...

2050 թվական, back to the future

2050 թվական, back to the future

Սկզբում դնենք այն, ինչ վերջերում է, և ամեն բան տեղը կընկնի: Կստեղծվի «Հայաստան-2050» կայք, որը կդառնա աշխատանքային հարթակ առաջարկությունների և քննադատությունների համար։

Այդ նպատակով, այս թեմայով ամեն շաբաթ կամ ամիս կկազմակերպվեն քննարկումներ, քանզի և վասնզի ներկայացված տեսլականները քննարկելի են, կարծրացած չեն։ Եվ քանզի և վասնզի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը չպետք է ընկալվի որպես Նիկոլի կառավարության անելիքը կամ գաղափարը, սա պետք է վերածել համազգային շարժման։

Այստեղ ես միջամտեմ ԻՐ մտքի և գիտակցության հոսքին և ասեմ, որ այս վերջին ջինջ գաղափարին` կայքի ստեղծմանը հավատում եմ գրեթե անվերապահորեն, ինչպես և գրեթե վստահ եմ, որ ֆեյսբուքյան ու ինստագրամյան և այլ սոցցանցյան ինչ-ինչ էջեր էլ ստեղծվելու են: 

Ու… կսկսվի համազգային պարապների համազգային «դատարկահաչը», որ շատ չի տևի` մի քանի ամիս առավելագույնը: Մինչև սա էլ մոռանան: Կամ մինչև ԻՆՔԸ թազա բան ասի.  

մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, մինչև 2050-ը ստեղծել 1.5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը աշխատանքով, յոթնապատկել միջին աշխատավարձը, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ և կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի…

Եվ դուք տեսեք, թե այս առաջին մտքերը երբ արտաբերվում են ու դուք ուշադրություն եք դարձնում, թե ում համար, դուք, որքան էլ չկամ լինեք, տեսնում եք` ինչ ճշգրիտ է ընտրում ՆԱ թիրախային այն հադիսատեսին, որտեղ և ում է ներկայացնում տեսլականը.

Այբ` Մատենադարանում, Բեն` կառավարության ներկայացուցիչների, Գիմ` մի խումբ ուսանողների և Դա` աշակերտների:

Ու անմիջապես` 

1.5 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել, կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի:

Միանգամից պարզ է դառնում, որ մի խումբ աշակերտները և նրանց սերունդն են լինելու այն ՄԻԼԻՈՆ Ու ԿԵՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, իսկ ուսանողները հպարտորեն համալրելու են այդ կյանքը մինչև իննսուն տարի տևողության հասցրածների շարքերը:

Եվ ուրեմն`

…Արդեն առաջիկա 30 տարիներին արձանագրվելիք ցուցանիշների, մասնավորապես Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը առնվազն 5 միլիոնի հասցնելու, համախառն ներքին արդյունքը քսանապատկելու և աղքատությունը հաղթահարելու մասին` ՆԱ ընդգծել է, որ մինչև 2050 թվականը պետք է ունենանք ամենամարտունակ բանակը։ Այսինքն՝ մեր մեկ զինվորը պետք է կարողանա դիմակայել պոտենցիալ հակառակորդի 7 կամ 10 զինվորի ու բնականաբար, խոսքը մերկ ձեռքերով դիմակայելու մասին չէ, …ընդ որում, ՈՒՇԱԴԻՐ, կարող է պարզվել, որ այդ զինվորը ոչ թե մարտադաշտում է, այլ օպերատորի սենյակում նստած ինչ-որ գործողություն է անում։ 

Չարակամ ու չուզող մի եղեք և մի ասեք, որ, օրինակ, ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՉՊԱՐԶՎԵԼ, կամ կարող է այլ բան պարզվել, կամ… ասենք… կարող է պարզվել, որ օպերատորի սենյակում էդ զինվորը լրիվ ուրիշ ինչ-որ գործողություն է անում: Ասենք թե` հինգ միլիոնի ցուցանիշն է հաղթահարում ազգիս համար, կամ էլ ասեք, որպես համազգային հետախուզության հզոր մի միավոր, հենց այդ պահին փոխում է աշխարհի աչքում ազգիս իմիջը.

Չէ՞ որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը նաև նախատեսում է, որ մինչև 2050 թվականը պետք է ունենանք աշխարհի ամենաարդյունավետ 10 հետախուզական ծառայություններից մեկը:

Չէ՞ որ եթե չհետախուզես, չես հասկանա երբեք, ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պետք է ուղղենք մեր մասին պատկերացումներն աշխարհին։ Սա շատ կարևոր կետ է, քանի որ դա նշանակում է ունենալ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը կարևոր է աշխարհի հետ հարաբերվելու համար:

Բա: Էդպես: Այնպես որ ձեր չարախնդության կարիքը չկա: Դա հումոր չէ: Դա լուրջ է և ռազմավարություն է: 

Բայց… քանի որ ամենքիս լրջագույն խնդիրն է մանրամասնորեն անձամբ ծանոթանալը ՆՐԱ հայտարարագրած ողջ ռազմավարությանը, մեր այս ծաղկաքաղից անցեք առաջ և ինքներդ սերտեք մեր այս ապագան: Եվ թող մեր ծաղկաքաղը լինի ձեզ ապավեն ու թիկունք:

Հա­կոբ Գ­րի­գոր­յան

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ