...

Սպանեք ոլորտը և ռեկրուտներ նվիրեք Ծառուկյանին

Սպանեք ոլորտը և ռեկրուտներ նվիրեք Ծառուկյանին

Կառավարությունը որոշել է թանկացնել երրորդ երկրներից ներմուծվող հագուստի մաքսազերծման գները: Իհարկե, կառավարությունից կարող են հակադարձել, որ դա թանկացում չէ, պարզապես որոշել են այսուհետ պահել մաքսազերծման օրենսդրությունը, և կիլոգրամով մաքսազերծում այլևս չի լինելու:

Օրենք պահելը լավ բան է, սակայն կառավարության առաքելությունը ոչ թե կուրորեն օրենք պահելն է, այլ այնպիսի պայմաններ ստեղծելը, որ բիզնեսը զարգանա և ոչ թե մահանա:

Հասկանալի է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ տնտեսությունն անկում է ապրում, հարկերի հավաքագրման առումով խնդիրներ կան, բայց լավագույն լուծումը չէ մի ամբողջ ոլորտի խաղի կանոնների փոփոխությունը մի ժամանակահատվածում, երբ այն գտնվում է լրջագույն ճգնաժամի մեջ: Անզեն աչքով էլ է ակնհայտ, որ հագուստի բիզնեսը լավագույն ժամանակները չի ապրում: Երևանում չափազանց շատ են փակվող հագուստի խանութները: Մոլերում չկա նախկին աշխուժությունը: Մի քանի միլիարդ դրամ ավել հարկ հավաքելը բերելու է ոլորտի անկմանը և աշխատատեղերի կրճատմանը:

Հարկերի բարձրացումը բերելու է այդ ոլորտի էլ ավելի անկմանը: Կառավարությունում պետք է որ տեղյակ լինեն՝ վաճառականները ստիպված են անհամեմատ ավելի մեծ ծախսեր անել արտասահմանից հագուստ ներմուծելու համար: Նախկինում Երևանից Ստամբուլ ավտոբուսով ճանապարհորդությունը 100 դոլար արժեր: Հիմա ստիպված են մի քանի հարյուր դոլար ծախսել, որպեսզի նախ հասնեն Մինսկ, իսկ այնուհետև ևս մի քանի հարյուրը ծախսել Ստամբուլ հասնելու համար: Նույնը Չինաստանի դեպքում է:

Երբ ասում են՝ արդարադատության բարեփոխումներ արեք, ասում են՝ ժամանակ է պետք, միջազգային փորձն ենք ուսումնասիրում: Տեսնես այս նորամուծությունն անելիս հատկապես ո՞ր երկրի փորձն են ուսումնասիրել: Ինչպե՞ս են հասկացել, որ ճգնաժամի ժամանակ նպատակահարմար է ավելացնել հարկային բեռը:

Նույն Հայաստանում հագուստն անհամեմատ ավելի թանկ է, քան Վրաստանում: Այս փոփոխություններից հետո, այն երկու անգամ թանկ կլինի վրացական անալոգից:

Ինչ վերաբերում է փաստարկին, թե դրանով խրախուսում ենք տեղական արտադրողին, ապա հետաքրքիր է՝ ո՞ւմ: Միակ տեղական արտադրող «Ալեքս Տեքստիլի՞ն»: Երևան Սիթիները քիչ են, հիմա էլ հագուստի մենաշնո՞րհ ստանանք:

Ամենից զատ, այս գործընթացում նաև քաղաքական կոմպոնենտ կա: Երբ Ծառուկյանին ձերբակալում էին, «Առինջ Մոլի» առևտրականները հրաժարվեցին մասնակցել նրա համար կազմակերպվող հանրահավաքներին: Հիմա, կարծես կառավարությունում ինչ-որ մեկը որոշել է վերացնել այդ «անարդարությունը» և պատրաստի ռեկրուտներ նվիրել Ծառուկյանին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   946 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ