...

Քոչարյանն իր գրքում նշում է Մարտի 1-ի առավոտվա գործողության պատասխանատուներին

Քոչարյանն իր գրքում նշում է Մարտի 1-ի առավոտվա գործողության պատասխանատուներին

Երեկ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատեց այն լուրը, թե  մոտ երեք շաբաթ առաջ մահացած ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան, որի ով լինելը մինչ այժմ գաղտնի է պահվում, լքել է Հայաստանը, սակայն խոստացել է մի քանի օրից վերադառնալ: Այս լուրին սոցցանցերում միանգամից հետևեց արձագանքը` «Հոկտեմբերի 27»-ի գործով վկաներից ոմանք  նույնպես ժամանակին լքել էին ՀՀ-ն և խորհրդավոր հանգամանքներում կնքել իրենց մահկանացուն:  

Օրեր առաջ Ռ. Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ուշագրավ հայտարարություն արեց Հայկ Հարությունյանի մասին` փոխանցելով հոր խոսքերը. «Հայկի ցուցմունքը էնքան լավ, ճիշտ ու իրականությանը համապատասխանում է մեզ համար, որ հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար։ Ցուցմունքները հասանելի է բոլորին, այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ այնպես պետք է արվի՝ հանկարծ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն, չկիրառվի ուժ»։ Մինչդեռ, նկատենք, նախկին ոստիկանապետի մահը, շատերի կարծիքով, ձեռնտու էր Քոչարյանին, քանի որ այսպիսով «արանքից դուրս եկավ» մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ապօրինի գործողությունների պատասխանատուն, որը ստիպված էր լինելու դատարանում ցուցմունք տալ Քոչարյանի դեմ: 

Ուշագրավ է, որ  իր «Կյանք և Ազատություն» ինքնակենսագրական գրքում Քոչարյանը  մարտի 1-ի առավոտվա գործողությունների  պատասխանատվությունը դնում է երկու պաշտոնյաների` հանգուցյալ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի և Հայկ Հարությունյանի վրա:  Քոչարյանը գրում է, թե փետրվարի վերջին Գորիկ Հակոբյանը մտահոգություն էր հայտնել առ այն, որ Ազատության հրապարակում կարող են սադրանքներ արձանագրվել ու փաստեր է ներկայացրել: Ըստ այդմ՝ «իր տվյալներով, ցուցարարներին են միացել Երկրապահից որոշ անձինք, որոնք զինված են, իսկ ցուցարարներին պատրաստվում են բաժանել երկաթյա ձողեր և մահակներ»։ «Նրանք պնդում էին, որ հապաղել չի կարելի, վտանգավոր է և ոստիկանությունը անհրաժեշտ համարեց անհապաղ խուզարկություն անցկացնել վրաններում, որպեսզի առգրավեին զենքերն ու այն ամենը, ինչը  կարող էր կիրառվել ցուցարարների կողմից՝ դիմադրություն ցույց տալու ժամանակ։ Ինձ այդ մասին զեկուցեցին Գորիկ Հակոբյանն ու Հայկ Հարությունյանը, ավելին, Հայկ Հարությունյանը վստահ էր, որ ժողովրդի հետ կարելի է պայմանավորվել և ամեն ինչ կանցնի հանգիստ, առանց էքսցեսների»,- գրում է Քոչարյանը: Նա, սակայն, հավելում է, որ  ամեն ինչ հարթ չի ընթանում, քանի որ ցուցարարներն արդեն տեղեկացվել էին սպասվող գործողության մասին և պատրաստվել: 

Ամենաուշագրավը, սակայն, Քոչարյանի եզրակացությունն է, որը նա անում է վերլուծելով վաղ առավոտյան տեղի ունեցածը. «Պոստֆակտում, վերլուծելով տեղի ունեցածը, ես մտածում եմ, որ ոստիկանությունն այդ իրավիճակում պետք է զերծ մնար ցանկացած գործողությունից և չեղյալ հայտարարեր օպերացիան, բայց գործողությունները ղեկավարող ոստիկանը պարզվեց՝ վճռական մարդ է և ոչինչ չեղյալ չհայտարարեց։ Նա չէր կասկածում, որ գործում է խստիվ հետևելով օրենքին, այդ իսկ պատճառով չի փորձել վաղ առավոտյան անհանգստացել ղեկավարությանը»: 

Նախկին նախագահը փաստացի ընդունում է, որ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ի առավոտյան, պետք է տեղի չունենար, բայց տեղի է ունեցել ոստիկաններից մեկի վճռական կեցվածքի հետևանքով: Թե  ո՞վ էր այդ վճռական ուսադիրավորը, որը  ղեկավարում էր Ազատության հրապարակից բիրտ ուժի կիրառմամբ, ծեծ ու ջարդով ցուցարարների հեռացնելու գործողությունը, Քոչարյանը չի նշում: 

Ոստիկանության պաշտոնյաները իրար բերան էին թքել

Նշենք, որ Ազատության հրապարակում առավոտյան տեղի ունեցած գործողության պատասխանատվությունը, դատելով դեպքերին մի քանի օր հետո հաջորդած  հայտարարություններից,  դրված է եղել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի վրա: Նա  2008 մարտի 4-ին ասուլիսում  նշել էր այն, ինչը 10 տարի շարունակ կրկնել է նախաքննությունը. թե,  մարտի 1-ի նախօրեին  ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ազատության հրապարակում ցուցարարները զենք են բերում, նման տեղեկատվություն էր հաղորդել ԱԱԾ-ն:  Եվ այս  պայմաններում ոստիկանությունը որոշում է ընդունել կատարել համապատասխան գործողություններ՝ տեղազննություն, վրաններում խուզարկություն`հայտնաբերելու զենք-զինամթերքը: 

Նկատենք, որ սույն պաշտոնյան մարտի 1-ի դեպքերից շատ չանցած՝ 2008թ. հունիսին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց աշխատանքից: Ուշագրավ է, որ Մահտեսյանից բացի առավոտյան գործողության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել նաև ոստիկանության մեկ այլ պաշտոնյա` Հովհաննես Թամամյանը` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը: Նա դեռ  2008թ. դեկտեմբերին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից և առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»: Մինչդեռ հեղափոխությունից հետո՝ 2018-ի  հունիսին,  մամուլում հակառակ պնդումն էր արել, թե՝ ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետև ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»: Նա նաև խորհուրդ էր տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին:

Ո՞վ է նա, ո՞վ 

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե առավոտյան միջոցառումն իրականացրել է փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: «Սաշիկ Աֆյանը Փաստահավաք խմբում ժամանակին հայտարարել է, թե այդ ծառայությունն իրենն է և ինքն էլ իրականացրել է: Նա նույնիսկ նոր կազմած ու տպած փաստաթուղթ էր բերել, թե իբրև ինքը ժողովրդի համար դա կարդացել է, և, ըստ իրեն,  հորդորել է ժողովրդին կամովին ազատել հրապարակը, սակայն ժողովուրդը չի լսել իրեն ու դրա համար, իր ասելով, գնացել են առճակատումների`հարկադիր ազատելու գործընթացին»: 

Սաֆարյանը նշեց նաև, որ թեև Մահտեսյանի անունը առավոտյան միջոցառման անցկացման մասնակիցների ցանկում  նշվում է, սակայն կոնկրետ գործողությունների իրականացումը ստաձնել է Աֆյանը: Մեր դիտարկմանը` ստացվում է, որ Մահտեսյանն ու Թամամյանը ստել են` իրենց վրա վերցնելով առավոտյան գործողության պատասխանատվությունը, Սաֆարյանն արձագանքեց. «Իրենք այնքան խառնաշփոթ իրավիճակում են հայտնվել, որ միմյանց հակասող բաներ են հայտարարել: Այդ նույն վիճակում են նաև Թամամյանը և մարտի 1-ի մյուս միջոցառումների բուն կատարողները: Ես հիշում եմ, որ ՓԽ-ում Թամամյանը նույնպես իր վրա վերցրեց առավոտյան միջոցառումը, սակայն գործողությունների պլաններում այդպես չէ, քանի որ դրանք բոլորը հետին թվով են կազմել և նշանակություն չեն տվել, թե ով ինչ է  հայտարարել: Ցուցմունքներով էլ, եթե նայեք,  հարմարեցված ցուցմունքներ են տալիս:  Եվ այս բոլոր հակասություններն առաջանում են կատարված բազմաթիվ կեղծիքներից և դժվար է լինում հստակություն մտցնել, թե ով ինչ դեր է ունեցել այդ օրը: Սակայն մեծ տարբերություն չկա, քանի որ բոլորը միասին են արել, էնպես չի, որ դա շատ կարևոր է էդ առումով»: 

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս բոլոր կեղծիքները, բնականաբար, արվել են նաև Հայկ Հարությունյանի գիտությամբ: «Ինքը մայիսին հեռացել է համակարգից, ես այդ ժամանակ դատի եմ տվել ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը գնահատելու համար  (դա Մուշեղ Սաղաթելյանի գործով էր), այդ Կենտրոնի դատարանում Հ. Հարությունյանի ներկայացուցիչը որևէ փաստաթուղթ կամ ապացույց չի ներկայացրել, որ երբ օպերատիվ տվյալներ են ունեցել և միջոցառում են սկսել, այդ միջոցառումը եղել է օրինական միջոցառում՝ «տեղանքի զննություն» անունը կրող»:  

Եվ բացի այդ, ըստ Սաֆարյանի,  քրեական գործով ոստիկանության բազմաթիվ աշխատողներ են հարցաքննվել, որոնց առաջ դրվել են զեկուցագրեր, որոնք իբր իրենք են գրել, բայց հետո արդեն ամբողջ հարցաքննության ընթացքում նրանք ստիպված են եղել ընդունել, որ դրանք գրվել են հետին թվով` թվագրվել են Հ. Հարությունյանի պաշտոնավարման ժամկետով, սակայն «սարքվել» են հունիսից հետո, երբ ոստիկանապետն արդեն Ա. Սարգսյանն էր: Սաֆարյանի խոսքով`ստացվում է, որ Հ. Հարությունյանն  առավոտյան գործողությունն իրականացրել է առանց փաստաթղթային հիմքերի և, «ինչպես զինված ուժերը, այնպես էլ ոստիկանությունը քաղաքական պրոցեսներ հաղթահարելուց է եղել»: 

Ենթադրում ենք, որ դատարանում ցուցմունքներ տալուց Հ. Հարությունյանը ստիպված էր լինելու հայտնել վերը նշվածի մասին, և ջրի երես հանել Քոչարյանի սուտը, որը տեղ է գտել նաև նրա գրքի վերոբերյալ հատվածում: Ու փաստորեն, ըստ Քոչարյանի  որդու, «Հայկի ցուցմունքը էնքան լավ, ճիշտ ու իրականությանը համապատասխանում է մեզ համար, որ հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար»։

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ