...

Տերն ու ծառը

Տերն ու ծառը

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ»:

«Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից։ Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է։ Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ։ Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ»,- ասել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

«ՉԻ». Այ, հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Արդեն հասկանալի է, թե ոնց եղավ, որ այսպես եղավ:

Ուրեմն, Տիգրան Ավինյանի անվան քաղաքապետարանը բուսաբանության ինստիտուտի ղեկավարությանն ասել է, թե բա ցանկանում ենք հիվանդ ծառերը հեռացնել:

Ինստիտուտից պատասխանել են, թե լավ եք անում: Քաղաքապետարանից հարցրել են, թե ո՞ր հիվանդ ծառերը քոքահան անեն: Ինստիտուտն էլ պատասխանել է, թե որը պատահի:

Մնացածը գիտեք. քաղաքապետարանի աշխատակիցները գնացել, ու կասկադի տարածքում ինչքան ծառ կա, կտրել են: Բուսաբանության ինստիտուտի մասնագետները եկել են դեպքի վայր, տեսել կոտորածը, հարցրել, թե այ անաստվածներ, էս ի՞նչ եք արել: Քաղաքապետարանցիներն էլ ուսերը թոթվելով պատասխանել են. դուք չասացի՞ք՝ որը պատահի: Մեզ էլ բոլորը պատահեցին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ