...

ՏԻՎ ընտրությունները Մոզամբիկում

ՏԻՎ ընտրությունները Մոզամբիկում

Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան ծանր դեպրեսիայի մեջ էր։ Մոզամբիկի ՏԻՎ (տեղական ինքնակառավարման վոժդերի) ընտրություններում Քայլա-Քայլա ցեղախմբի ռազմիկներից ոչ մեկը վոժդ չէր ընտրվել։ Այդ առթիվ Նգիկոլոն Մեծ բաոբաբի տակ ցեղային խորհրդի նիստ էր հրավիրել, որպեսզի կատարի աղետների դեպքում ցեղի կախարդների հորինած ծիսակարգը։

Եվ ահա, երբ բոլորն արդեն հավաքվել էին ու կիսաշրջանաձև նստել խարույկի շուրջը, վրանից պատգարակի վրա դուրս բերեցին Մեծ վոժդ Նգիկոլոյին, որի ձախ ձեռքին գույնզգույն թելերով զարդարված փղոսկրյա մուրճն էր, աջ ձեռքին՝ չորացրած դդումից շիշը, որից վոժդը ժամանակ առ ժամանակ կում էր անում, ու աչքերը փայլում էին։

Նրան տեսնելով՝ բոլորը վեր թռան, գոռացին «Նգիկոլո-վո՛ժդ», ապա մեջքով շրջվեցին դեպի նա ու բարձրացրեցին արմավենու տերևներից կարված գոտկակապերը, որովհետև սահմանված կարգի համաձայն՝ վոժդի պատկերը պիտի դաջված լիներ այդ հատվածում։ Դրանից հետո Նգիկոլոն հերթով մոտ էր կանչում պարտված ռազմիկներին, մուրճով հարվածում նրանց գլուխներին ու երեք անգամ կրկնում «մանդա՛տա», ու ամեն անգամ ռազմիկները պարտավոր էին երեսնիվայր փռվել գետնին ու գոռալ «Օ՛ Նգիկոլո, երկնային պարգևավճա՛րա»։

Ծիսակարգի երկրորդ արարողությունն այլ էր։ Ռազմիկները թևերը ոլորելով մեջտեղ բերեցին Մբունգա Լոխլավա-Տունգային և Սերժիկի-Կուանակիկիին, և Նգիկոլոն ճառ ասաց․ «Մոզամբ ժողովրդի հպա՛րտ ցեղակիցներ։ Մի քանի ամիս հետո էլ ենք վոժդեր ընտրելու։ Որտեղ ընտրություններ լինեն՝ այ էս երկուսին կտանեք, վանդակների մեջ դրած՝ ցույց կտաք բոլորին ու կասեք, որ սրանց պատճառով է, որ գետերում ձուկ չկա, կոկոսն ու բանանն էլ թանկացել են»։ Ապա կում արեց դդումից ու գոռաց․ «կոկոս կա՛ կոկոս»։ Բոլորը միանգամից ձեռքները վեր պարզեցին, գոռացին «Նգիկոլո Պապատուհասա վո՛ժդ», ապա շրջվեցին ու նորից բարձրացրեցին կոնքակապերը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3055 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ