...

Թովմասյան ազգանունով ամենամեծ խոչընդոտը

Թովմասյան ազգանունով ամենամեծ խոչընդոտը

Եթե սկսում ես մի գործ, անպայման պետք է այն հասցնես տրամաբանական ավարտին: Այլապես ավելի լավ կլիներ՝ չսկսեիր: Չավարտված գործերը վերադառնալու վատ սովորություն ունեն և ավելի մեծ վնաս տալու, քան եթե դրանք ընդհանրապես չնախաձեռնվեին:

ԱԺ-ն այսօր կսկսի Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՍԴ միջնորդության որոշման նախագծի քննարկումը: Ամենայն հավանականությամբ ԱԺ-ն կհաստատի որոշման նախագիծը և կուղարկի ՍԴ քննարկման և այնուհետև քվեարկության:

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի հարցի քննարկմանը, «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կողմ կքվեարկի նախագծին: Սակայն առաջին ինտրիգն այն է, թե փակ քվեարկության ժամանակ ինչպես կքվեարկեն իշխանական պատգամավորները: Գաղտնիք չէ, որ կա ձևավորված ֆրոնդա, և այն իր առաջին ատամները կարող է ցույց տալ հենց այդ գաղտնի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը լավագույնս կպատասխանի շատերին հուզող հարցին՝ որքան են նախկին ռեժիմի մետաստազները տարածվել իշխող ուժի մեջ: Միայն մամուլում շրջանառվող անուննե՞րն են, որ խնդիր ունեն Փաշինյանի հետ, թե՞ կան ծպտյալներ, որոնք դեռ «քնած» վիճակում են:

Բայց ինտրիգը չի ավարտվի միայն ԱԺ-ում: Անգամ դրական եզրակացություն ստանալուց հետո Թովմասյանի ճակատագիրը պետք է որոշի ՍԴ-ն: Ինքը՝ Թովմասյանը չի մասնակցի քվեարկությանը, բայց պաշտոնանկության համար անհրաժեշտ է 6 դատավոր-անդամի ձայն: Այս պահին ակնհայտ է, որ անհրաժեշտ թվով ձայները դեռ չկան: Թովմասյանի սանիկների ուղղությամբ աշխատանքները ծավալվում են ամբողջ թափով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինքը՝ Թովմասյանը և ՍԴ մի շարք անդամներ ինչ պարտավորություններ ունեն նախկին ռեժիմի հանդեպ: Եվ բացառված չէ, որ սանիկների ճակատագրի հանդեպ մտահոգությունը զիջի սեփական պարտավորություններին:
Իշխանությունը նախաձեռնել է չափազանց կարևոր մի գործընթաց՝ գործիքակազմում օգտագործելով կասկածելի արդյունավետությամբ միջոցներ: Սակայն, եթե սկսել է, ապա անպայման պետք է հասցնի տրամաբանական ավարտին՝ Թովմասյանը պետք է պաշտոնանկ արվի:

Հակառակ պարագայում նախկին ռեժիմի ոգևորությունը չափազանց մեծ է լինելու: Թաքնված շատ ականներ սկսելու են բացահայտ գործել՝ հասկանալով, որ իշխանությունը թույլ է և չի կարողանում հեռացնել իր ճանապարհի ամենամեծ խոչընդոտներից մեկին:

Իսկ Թովմասյանը կոնկրետ խոչընդոտ է: Եթե նա մնա ՍԴ նախագահի պաշտոնում, ապա շատ բարեփոխումներ պարզապես չեն իրականանա: Շատ օրենքներ տարիներով կճանաչվեն հակասահմանադրական և ի չիք կդարձնեն դատաիրավական ու մյուս բարեփոխումները:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5747 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ