...

Զբոսաշրջային բում սպասե՞լ

Զբոսաշրջային բում սպասե՞լ

Իրանցիներ են եկել, բայց քիչ

Այս օրերին Երևանի փողոցներում իրանցիների կարելի է տեսնել, մեկ տարվա դադարից հետո հարևան երկրի քաղաքացիները եկել են Հայաստան` Նովրուզը` իրանական Նոր տարին նշելու։ Նրանցից ոմանք ծրագրել են ավելի երկար մնալ՝ Հայաստանի տեսարժան վայրերն այցելել:

Հայաստան ժամանած իրանցիների թիվը, սակայն, նախորդ տարիների համեմատ շատ է նվազել: Հավանաբար, զբոսաշրջության ոլորտում այս փոքրիկ աշխուժությունն է էկոնոմիկայի նախարարին լավատեսական կանխատեսումների առիթ տվել: Թեև 2020-ին մեծ անկում է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, բայց Վահան Քերոբյանի խոսքով, հնարավոր է ընկնել նորմալ տեմպի մեջ։ Նախարարը հայտարարել է, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ:

Զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճը նշանակում է, որ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ երեք անգամ ավել կլինի: Կորոնավիրուսի և Արցախյան պատերազմի հետևանքով 2020-ին մեր երկիր մոտ 375 000 այցելություն է եղել, եթե կանխատեսվող ցուցանիշը նկատի ունենանք, ապա ընթացիկ տարում հնարավոր է 1-2 մլն զբոսաշրջիկ գա Հայաստան:

Զբոսաշրջության ոլորտում հույս կա

Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այս ցուցանիշն իրատեսական է համարում այն դեպքում, եթե այդ ուղղությամբ հստակ միջոցառումներ իրականացվեն: Ոլորտն անկումից դուրս բերելու ամենաառաջնային քայլերը ֆեդերացիան արդեն նախարարությանն է ներկայացրել:

Չնայած փոքրաթիվ այցելություններին, բայց Հայաստանն աշխարհի բազմաթիվ երկրների կողմից դեռևս «կարմիր» ցուցակում է՝ կորոնավիրուսի պատճառով: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ պետությունների հետ դիվանագիտական ուղիներով աշխատանքներ պետք է տարվեն՝ համոզելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով անվտանգության միջոցառումները մեզ մոտ ապահովված են և այցելության համար խորհուրդ չտրվող երկրների ցանկից դուրս գանք:

«Հայաստան մուտքի ռեժիմը բավական դյուրին է: Չնայած դրան՝ այլ խնդիրներ ևս կան: Արդեն շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, որոնք մեզ համար նպատակային շուկաներ են, սկսել են վիրուսի դեմ պատվաստման գործընթաց: Բացի բացասական թեստ ունեցողներից, պետք է հնարավորություն տալ, որ պատվաստված անձինք, ցույց տալով այդ մասին վկայող փաստաթուղթը, ևս կարողանան մուտք գործել Հայաստան: Իսկ այդ երկրներում թեստերը բավական թանկ են, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ մեր երկիր այցելության համար»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց նա:

Զբոսաշրջային հոսքեր ունենալու համար, ըստ փորձագետի, պետք է նաև վիզային ռեժիմի հարցով էլ աշխատանքներ տարվեն:

Երևանում սակավաթիվ զբոսաշրջիկների ներկայությունը Տուրիզմի ֆեդերացիայի նախագահին հույս է տալիս, որ զբոսաշրջության ոլորտը կվերականգնվի: Ռուսաստանի Դաշնությունից ու Իրանից այս պահին զբոսաշրջիկների շարժ կա դեպի մեր երկիր: Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ 2021-ն անցած տարվանից լավն է լինելու։

Լավ ցուցանիշ արձանագրելու համար, նրա դիտարկմամբ, պետք է զբոսաշրջության փլուզվող ոլորտին կյանք տալ. ներդրումային միջավայրը բարելավել, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրեր իրականացնել: Այս ամենն իրագործելու դեպքում ոլորտը կաշխուժանա:

Վտանգավոր հայտարարություն

Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ զբոսաշրջության 319% աճի վերաբերյալ իրականությանը մոտ չի համարում Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան:

Նախարարի պնդումն առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի և նորմալ տեմպի մեջ» հյուրանոցների ասոցիացիայի համար ավելի քան մտահոգիչ է, քանզի, ըստ ասոցիացիայի, գոյություն չունի ապագային վերաբերող քիչ թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն: Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր են համարում, որովհետև այն կարող է թուլացնել պետության և զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:

Զբոսաշրջային գործակալությունները հույսները չեն կտրում

Մինչդեռ զբոսաշրջային ընկերությունները տուրիստական հոսքերի աշխուժացում են ակնկալում, եթե կրկին «լոքդաուններ» չլինեն: Կորոնադադարից հետո ոլորտում որոշակի աշխուժացում է նկատում «Ռիմա Թրավել» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ ակտիվացել է նաև ավիատոմսերի վաճառքը:

«Աշխուժությունն ավելի շատ արտագնա ուղղությամբ է, քան ներգնա: Ներքին տուրերից հիմնականում օգտվում են այն զբոսաշրջիկները, որոնք ունեն սոցիալական փաթեթներ: Իսկ նրանք, ովքեր սոցփաթեթներ չունեն, շատ քիչ են հանգստանալու համար դիմում զբոսաշրջային ընկերություններին: Քաղաքացիներից շատերը ֆինանսական հնարավորություն չունեն հանգստանալու համար: Նորապսակները, բուժման կարիք ունեցողներն են ավելի շատ հանգստի մեկնում»,- ներկայացրեց զբոսաշրջային ընկերության տնօրենը:

Առայժմ դրսից շատ հետաքրքրվողներ չկան, բայց ոլորտի ներկայացուցչի գնահատմամբ, այս խնդիրը հաղթահարելի է: Պետք է երկիրը լավ ներկայացնել՝ ցույց տալ, որ Հայաստանը ոչ թե վատ վիճակում է, այլ հակառակը: Ռիմա Խաչատրյանը նպատակ ունի այս տարի զբոսաշրջիկներ տանելու Արցախ՝ ի լուր աշխարհի ապացուցելու, որ այն չենք կորցրել:

Իսկ անցյալ զբոսաշրջային գործակալությունների գործունեության անկումը կազմել է ավելի քան 85 տոկոս։ Ռիմա Խաչատրյանի կարծիքով՝ քիչ քանակությամբ զբոսաշրջիկներ ընդունելու դեպքում էլ կարող են նախորդ տարվա կրած վնասները վերականգնել, եթե պետությունն իրենց թիկունքին կանգնի: Զբոսաշրջային ընկերության նախագահը կարևորում է հատկապես աշխատակիցների հարկերի վճարման ժամանակավոր դադարեցումը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ