...

Թաքուն, համարյա պողպատյա

Թաքուն, համարյա պողպատյա

Հուլիսի 2-ին շրջանառության մեջ են դրվել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության նախագծերը, որով առաջարկվում է արգելափակել պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների, պաշտոնյաների թռիչքների, մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տեղեկությունները:

Նախագծի հիմնավորումներում նշված է, թե ԲՏԱ նախարարությունը, համագործակցելով ԱԱԾ-ի հետ, ուսումնասիրել է  e-gov.am և govtravel.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը:
Նախագծով կայացվել է որոշում մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը հեռացնել e-gov.am կայքից, քանի որ ԲՏԱ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դրանք համարվել են ռիսկային տվյալներ:

Այս նախագծով հանրությունը նաև չի կարողանա gov.travel.am կայքից տեղեկություն ստանալ պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ: Այդ թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ հեղինակների, իր մեջ պարունակում է թռիչքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, համարվում է զգայուն տվյալ, քանի որ պարունակում են կիբեռ ռիսկեր:

«ՉԻ». Մալադեց: Զգում ենք, որ ընտրությունների արդյունքները եկել են այս իշխանությունների վրա: Միանգամից սկսել են պողպատյա նախագծեր ներկայացնել: Հա էլի, էդ ի՞նչ թիթիզ բան էր. հաշվետու լինել հանրությանը: Ընդհանրապես, ցանկացած հաշվետվություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Դնում են, կարդում, ուսումնասիրում են այդ հաշվետվությունը, քթիմազություն անում, մեջը կեղտ փնտրում, անուն կպցնում, հետո պիտի դրա համար պարզաբանում տաս, ժամանակ ծախսես: 

Իսկ այսպես, շրըխկ, փակում ես ողջ ինֆորմացիան, ու միանգամից այդ հոգսից ազատվում ես: Ոնց որ աֆրիկյան բոլոր առաջադեմ երկրներում: 

Հիմա արդեն կարելի է հանգիստ մեկ անձի հետ գնումների ցանկացած գործարք անել: Թե ով է այդ անձը, ում բաջանաղն է, ում աներձագը կամ փեսան, էլ չենք իմանա: Չենք իմանա՝ ինչ գնով, ինչ որակի գնումներ են արվել, ինչի՞ հատկապես այդ անձից: Իսկ եթե չիմանանք, ուրեմն, չենք կարող կասկածել մեր իշխանությունների ազնվության վրա: Որովհետև հիմքեր չեն լինի: Ու կստացվի, որ շատ ազնիվ ու արդար են այս իշխանությունները: Ռիսկով կարող ենք մենակ գովաբանել:

Հիմա արդեն նաև կարող են աջուձախ ճանապարհորդել, որտեղ խելքները փչի, ելույթ ունենալ, համաձայնագրեր ստորագրել, մեկ է, ձև չունենք դա տեսնելու: Հետևաբար, այսուհետ կունենանք նաև հայրենասեր իշխանություն, քանի որ հակառակն ապացուցող փաստեր չեն լինի:

Հ.Գ. Իմիջիայլոց, պետական պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկության հրապարակումը ՀՀ կառավարության մի քանի տարի առաջ ստանձնած հանձնառությունն է Բաց կառավարման գործընկերության շրջանակներում: Այսինքն՝ դա միջազգային պարտավորություն է: 2011թ. սեպտեմբերին Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, ընդունել Գործողությունների երեք ծրագիր՝ 2012-2014, 2014-1016 և 2016-2018 թվականների համար: Բա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ