...

Խոսքի ազատության դեմ ուղղված գործողություն է

Խոսքի ազատության դեմ ուղղված գործողություն է

Գիշերը տակնուվրա են արել «ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրությունը: Բացել են բոլոր դարակները, մտել են նաև խմբագրի սենյակը և խառնել ամեն ինչ։ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ գողության նպատակով չեն խմբագրություն ներխուժել: Տեխնիկա չեն տարել, բոլոր համակարգիչները տեղում են։ 

«Կտրել են մուտքի տեղադրված տեսախցիկը: Ենթադրում եմ, որ պատուհանով են ներս մտել և պատշգամբով դուրս եկել: Միայն հաշվապահի սեղանի դարակին չեն մոտեցել: Եթե սա գողություն է, ինչ-որ իր կտանեին: Հաշվապահի դարակում երկու հազար դրամ է եղել, որ տեղում է»,- ասաց նա:

Հատուկ քննչական ծառայությունը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին օրեր առաջ հարցաքննության էր հրավիրել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքների շրջանակներում: Մամուլում գրվեց, որ փորձել են լրագրողից աղբյուր բացահայտել:

«Սա ակնհայտ գողություն չէ, քանի որ առաջին հայացքից որևէ իր տարված չէ, բացված են միայն դարակները: Սա ակնհայտ վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է»,- նշեց Մանուկյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ժողովուրդ»  օրաթերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա խոսքի ազատության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Կասկածներ ունի, որ սա էլ աղբյուր փնտրելուն ուղղված գործողություն է: «Ես կարծում եմ, որ ինֆորմացիա են փնտրել, բայց փնտրելու ճանապարհը այնպիսին է, որ իր մեջ պարունակում է զգուշացում, որ զգուշացեք, ուշադիր եղեք, որովհետև երբ ուզենք, կմտնենք խմբագրություն և ցանկացած ինֆորմացիա կարող ենք վերցնել։ Ես ավելի շատ սա համարում եմ զգուշացում և մարտահրավեր իրավապահ համակարգին, սա լուրջ խնդիր է խոսքի ազատությանը վնասող»,- հայտարարել է պատգամավորը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ