...

Շարքային ընտրողի երազը

Շարքային ընտրողի երազը

Իբր՝ ինքը Երևանի բեսեդկաներում բլոտ խաղացող քաղաքագետ չի, գյուղում ապրող հպարտ քաղաքացի է։ Առավոտ շուտ արթնանում է, երջանիկ ժպիտով հիշում ընտրությունների արդյունքները, նայում դիմացի պատին, որտեղ կախված են Քաջ Նազարի նկարն ու Ծովից Ծով Հայաստանի քարտեզը, ապա շտապ հագնվում, որ կովերին ու ոչխարներին քշի հանդ, բայց հանկարծ հիշում է, որ կովերին ադրբեջանցիներն են տարել, վերջին ոչխարն էլ ինքն է մորթել էն պատից կախածի ոտների տակ․․․  Իսկ կինը կողքի սենյակում, «տիգրովկա» խալաթը հագին, ֆեյսբուքում ինչ-որ ստատուս է գրում։ «Կնի՛կ, ուտելու բան կա՞»,- կանչում է ինքը։ «Կա՛, ապագա կա՛»,- պատասխանում է կինը։ «Կնի՛կ, ապագա չեմ ասում, ասում եմ՝ ուտելու բան կա՞»,- բարկանում է ինքը։ «Ի՞նչ ես գոռում, իջի բոստան, տես` ինչ կա, սաղ կանաչ ա»,- քրթմնջում է կինը․․․

Տնից դուրս է գալիս ու մտնում բոստանը։ Պահո․․․ Մի քանի ադրբեջանցի զինվորականներ, բոստանում նստած, վարունգ են ուտում։ Հիշողությունը լարելով՝ փորձում է մտաբերել այն հեռախոսահամարը, որով պիտի զանգեր գերի ընկնելու դեպքում, բայց հիշում է, որ միևնույն է՝ րոպե չունի։ Իսկ այդ ընթացքում ադրբեջանցիներից մեկը ձեռքով հասկացնում է, որ վարունգի համար աղ է պետք, մյուսն էլ կոտրատված հայերենով ինչ-որ բան է ասում։

«Աղ չունենք, էն օրը մեր վարչապետին աղուհացով դիմավորել ենք, պրծել ա»,- կմկմալով ետ-ետ է փախչում ինքը, մտնում տուն ու դիմում կնոջը․ «էն թուրքերն ասում են, որ ջիբիսով էս բոստանը դժբախտ-դժգույն ա»։ «Ջիբիս չի, ջի-պի-էս ա»,- առանց հայացքը հեռախոսի էկրանից կտրելու ասում է կինը ու շարունակում․ «մի խառնվի, իջի էդ մարդկանց բացատրի, որ մենք իրանց տարածքները գրավելու հետ գործ չենք ունեցել, էդ սաղ Լևոնն ա արել, ասա Լևոն-քըխ, Լևոն-փիս, Լևոն-մութուցուրտ, ասա մենք Նիկոլի՛ կողմից ենք, Նիկոլի՛, ասա Նիկոլ-Ալիև-գարդաշ, եթե էդ էլ չհասկանան՝ չագուճը ցույց տուր․․․»։ Ինքը այդպես էլ անում է։ Մուրճը տեսնելուն պես թուրքերից մեկը փորձում է կրակել, բայց մյուսն ինչ-որ բան է գլխի ընկնում․ «հա, Նիկոլին ե՞ք ընտրել, սաղօլ, սաղօլ, դե որ էդպես ա՝ ձեզ ձեռք չենք տալիս, էրկու ժամ ժամանակ ենք տալիս, որ վեշերդ հավաքեք»։ Ինքն ուրախությունից պապանձվում է․ «կնի՛կ, վեշերը հավաքի, ապագա կա՛»։ Կինն առաջին հերթին «տիգրովկայի» գրպանն է խոթում Քոչարյանից վերցրած ու բարձի տակ պահած երկու 20 հազարանոցները․․․

Արթնանում է ՔՊ-ի հաղթանակի առթիվ կազմակերպված հրավառության ձայներից։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ