...

«Վոյինների» վերջը

«Վոյինների» վերջը

ՃԱԿԱՏԻ ԳԻՐ

Դաշնակցական «Երկիր» թերթի խմբագիրը, անդրադառնալով Լիբիայի բռնապետի քստմնելի վախճանին, գրում է. «Հեռավոր 60-ականներին նա հերոս էր, Լիբիական Ջամահիրիայի առաջնորդը, լիբիական հեղափոխության կենդանի լեգենդը։ Հիմա ոչ ոք այդ մասին չի հիշում, իսկ ժողովուրդը մի անասելի վայրենությամբ փողոցում ուղղակի «հոշոտում» էր նրա անշնչացած մարմինը։ Դժվար է ասել՝ սա լեգենդար առաջնորդի՞, թե՞ լիբիացի ժողովրդի ողբերգությունն է։ Երևի երկուսինը միասին»։

Հետո, իհարկե, լրագրողն սկսում է որոնել այդ «ողբերգության» պատճառը և «խելոք» խոսքեր է ասում։ Այնուամենայնիվ, սենտիմենտալ վերլուծությունը սահմանափակ բնույթ է կրում։ Այնուամենայնիվ, սպրդում է  հրեշ առաջնորդի նկատմամբ լավ թաքցրած համակրանքը։ Այսպես էլ դաշնակցականները համակրում էին մեր տեղական «վոյինին», թեպետ, ի բարեբախտություն հայերիս, Ռոբերտ Քոչարյանը չարժանացավ հասարակության համակրանքին անգամ, ուր մնաց թե պաշտամունք դառնար։ Այստեղ, սակայն, ուշագրավը ոչ թե դաշնակների «ուղղվածությունն» է, այլ նրանց` կոնյունկտուրային ենթարկվելու ձգտումը։ 

Անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում նրանք բավական երկար ժամանակ կառավարության մաս կազմեցին։ Այդ շրջանը տևեց ուղիղ այնքան, որքան տևեց Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը։ Մինչ այդ անհաշտ ընդդիմություն էին, ցույցեր էին անում անգամ Արցախյան պատերազմի ծանր օրերին։ Անթաքույց էր նրանց ատելությունը ՀՀ առաջին նախագահի նկատմամբ, անթաքույց և արտաքինից` իռացիոնալ։ Բայց միայն արտաքինից, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ղեկավարած ուժերի գաղափարախոսությունը սրանց ո՛չ գործելու տեղ էր թողնում, ո՛չ էլ` վերևներին ծառայելու և նյութական բարիքներ կուտակելու։ Սրանց նմանների համար «վոյինն» ուղղակի գտնված երազ էր։ 1998 թվից սկսվեց դաշնակների և Ռոբերտ Քոչարյանի աստեղային ժամը։ Ուրիշներին ծառայելու, սեփական երկրում հերոս ձևանալու և հարստություն դիզելու հնարավորություններն անսահմանափակ էին։ Ռ. Քոչարյանը, սակայն, միամիտ չէր և որոշեց դաշնակներին միշտ բռի մեջ պահել, ինչի համար էլ արեց առաջին քայլը։ Սրանց լիդերների մի մասին ազատեց բանտերից, բայց չարդարացրեց։ Այսինքն սրանք մինչև օրս ազատության մեջ գտնվելու իրավական հիմք չունեն։ Սրանցից ոչ մեկը չփորձեց դատարանում վիճարկել նախկինում կայացված վճռի արդարացիությունը, սրանցից ոչ մեկը չհիշեց ցմահ բանտարկության դատապարտված կուսակիցներին, ովքեր մինչև օրս էլ այնտեղ են։ Սուսուփուս ընդունեցին ստորացումը, որովհետև գտել էին իրենց իդեալական առաջնորդին, որը, անշուշտ, մասշտաբով Քադաֆիից շատ հեռու է, բայց կերպարը նրան ինչ-որ բանով հիշեցնում է։ Արյան հետքը գալիս է հետը, իշխանության սկիզբը նշանավորվեց հոկտեմբերի 27-ով, վերջը` մարտի մեկով։ Հիմա տեսնենք, թե ինչպես են սանձարձակվում բռնապետներն ու բռնապետիկները, ովքեր են նրանց պաշտպանում և ինչպես են նրանց աղբանոց շպրտում։ Հիշեցնենք նաև, որ սեփական ժողովրդի աջակցությունը վայելող լիդերը այսքան տխուր վախճան ունենալ չի կարող։

Թե՛ Քադաֆիին, թե՛ նրա մանր կրկնօրինակներին դրսի ուժերը ներում են ամեն ինչ, քանի դեռ նրանք պետք են, քանի դեռ նրանց միջոցով «տարածաշրջանում» ինչ-ինչ հարցեր են լուծում` նավթից սկսած մինչև ուղղակի ազդեցության ոլորտ։ Սրանք էլ իրենց երկրներում ստեղծում են կամ փորձում են ստեղծել անհատի պաշտամունքի նման մի բան և, որպես կանոն, հենվում են կեղծ ազգայնական կամ «յեղափոխական» ուժերի վրա։ Այդպես հարմար է, այդպես կարելի է հարստանալ և երկար իշխել, ստրկացնել ժողովրդին, սպանել, ոչնչացնել հակառակորդներին։ Չէ՞ որ հանուն ազգի են անում, չէ՞ որ «վոյին» են։ Բայց երբ համը հանում են, երբ տասնամյակներով լռեցված հասարակության էներգիան դուրս է պրծնում և սկսվում է լայնամասշտաբ արյունահեղությունը, «միջազգային հանրությունը» ստիպված արձագանքում է և հրապարակային մահապատժի ենթարկում արդեն զզվեցրած լիդերին։ Սա՞ էր Քադաֆիի ճակատագիրը։ Խաղ էր անում միլիարդների հետ, նստում-վեր էր կենում աշխարհիս հզորների հետ, ովքեր նրա ձեռքն էին սեղմում և նրա աննորմալ վարքին դիմանում նույնիսկ Մեծ Բրիտանիայում իրականացված ահաբեկչությունից հետո։ Հիմա նա այլևս պետք չէ, հիմա նրան հանձնեցին վրիժառությամբ լցված զինյալների ձեռքը։ Չդատեցին, ինչպես Սադամին էին դատել, այլ թույլ տվեցին գնդակահարել աղբանոցում։ Չդատեցին գուցե այն պատճառով, որպեսզի փրկեն իրենց դեմքը։ Ո՞վ գիտե` ում մասին և ինչ կասեր Քադաֆին հրապարակային դատավարության ժամանակ։

Ասում եք` մարտի մեկի էջը փակված է, հոկտեմբերի 27-ն էլ կազմակերպիչներ չունի։ Ասում եք` մարտի մեկի էջը փակեց Եվրախորհուրդը։ Չարաչար սխալվում եք։ Այդպիսի ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Եվրախորհուրդն էլ դա շատ լավ գիտի։ Ուղղակի հիմա փորձում են օգտագործել և՛ Ս. Սարգսյանին, և՛ նրա նախորդին` վոյինին, իսկ հետո լավագույն դեպքում կդատեն Հաագայում։ Լավագույն դեպքում։ Կդատեն ու կողջունեն բռնապետիկների պատիժը ճիշտ այնպես, ինչպես այսօր ողջունում են Քադաֆիի սպանությունը։

Քստմնելի է, բայց այդպես է։ Չի կարող այլ ճակատագիր ունենալ արյունով իշխանության եկածը։ Իսկ դաշնակները։ Դաշնակները հետո արտասահմաններում կփորձեն սրբագրել իրենց «հերոսությունները», բայց երբեք չեն կարողանա բացատրել, թե ինչու էին հոկտեմբերի 27-ից հետո ակնհայտ հրճվանք ապրում և պատրաստվում բենզինի շշերով դիմավորել հայ զինվորներին, եթե նրանք քաղաք մտնեն։ Երբեք չեն կարողանալու բացատրել, թե ինչու, իշխանության մաս լինելով, չփորձեցին կանխել մարտիմեկյան արյունահեղությունը։

Զ. Գաբրիելյան 

«Չորրորդ իշխանություն», 24 հոկտեմբերի, 2011թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ