...

Թալեաթի դաշնակիցները

Թալեաթի դաշնակիցները

Հայաստանը պարտության մատնելուց հետո ներկա կառավարող ուժն ի հայտ է բերում քոչարյանական ժամանակաշրջանին հարիր զուգահեռներ՝ անշուշտ դաշնակցական գաղափարախոսության քավորությամբ։ 

ՀԵԼՍԻՆԿԻԴ ՔԱՇԻ

ՆԱԽԱԲԱՆ

Ցեղասպանության մասին օրենք են ուզում ընդունել: Հայաստանում: Խիստ են մտահոգված, որ մեր երկրում ոչ ոք չհերքի Ցեղասպանության փաստը: Սովորական սուտ: Պարզապես ուզում են, որ բացի դաշնակներից ու նրանց արբանյակներից որևէ մեկը չհամարձակվի այդ հարցին անդրադառնալ: Որովհետև վախենում են իրենց իրական դեմքը ցույց տալուց, վախենում են հին մեղքերից, վախենում են այսօրվա հետ տարվող պատմական զուգահեռներից: Ինչո՞ւ... Խառնակիչներ են, ինչպես եղել են 1915-ից առաջ, այնպես էլ մնացել են նույն դատարկախոս խառնակիչները: Սփյուռքում դիրքեր են կորցնում, փորձում են ինքնահաստատվել Հայաստանում:

Չեն կարողանում: Դրա համար էլ պետք է օրենք ընդունեն, որպեսզի փակեն ընդդիմախոսների բերանը: Հայ ընդդիմախոսների, որոնցից որևէ մեկի մտքով չի անցնում հերքել XX դարի սկզբին տեղի ունեցած հրեշավոր դեպքերը՝ անպաշտպան ազգակիցների (հաճախ՝ ուղղակի նախնիների) սպանդը և հայրենիքի կորուստը: Բայց պատմությունը դաս է, իսկ Ցեղասպանությունը՝ բաց վերք: Ու այդ պատմությունը մերն է, ու վերքն էլ մերն է: Դրա համար ենք ձեզ՝ դաշնակներիդ՝ Թալեաթ-Էնվեր-Շաքիրների դաշնակիցներիդ, հիշեցնելու, թե ովքեր էին ձեր նախորդները: Որպեսզի չփորձեք նույն գեհենը նախապատրաստել նաև ձեր 100-ամյա կուսակցության մեղքով այսքան փոքրացած մեր հայրենիքում, որպեսզի Հայաստանը պետություն մնա, որպեսզի սվինավոր դպրոցականներ չունենանք, ու անիմաստ պատերազմներ չկախվեն մեր զավակների գլխին: Ընդ որում, 1988-ից մենք նվաճել ենք մեր ազատությունը, որի միակ գրավականն այսօր՝ 1998-ի կարմրադարչնագույն հեղաշրջումից հետո, ազատ խոսքն է: Եվ սա է, որ ձեզ հանգիստ չի տալիս: Հենց խոսքի ազատությունն է, որ ուզում եք վերացնել ամեն միջոցով, այդ թվում՝ նաև Ցեղասպանության մասին փարիսեցիական օրենք ընդունելով, որն իրականում լինելու է ձեր ինքնապաշտպանության օրենքը: Զուր եք չարչարվում, դուք ոչ մի արդարացում չունեք ո՛չ պատմության, ո՛չ ներկա սերնդի առջև: Քանզի տեռորն է եղել ձեր հիմնական զենքը և դատարկախոսությունը:

Տեռորը՝ հայերիս հանդեպ: Այդպիսին էիք, երբ մահափորձեր էիք կազմակերպում զորավար Անդրանիկի դեմ, այդպիսին եք այսօր, երբ ճամարտակում եք տեռորի օգուտների մասին: Հիմա ձեզ ձեռնտու է ձևանալ թուրքերի ոխերիմ թշնամի, ձեռնտու է, որ չհիշեն հանկարծ, թե ում դաշնակիցն էիք XX դարի սկզբին:

Հիշեցնում ենք ոչ ձեզ, այլ մեր ընթերցողներին, հիշեցնում ենք անհերքելի փաստերով, որպեսզի մերթընդմերթ «հերոսական» կեցվածք ընդունելով՝ չփորձեք ասել, թե ձեզ մեղադրում են անփաստարկ:

Հայ յեղափոխական դաշնակցությունը հիմնադրվել է Թիֆլիսում, 1890 թվականին: Կուսակցությունն այն ժամանակ ուներ հետևյալ նպատակը. Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը Օսմանյան Թուրքիայի կազմում:

Սակայն... սակայն շուտով ՀՅԴ-ն նահանջեց նույնիսկ սրանից: 1907թ. Փարիզում դաշնակցությունը վերջնական համաձայնության եկավ երիտթուրքերի հետ «ընդհանուր հայրենիքում» հեղափոխություն իրականացնելու մասին: Երիտթուրքերի ղեկավարները շատ լավ էին հաշվարկել անելիքը: Ընդ որում, 1908թ. սուլթան Համիդին տապալելուց հետո արդեն ծաղրում էին հայ կուսակցականներին՝ ասելով, թե՝ արյունը դուք կթափեք, իշխանության կգանք մենք: Իսկ Արշակ Չոպանյանն ասես կանխազգում էր հետագա արհավիրքը և գրում, որ երբ «հայկական» ուժերի շնորհիվ ռեժիմը կտապալվի, և կընդունվի սահմանադրությունը, թուրքերը չեն ճանաչի որևէ ազգի գոյության իրավունքը Թուրքիայում բացի թուրքերից, իսկ հայկական արյամբ հաստատված սահմանադրությունը կօգտագործեն որպես հայկական հարցը վերջնականապես սպանելու զենք:

Ուրեմն դաշնակցեցին: 1908-ին իշխանության եկան երիտթուրքերը և ջանք չխնայեցին, որպեսզի հայերի «միակ» ներկայացուցիչը, նրանց «շահերը պաշտպանող» միակ կուսակցությունը լինի ՀՅԴ-ն: Այդպես էր պետք: Որովհետև սույն յեղափոխականները նրանց՝ թուրքերի հետ հավասար ճչում էին՝ կեցցե՛ Օսմանյան Սահմանադրությունը, Օսմանյան Թուրքիայում ապրողներն օսմանցիներ են... Հասկացա՞ք՝ որքան ազգային էին և որքան հեռատես: Դաս չեղան նույնիսկ Ադանայի ջարդերը (1908թ.): Դաս չեղավ օսմանյան ազգայնամոլական քարոզչությունը, որի հիմնական գաղափարը պանթուրքիզմն էր:

ՀՅԴ-ն շարունակեց իր քաղաքականությունը: Գոհ էին երիտթուրքերից ստացած փշրանքներով, երջանիկ էին, որ կարող են չեզոքացնել մյուս հայ գործիչներին ու հավատարիմ էին... Եվ մինչ ողջ հայության դեմ դավեր էին նյութում դաշնակներին օգտագործող «քաղաքակիրթ» օսման թուրքերը, կուսակցականները զբաղված էին թաղականների ընտրություններով, տարված էին սոցիալիզմի գաղափարներով ու պայքարում էին հայ մեծահարուստների դեմ: Իսկ 1908-1914 թթ. Թուրքիայի մասին գրող պատմաբանները նշում են, որ Օսմանյան կայսրության ներքին առևտրի 80 տոկոսը, արտաքին՝ 40 տոկոսը, ներմուծման 60 տոկոսը հայերի ձեռքին էր: Հայերը հարուստ և ակտիվ տարր էին:

Եվ եթե մերոնք մի քիչ խելք ունենային, կազմակերպված պայքարով կազատագրեին հայրենիքը և ոչ թե կսպասեին, թե ի՞նչ է անելու Ռուսաստանը, ի՞նչ է ասելու Եվրոպան:

Դառնանք Դաշնակցության և Իթթիհատի համագործակցությանը: Հենց սկզբից՝ 1907-ից, շատ հայ գործիչներ էին նախազգուշացնում, որ «վերջաբանը» աղետալի է լինելու ողջ հայության համար: Զորավար Անդրանիկը կտրականապես մերժել է սատարել երիտթուրքերին և հայտարարել հայ յեղափոխականներին, որ թուրքերն իրենց կախելու են...

Սակայն «գործիչների» ոգևորությունն այնքան մեծ էր, որ Սիմոն Վրացյանը տասնամյակներ անց պիտի գրեր. «Հ. Հ. Դաշնակցությունը, հայ ժողովրդի մեծագույն կուսակցությունը՝ գործակցելով Իթթիհատի հետ՝ ձգտում էր իրականացնել համապետական նպատակներ: Երեսուն տարիների հեղափոխական մաքառումներից հետո հայը անվերապահ կերպով դառնում էր օսմանյան քաղաքացի, հավատարիմ տարր օսմանյան վերածնվող հայրենիքի»:
Ավելին, «1909թ. (Ադանայից հետո) դաշնակները նոր «համաձայնագիր» կնքեցին թուրքերի հետ: Նրանք պարտավորվում էին պաշտպանել կայսրության ամբողջականությունը, իրականացնել սահմանադրության պահանջները, մերժել հայերի անկախության ձգտումը: Այս «համաձայնագրում» կար մի կետ, որի համաձայն Ադանայի ջարդը հիշատակվում էր որպես «ուսանելի նախազգուշացում» (Ջ. Կիրակոսյան, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առջև):

Սա էլ քիչ է: Ս. Վրացյանը, Ռ. Զարդարյանը, Ռ. Դարբինյանը արտակարգ եռանդով էին լծվել «ընդհանուր հայրենիքը» բարեփոխելու գործին: Մոռացության էին տվել և՛ ինքնավարությունը, և՛ բուն Արևմտյան Հայաստանը: Հեռու Կոնստանդինապոլսում ասես խլացել էին հայ յեղափոխականները. չէին «լսում» հայկական գավառներից եկող զարհուրելի գույժերը, իրենց թերթերում զարմանահրաշ կոչեր էին անում՝ Իթթիհատին անվերապահորեն վստահելու:

Իսկ Թալեաթն աստիճանաբար չեզոքացնում էր այն հայերին, որոնք համարձակվում էին մտածել անկախության մասին, այն հայերին, որոնք դաշնակցական չէին:

Ժամանակ էին կորցնում: Պաշտոններ էին զբաղեցնում: Երջանիկ էին, որ միայն իրենց են բանի տեղ դնում՝ որպես հայության ներկայացուցիչ: Թուրքերը քամահրում էին նույնիսկ Պոլսո Պատրիարքարանը, որը համեստորեն, առանց աղմուկ-աղաղակի փորձում էր պաշտպանել հայ բնակչության իրական շահերը: Այսպես էր մինչև 1914թ.՝ մինչև Առաջին աշխարհամարտի նախօրեն: Եվ սա դեռ նախերգանքն էր: Քստմնելի նախերգանքը Արևմտյան Հայաստանի կորստյան և հայկական հրեշավոր ցեղասպանության:

Իսկ 1914-ին սկսվեց հայերի ծրագրված ոչնչացումը: Պնդում ենք՝ 1914-ին՝ զորահավաքի ժամանակ: Ինչպիսի՞ն էր ՀՅԴ դիրքը այդ օրերին՝ կներկայացնենք հաջորդիվ:

Լևոն Ասատրյան

Շարունակելի

«Չորրորդ իշխանություն», թիվ 340, 5 մարտի, 2002թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ