...

Ահնիձորը, Նիկոլը, տնօրենի պաշտոնը

Ահնիձորը, Նիկոլը, տնօրենի պաշտոնը

Հայ պաշտոնյաները` հայ ժողովրդից սերած` մի հին հիվանդություն ունեն: Բոլոր պաշտոնյաները չէ, բայց ունեն էդ հիվանդությունը: Ու վարակիչ է նաև: Ահա ուրեմն` հայրենիքը փոքրացնել: Էլ ավելի փոքրացնել հայրենիքը իրենց փոքր մտքի կարճ թռիչքով:

Ահնիձոր գյուղում դա լավ գիտեն: Հատկապես լավ ու հրապարակավ ձևակերպված գիտեն դեռ Հրանտ Մաթևոսյանի երիտասարդ տարիներից` Հրանտ Մաթևոսյանի ձեռամբ ձևակերպված: Այնպես որ, այո նախահեղափոխական է այդ հիվանդությունը և նույնիսկ նախաանկախական: Առնվազն սովետական է: Իսկ գուցե` ցարական: Բայց ցարին հանգիստ թողնենք իր անցյալում: Գանք մեր թավշյա ներկայի ու պատերազմական շփումների օրերը:

Պարզ ու պարզամիտ պատմություն. մեկ տարի է Լոռվա մարզպետն ու ԿԳՄՍ նախարարը իրենց հայրենաշինիչ բազում գործերից բացի` Ահնիձորի խեղճուկրակ դպրոցի տնօրենի հարցով «վիզ են դրել» ու զբաղվում են: Ո~նց են զբաղվում: Քեֆդ բերի: Ու մի տարի է... չունի տնօրեն դպրոցը: Ամենավերջը հրապարակենք` սկիզբը միանգամից թարազի կգա: Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը պարզ տեքստով մարզպետին ու նախարարին (նրան` ի գիտություն) ասում է. «Սույն թվականի հուլիսի 8-ին, ժամը 13։00-ին տեղի էր ունենալու ՀՀ Լոռու մարզի «Ահնիձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում դպրոցի տնօրենի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի 8 անդամներից 7-ը և նիստը համարվում էր իրավազոր, սակայն ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայության հետևանքով արդեն երկրորդ անգամ տնօրենի ընտրությունը չի կայանում (առաջին անգամ իրավազոր չէր խորհրդի ԿԳՄՍ և Լոռու մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամների բացակայության հետևանքով) և ըստ օրենքի՝ դպրոցի տնօրեն պիտի նշանակի ՀՀ փոխվարչապետը: Մենք Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամներս համարում ենք, որ այդ որոշումը կլինի սուբյեկտիվ և չի արտահայտի կառավարման խորհրդի կարծիքը: Խնդրում ենք Ձեզ` նիստը իրավազոր համարելու համար փոխել նախարարության ներկայացուցչին և փոխել տնօրենի ընտրության օրը»: 

Հիմա բացատրենք, թե ով է այդ ԱՆԴԱՄԸ խորհրդի, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ բարձր կոչումն ունի: Այդ ԱՆԴԱՄԸ նույն ինքը Լոռու մարզպետարանի կրթության վարչության մի... պաշտոնյա է, այսինքն` վերադաս (շահերի բախո՞ւմ` ԱՅՈ), որ դիտմամբ, միտումնավոր չի հասնում Ահնիձոր «հեռավոր» գյուղ, որովհետև հատկապես խորհրդի նիստի օրը թարսի պես իրեն Երևան են կանչել:

Դրա փոխարեն, նույն այդ պաշտոնյան կամ նրա գործընկեր-կլոնը` մարզպետին և նախարարին ուղղված գրագետ շարադրանքին պատասխանում է հետևյալ տգետ ձևակերպմամբ.

««...Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգի 18.1 կետի համաձայն Ահնիձորի հիմնական դպրոցի տնօրենի ընտրության խորհրդի նիստերի արձանագրության քաղվածքները և տնօրենի երեք հավակնորդների անձնական գործերի պատճեններն ուղարկվել են փոխվարչապետին՝ հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունն առաջարկելու նպատակով: Ինչ վերաբերում է խորհրդի նիստը իրավազոր համարելուն, ապա լիազոր մարմինը նման իրավասություն չունի»:

ԱՅՍԻՆՔՆ՝ մարդիկ սրանց գրում են` նիստին ներկա էին խորհրդի 8 անդամներից 7-ը, և նիստը համարվում էր իրավազոր: Սրանք պատասխանում են, թե` լիազոր մարմինը նման իրավասություն չունի: Սրանց ասում են` դուք երկրորդ անգամ գիտակցաբար տապալում եք նիստը` ԴԻՏՄԱՄԲ չներկայանալով, սրանք մտնում են ու թաքնվում ԱՎԻՆՅԱՆԻ մեջքի հետևում:

Նիկոլը մնում-մնում` ասում է` համակարգը դիմադրում է: Նիկոլ, այ Նիկոլ, համակարգը չի դիմադրում, է, համակարգը` հանրապետականների էս շանտռպան, ցանցային հակագրոհով է զբաղված նույնիսկ էս կարգի հարցերում ու քո ԱՆԴՐԵՅՆ ու քո ԱՐԱՅԻԿԸ կա՛մ չքմեղանում են, կա՛մ իրոք չեն հասկանում ու աչք են ճպճպացնում: Բայց «անմեղսունակությունը», անհասկացող լինելը մեղքից չի ազատում պետական և հեղափոխական պաշտոնյային:

Երեք դիմում-հայտ է լրացվել դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Երեք այդ հայտից առնվազն մեկը մտքերի և ուղղագրական սխալներով է լրացված, եթե իհարկե Ավինյանն ինքը նկատի այդ սխալները իր «վերևում»: Եվ հենց այդ մեկը քրեական ենթամշակույթի, մահափորձի, դատվածության «բովով» անցած, նախահեղափոխական ընտրություններին ՀՀԿ դիտորդ ու վստահված անձ հանդիսացած մի բոսյակի, մի շանտռպիստի օջախն է ներկայացնում: Եվ դպրոցի խորհուրդը դեմ է այդ թեկնածուին, իսկ էն...ԱՆԴԱՄԸ` երևի թե` կողմ: Ուզում ենք միայն հասկանալ մարզպետ Անդրեյն ու նախարար Արայիկն` ի՞նչ: 

Ծանոթ պատկեր է, չէ՞, Նիկոլ: Դատելով նախկինների հետ լավագույն կապեր ունենալու և նրանց շահերի լավագույն պաշտպանը լինելու` Ավինյանին վերաբերող զրույցներից` չի բացառվում, որ նախալեռնային մի փոքրիկ գյուղում էլ նախկինների ենթակառույցը ուզում է բնա-ձվադրել ու վերահաստատվել` ապագայի լավագույն նկատառումներով: 

Այնպես որ, Նիկոլ, Մաթևոսյանի «Ծառերը»` ծառեր, բայց Մաթևոսյանի Ահնիձորի «հեռավոր» ու մոռացված և միայն փոխվարչապետով «հեռակառավարելի» լինելու էս մանիպուլյացիաները իրականություն են, որ դու մեծագույն հետևողականությամբ ու համառությամբ չես նկատում: 

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ