...

Ընտրակեղծարարությունը և Սահմանադրական դատարանը

Ընտրակեղծարարությունը և Սահմանադրական դատարանը

Այս օրերին քաղաքական օրակարգում Սահմանադրական դատարանի և ընտրակեղծիքների թեման է: Կրճատումներով ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական դաշինքի կենտրոնական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի բացատրությունները Սահմանադրական դատարանին, որը տպագրվել է 2012 թվականին «Չորրորդ իշխանություն» թերթում: Փաստերը խոսուն ներկայացնում են օրվա իշխանությունների իրական դեմքը, ինչը հետհեղափոխական Հայաստանում պետք է հետաքրքրի նաև ԱԱԾ-ին:

Բարձր դատարան. 

Ի լրումն մեր կողմից Սահմանադրական Դատարանին ներկայացված դիմումի, հայտնում եմ նաև հետևյալը.

Բարձր Դատարան.

Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները անցան համատարած զանգվածային օրինախախտումներով, որոնք կրել են համակարգային և պետականորեն կազմակերպված բնույթ, ինչը էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա։

1. Ընտրողների ուռճացված ցուցակները, ընտրացուցակների և հայտարարված արդյունքների անհամապատասխանությունը երկրի ժողովրդագրական ցուցանիշներին

Հայաստանում մշտապես առկա բնակչությունը, համաձայն պաշտոնական մարդահամարների, նվազել է 1989 թվականի 3.304.776-ից մինչև 3.002.598` 2001 թվականին, և  մինչև 2.871.509`  2011 թվականին։ Փորձագետների գնահատականներով, սակայն, բնակչության թվի անկումը շատ ավելի մեծ է։ Դրա անուղղակի ապացույցն է ժողովրդագրական այնպիսի ցուցանիշների անկումը ինչպիսին է աշակերտների թվի անկումը 1998 թվականի 680.000-ից  մինչև 330.000  2012 թվականին։  

2008 թվականից մինչև 2012 թվականը ընկած ժամանակաշրջանում պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 150.000 մարդ...Ժողովրդագրական ցուցանիշների անկման նման պարագայում` ընտրողների թվի առումով ունենք մի անհասկանալի դինամիկա. 1991 թվականի հանրաքվեում ընտրողների թիվը եղել է 2.163.967 (համարյա նույն թիվն է 1995 ԱԺ և 1996 նախագահական ընտրություններում), 1998 թվականի նախագահական ընտրություններում այդ թիվը դառնում է 2.300.816, իսկ 2012 թվականի ԱԺ ընտրություններում` 2.501.597։

Ոստիկանության կողմից պատրաստված և հրապարակված 2012 թվականի ընտրողների ցուցակի համակարգչային ծրագրով անուն առ անուն համեմատությունը 2008 թվականի նախագահական ընտրությունների ընտրողների ցուցակի հետ ցույց է տալիս, որ 2012 թվականի ցուցակը պարունակում է 361.817 նոր անուն։ Ծննդյան տարեթվերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից միայն 136.877 ընտրողների հայտնվելը ցուցակում կարող է բացատրվել ընտրական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ տարիքը լրանալով (թեև անգամ այդ թիվը հակասում է զորակոչի թվերին, որոնց, սակայն, ցավոք սրտի, ինչպես նշեցի վերևում, չեմ կարող անդրադառնալ)։ Իսկ դա նշանակում է, որ 2012 թվականի ընտրացուցակում մենք ունենք 224.940  նոր անուն, որոնց մուտքը ցուցակ չի բացատրվում ընտրական իրավունք ձեռք բերելու տարիքային գործոնով։

Իրավիճակը խճճելու և ընտրակեղծարարության համար անհրաժեշտ ուռճացված ընտրացուցակը պահպանելու նպատակով իշխանությունները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը և ընտրական ռեգիստրը մաքրել Հայաստանից մշտապես և առավելապես բացակայող քաղաքացիներից։

Իրականում... միայն պաշտոնական տվյալներով Հայաստանից մշտապես բացակայում է  414.258, իսկ փորձագիտական վերլուծությունների համաձայն, եթե պետությունը բոլոր անհրաժեշտ քայլերը կատարեր ընտրացուցակները օրենքի պահանջներին համաձայնեցնելու նպատակով, նրանում պետք է ընդգրկված լինեին 700.000 ավելի պակաս մարդ։ Այդ դեպքում, ընտրողների թիվը կլիներ 1.800.000, ինչը Հայաստանում առկա ընտրողների իրական այն թիվն է, որը կարող է որոշակի աղերսներ ունենալ 2011 թվականի մարդահամարի հրապարակված թվերի հետ։ 

ԿԸՀ-ի կողմից հրապարակված մասնակցության թիվը` 1.559 հազարը կարող է նման պայմաններում միայն մեկ բան նշանակել. այն է` 2012 թվականի ԱԺ ընտրություններին իրականում մասնակցել է ընտրողների 86 տոկոսը։ Նախագահական համակարգ ունեցող որևէ դեմոկրատական պետության մեջ խորհրդարանական ընտրություններին նման մասնակցությունը ֆանտաստիկայի ոլորտից է (բացառությամբ այն երկրները, որտեղ ընտրություններին մասնակցելը պարտադիր է, օրինակ, Թուրքիայում), և արդեն միայն այս փաստը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել լայնածավալ կեղծարարություն։ 

Անգամ եթե որպես ելակետ ընդունենք ամենալավատեսական (թեև, հաշվի առնելով ընտրությունների նկատմամբ Հայաստանում ձևավորած թերհավատության համատարած մթնոլորտը, միևնույն է անհավատալի) գնահատականը, որ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում հնարավոր էր 60 տոկոս ընտրողների մասնակցություն, մենք լավագույն դեպքում կունենայինք մոտ 1.080.000։ Մասնակիցների հայտարարված 1.559.000 թիվը ցույց է տալիս, որ առնվազն 500.000 ձայն չէր կարող ստացվել օրինական ընտրական գործընթացի արդյունքում և այն լայնածավալ ընտրակեղծարարության հետևանք է։

2. Դրոշմակնքման թանաքի հարցը և բազմակի քվեարկություն

Անդրադառնանք կատարված ընտրակեղծարարության հիմնական երկու միջոցներին։ Առաջինը բազմակի քվեարկությունն է։ Մշակված համակարգի առանցքը կազմում է հանրապետությունից  բացակա քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում բնակվող, բայց ընտրություններին չմասնակցած քաղաքացիների  զգալի մասի ձայների կեղծումը հօգուտ կառավարող ուժի։ Այս պնդումները նաև հաստատվում են 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին վերաբերող ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում նշված փաստերով։ Այդ նպատակով իշխող ուժը ստեղծել է հազարավոր մարդկանց կազմակերպված մի բանակ, որը ընտրության օրը մասնակցում է ընտրակեղծիքների կազմակերպմանը կա՛մ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, կա՛մ կառավարության կողմից վերահսկվող ուժերի վստահված անձինք, կա՛մ որպես հատուկ դերակատարություն ստանձնած ընտրողներ (այսուհետև` կեղծ քվեարկողներ)։ Մասնավորապես, կեղծ քվեարկողները, օգտվելով այն հանգամանքից, որ տեղամասերում իրենց փաստաթղթերը ստուգողները և մատյանում համապատասխան գրառումներ կատարողները, հատուկ գաղտնանշանների կամ գաղտնաբառերի փոխանակման շնորհիվ, թույլ են տալիս նրանց անարգել քվեարկել հանրապետությունից բացակա կամ քվեարկության չմասնակցած քաղաքացիների տեղը, ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ տեղամասերում բազմակի քվեարկություն են կատարել հօգուտ իշխող քաղաքական ուժի։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այս մասին, մատնանշվել են Ջավախքից Հայաստան բերված մարդկանց, զինվորականների բազմակի քվեարկության դեպքեր։ 

...Մենք նախօրոք ունեինք տեղեկություններ այն մասին, որ Հանրապետական կուսակցության համակիրներին հրահանգված էր վաղ առավոտյան գնալ քվեարկության։ և իսկապես, առավոտյան 7.30-ից սկսած բոլոր տեղամասերի շուրջ նկատվել էին աննախադեպ մարդկային կուտակումներ, իսկ հետագայում բոլոր տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ պարզվել է, որ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկները հիմնականում կուտակված են եղել քվեատուփերի ներքևի մասում, որը համապատասխանում է առավոտյան ժամերի քվեարկությանը։ Այսպիսով Հանրապետական կուսակցության համակիրները` հատուկ հրահանգով քվեարկել են հենց այն ժամերին, երբ դեռ գործում էր արագ անհետացող թանաքը, ինչի շնորհիվ նրանք ստացել են  բազմակի քվեարկության հնարավորություն։ Ավելորդ չի լինի հիշատակել այս առումով, որ ժամը 11:00-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, արդեն քվեարկել էր աննախադեպ` 380.000 թվով մարդ։ 

Միայն այն հանգամանքը, որ ընտրությունները անցկացվել են անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական դրույթի ակնհայտ և կոպտագույն խախտումով, որի հետևանքով մի քանի ժամերի ընթացքում չի գործել բազմակի քվեարկության բացառման գլխավոր երաշխիքը` անձնագրերի դրոշմակնքումը, բավարար է` արձանագրելու համար, որ Հայաստանում օրինական ընտրություններ տեղի չեն ունեցել և անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Հանրապետականների հրահանգված և իր ակտիվությամբ նախադեպը չունեցող քվեարկությունը ամրապնդում է այն համոզումը, որ տեղի է ունեցել պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարություն։

3. Ընտրողների քվեարկության պարտադրանք և ընտրակաշառքի զանգվածային բաժանում

Ընտրակեղծիքների մեկ այլ աղբյուրը պետական իշխանության մարմինների կողմից (սոցիալական ապահովության պետական ծառայություն, ոստիկանություն, բանակ, համատիրություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ) տարատեսակ ճնշումների համար խոցելի ընտրողների հաշվառումն է, նրանց վրա այդ ճնշումների կազմակերպումը, ընտրակաշառքների համատարած բաժանման միջոցով նրանց ձայների գնումը, ընտրության օրը նրանց կազմակերպված կերպով, հատուկ տրամադրված հանրային և մասնավոր տրանսպորտի միջոցով դեպի տեղամասեր փոխադրումը և նրանց քվեարկությունը վերահսկելը։ Գյուղական տեղամասերում, ինչպես նաև այն տեղամասերում, ուր թույլ է եղել լրագրողական կամ դիտորդական վերահսկողությունը, քաղաքացիներին պարտադրվել է բաց քվեարկություն։ Դրա մասին նույնպես ասվում է ԵԽԽՎ վերոհիշյալ զեկույցում։

Ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ստեղծել են ժողովրդի ստվար զանգվածներին վերահսկող ամբողջատիրական մի ցանց, որը կառավարվում է այսպես կոչված «պատասխանատուների» կամ «բրիգադիրների» կողմից։ Դրանք, սովորաբար, 20-40-100 ձայնի «տեր» մարդիկ են, որոնք իշխանական կուսակցությունից ստանում են ընտրակաշառքի ֆոնդը, հավաքում են մարդկանց անձնագրերը կամ դրանց պատճենները, դրանք ներկայացնում ՀՀԿ համապատասխան ֆունկցիոներին։ Սրանով բրիգադիրը հավաստիացնում է, որ վերահսկում է իրեն անձնագրեր կամ պատճեններ հանձնած մարդկանց։ Բրիգադիրի պարտականությունների մեջ է մտնում իր կողմից կառավարվող զանգվածին համապատասխան ժամին քվեարկության տանելը, տրանսպորտի կազմակերպումը, ընտրակաշառքի, անձնագրերի բաժանումը և վերջնական պատասխանատվությունը, որ այդ մարդիկ քվեարկեն ինչպես պարտավորվել են...

4. Ապացույցների մասին

Բնական է, որ Դատարանը ցանկանում է ունենալ բերված իրողությունների սպառիչ ապացույցներ։ Մեր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը կներկայացնի մեր հայցի ապացուցողական բազան։ Վերոհիշյալ իրողությունների արձանագրումը հիմնված է նաև «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի տարածքային շտաբների զեկույցների, վստահված անձանց, բազմաթիվ քաղաքացիների վկայությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումների և տեսանյութերի վրա։ Սակայն կա մի հանգամանք, որի վրա ես ցանկանում եմ սևեռել Սահմանադրական Դատարանի ուշադրությունը։ Նկարագրված պատկերը և փաստերը նշանակում են, որ մենք գործ ունենք պետականորեն ծրագրված և իրականացված զանգվածային, համատարած ընտրակեղծարարության հետ, որին մասնակից են ամբողջ գործադիր իշխանությունը և նրա մաս կազմող իրավապահ մարմինները։ Ակնհայտ է, որ ընտրակաշառքների բաժանումը չէր կարող տեղի ունենալ, եթե ոստիկանությունը, դատախազությունը, իրավապահ այլ մարմինները չլինեին այդ հանցագործությունների մասնակիցը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ արձանագրված ընտրակաշառքի դեպքեր ոչ միայն չեն քննվել պատշաճ կերպով, այլև քրեական հետապնդում կամ ահաբեկում է տեղի ունեցել հենց այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ներկայացրել են այդ փաստերը կամ ապացույցները իրավապահ մարմիններին։ Հայաստանում ստեղծված է պետական իշխանության մարմինների կողմից խրախուսվող համատարած ապօրինության մի միջավայր, որում քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում և շատ դեպքերում խուսափում է իր իրավունքների պաշտպանությունից և բողոքներին օրինական ընթացք տալուց, քանի որ դա հղի է իր համար ծանր հետևանքներով։ Դատարանը իրավունք չունի, եթե այն, իհարկե, այդ հանցագործությունները կատարած գործադիր իշխանության պարզ կցորդը չէ, զուտ ֆորմալիստական մոտեցում ցուցադրել շարադրված իրողությունների վերաբերյալ։ Ի վերջո, այդ հանցագործությունները ունեցել են իսկապես զանգվածային բնույթ և տեղի են ունեցել մեր հասարակության աչքի առաջ։

... Հաշվի առնելով, որ խոսք է գնում հարյուր հազարավոր ձայների կեղծման մասին, ինչպես նաև ընտրական գործընթացը արժեզրկող ապացուցված փաստերի մասին, ինչպիսին է, օրինակ, դրոշմակնքման դրույթի համատարած խախտումը, հայցում ենք անվավեր ճանաչել 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները։

«Չորրորդ իշխանություն», 2012թ., մայիսի 31

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ