...

Տեր ե՞ս հանցագործին, որդյակ իմ

Տեր ե՞ս հանցագործին, որդյակ իմ

Հատուկ քննչական ծառայությունը վերացրել է բուժման նպատակով մեկ տարի առաջ Գերմանիա մեկնած «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը։ Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Պատճառն այն է, որ Մայրապետյանը խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ։
Նշենք, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Մայրապետյանին բուժման նպատակով երկրից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։

Վերջիններս ՀՔԾ-ում հարցաքննվել են ու հայտնել, որ չեն կարող ապահովել Մայրապետյանի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին։

«ՉԻ». Վատ չի, վատ չի: Փաստորեն, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան (իրերն իրենց անուններով կոչենք), 15 մլն դրամ փող ունի, որպեսզի կաշառակերության մեջ մեղադրվող օլիգարխիկ դեմքի համար մուծվի և նրան ազատ արձակելու երաշխավորություն տա: 

Դե, գիտեք, Սամվել Մայրապետյանը փախել է: Այսինքն, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը 15 մլն դրամը կորցրեց: Բայց ոնց որ թե շատ դարդ չի անում: Այսինքն, այս մարդը փողի պրոբլեմ չունի: Ո՞նց է այդպես ստացվել:

Ու ի՞նչ է ստացվում. որ մենք՝ հավատացյալներս, եկեղեցու համար հանգանակություն ենք անում, հոգևոր տարբեր ծառայությունների համար վճարում ենք, նվիրատվություններ ենք անում, իսկ այդ գումարը ծախսվում է ոչ թե եկեղեցաշինության կամ բարեգործական նպատակների համար, այլ՝ հանցագործներին բանտից ազատելու համար:

Դուք պատկերացնո՞ւմ եք, Սամվել Մայրապետյանի համար երաշխավոր դարձած անձ լիներ, օրինակ՝ «Կյանքի խոսքից» կամ եհովական: Այնպիսի վայնասուն կբարձրանար, թե աղանդավորները քայքայում են երկիրը, հանցագործներին են օժանդակում, անպատժելիության մթնոլորտ են սերմանում, քաոս են առաջացնում, դրանց պետք է կախել, վառել, փակել... 

Բայց երաշխավորը Մայր Աթոռի հոգևոր պաշտոնյա է: Հա, դե հիմա ի՞նչ ա եղել, բարի նպատակով է մարդը 15 մլն դրամ վճարել, դե հիմա, տենց ստացվեց, Աստված կպատժի Սամվել Մայրապետյանին, իսկ Տեր Վահրամ քահանա Մելիքյանին կօրհնի՝ բարի գործի համար:

Այո, շատ ափսոս, որ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը աղանդավոր չէ: Ի՜նչ գաղափար է կորչում, ի՜նչ գաղափար:

Հ.Գ. Ռուբեն Ֆանարջյանի մասով թեման թողնում ենք Արսեն Թորոսյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ