոջից: 20-21-ին անսպասելի իրադարձությունները կարող են խառնել աշխատանքի հետ կապված ծրագրերը: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

22-24-ին հաջողություններ են սպասվում աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Աշխատունակությունը կաճի, կկարողանաք արդյունավետ գործողություններ ծրագրել: Հաջող բանակցություններ կվարեք ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Առողջությունը կբարելավվի:

25-26-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ: 20-21-ին կասկածամտությունը կարող է խանգարել ծրագրերին: Զգույշ է պետք լինել էլեկտրականության ու մեքենաների հետ աշխատելիս:

22-24-ին նախաձեռնող ու վճռական կլինեք ձեր ծրագրերն իրագործելիս: Սեփական զարգացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված արդյունավետ գործողություններ կանեք: Նախաձեռնող կլինեք ուսման մեջ, հատուկ գիտելիքներ ձեռք կբերեք: Ռոմանտիկ հարաբերություններում առաջընթաց կլինի: Հեռվից լավ լուրեր կստանաք:

25-26-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 20-21-ին ուրիշների կարծիքը չընդունելը վատ կանդրադառնա աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների վրա:

22-24-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք տնային գործերում, տանը, ընտանեկան հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Կձգտեք ընտանեկան բարեկեցության: Ֆինանսական խնդիրների լուծում: Ուժեղ ինտուիցիա:

25-26-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք կնոջ կամ ամուսնու գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 20-21-ին աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ են սպասվում: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների և ընկերների մասին:

22-24-ին ակտիվ կլինեք գործընկերներ փնտրելիս, կկարողանաք ձեր գաղափարները հասցնել անհրաժեշտ մարդկանց: Համատեղ գործերի հետ կապված հաջող ուղևորություններ են սպասվում: Հաջող բանակցություններ: Լավ տեղեկատվություն կստանաք:

25-26-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 20-21-ին անսպասելի կամ անհաջող ծախսեր կանեք նորաձև իրերի, կամ էլ զվարճանքների վրա: Զգուշացեք կորուստներից:

22-24-ին ակտիվ կլինեք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Գործողությունները հաջողությամբ ծրագրելու և շահի հասնելու հնարավորություն կլինի: Նախաձեռնող ու արդյունավետ կլինեք աշխատանքի մեջ:

25-26-ին բարձր տրամադրություն կունենաք, կուրախացնեն երեխաներն ու սիրելիները: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 20-21-ին որոշումներ ընդունելիս իմպուլսիվությունը, փոփոխությունների ցանկությունն ու ազատության ծարավը կարող են արգելակել գործերը, կամ էլ ընտանիքում տհաճ զրույցների հանգեցնել:

22-24-ին վճռական և նախաձեռնող կլինեք ծրագրերն ու ցանկությունները առաջ տանելիս: Հասարակական գործերում կամ ռոմանտիկ հարաբերություններում ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք: Նոր ծանոթություններ կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

25-26-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և կարողությունները դրսևորելիս: 20-21-ին խուսափեք շտապողական եզրահանգումներից և առանց բավականաչափ տեղեկատվության որոշումներ ընդունելուց: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել ծրագրած հանդիպումներին, ուղևորություններին: Ճանապարհին զգույշ է պետք լինել:

22-24-ին գաղտնի գործողությունները, շահի հանդեպ լավ հոտառությունը կօգնեն ուղղումներ մտցնել հին գործերում ու լուծել հին խնդիրները: Ընտանիքին ու հարազատներին օգուտ տալու հնարավորություն կլինի:

25-26-ին ակտիվ կշփվեք հարազատների և կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9747 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ