...

3 միլիոն տնկած ծառից 3 հատ չի մնացել

3 միլիոն տնկած ծառից 3 հատ չի մնացել

Երևանում օրերս անցկացված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության մշակած, իր բնութագրմամբ, հավակնոտ մի ծրագրի մասին, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Վարչապետն ասաց, որ այդ օրը` 10-րդ ամսի 10-րդ օրը, նախատեսում են Հայաստանում տնկել 10 միլիոն ծառ, ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը:

Փաշինյանի այս գաղափարը բավական բուռն քննարկումների տեղիք տվեց: Փորձագիտական մի շրջանակ գտնում է, որ ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքները, մեղմ ասած` իրականության հետ որևէ առնչություն չունի:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է այդքան ծառ տնկել: Բայց հիշեցրեց 2006 թվականի ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կազմակերպած «Միասնության ծառատունկ» միջոցառումը, որի շրջանակներում նախատեսված էր տնկել 3 միլիոն ծառ: Բնապահպանն ասում է՝ այնպես չլինի, որ պատմությունը կրկնվի՝ ծառ տնկվի և մոռացության մատնվի:

«3 միլիոն տնկած ծառից 3 հատ չի մնացել: Խնամք չի եղել, ամբողջը չորացել է: Ծառ տնկելը մի բան է, այն անտառ դարձնելն՝ այլ: Դրա համար պետք է տարանջատել՝ 10 միլիոն ծառ ենք տնկում և ասում, որ ծառատունկ ենք արել, թե ուզում ենք անտառ հիմնել: Ծառը պետք է երեխայի պես խնամել: Խրախուսելի է, որ նման ծրագիր կա, բայց մյուս կողմից ծառ տնկելը պետք է ինքնանպատակ չլինի: Մենակ ծառ տնկելով չէ: Ծառը երեխայի պես է, եթե ունենաս և գցես փողոց, ոչ մի բանի չես հասնի: Եթե  հասունացնես, հասցնես այն աստիճանին, որ ծառն իր գործառույթը կատարի, դա լրիվ ուրիշ բան է»,- նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ անտառ հիմնելը բարդ աշխատանք է. պետք է համալիր մոտեցում ցուցաբերել: Նկատում է՝ միայն հայտարարել, թե ծառ ենք տնկում, դրանով որևէ հարց չի լուծվում: Իսկ առաջին հերթին տնկած անտառը պետք է կառավարել: Ըստ Վարդանյանի, սակայն, մենք կառավարող մարմին չունենք:

«Եթե կառավարող մարմին չունենք, այդ 10 միլիոն ծառը ով է կառավարելու: Անտառային օրենսգրքի փոփոխություն են կատարում, որով Անտառային կոմիտեն կվերացնեն, լինելու է «Հայանտառ», ՊՈԱԿ-ի կարգավիճակով Շրջակա միջավայրի նախարարության կազմում, որն անդեմ մի բան է լինելու: Անտառային կոմիտեն մտցրել են Շրջակա միջավայրի նախարարության  կազմ, որոնք իրար հետ շահերի բախում ունեն, որովհետև նախարարության ենթակայության տակ է գտնվում նաև  փորձաքննական կենտրոնը, որը նախարարի ստորագրությամբ թույլ է տալիս այս կամ այն տնտեսության գործունեությունը, դա լինի հանքարդյունաբերության թե այլ ոլորտում: Եթե կոմիտեն լիներ առանձին կառույց, իրենց կարծիքը կհայտնեին և անտառի շահերը կպաշտպանեին: Շրջակա միջավայրի նախարարությունն իր հարցերը չի կարողանում լուծել, ուր մնաց անտառ կառավարի»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Բնապահպանի խոսքով՝ պարզ չէ նաև, թե ինչ տեսակի ծառեր են  տնկվելու: Նազելի Վարդանյանի դիտարկմամբ՝ եթե պտղատու ծառատեսակներ տնկեն, դա անտառ չի կարող համարվել:

«Այդքան տնկիներ չունենք, այդ հարցն էլ պարզ չէ: Ենթադրվում է, որ կներկրեն: Իսկ ամեն բան չպետք է ներմուծվի, հենց դա է հարցը: Կան գենետիկորեն ձևափոխված տեսակներ, որոնք չի կարել ներմուծել: Կան նաև մեր բնությանը ոչ բնորոշ տեսակներ: Եթե տնկվեն մեր միջավայրին ոչ համապատասխան ծառատեսակներ, ապա աչքը շինելու տեղը հոնքն էլ կքանդենք, մեր անտառները կկորցնենք: Այսօրվանից  արդեն  պետք է խորհրդակցել մասնագետների հետ, ոչ թե միայն ծառ տնկել և քաշվել մի կողմ»,- շեշտեց նա:

Այս ծրագրով իշխանությունը նախատեսում է անտառային տարածքները մինչև 20,1 տոկոս մեծացնել: Բնապահպանը մատնանշում է, որ պետական ֆոնդում այդքան հող չունենք: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրենը մտավախություն ունի, որ սխալ աշխատանքի հետևանքով կարող է ծրագրի համար նախատեսված 424 մլն դրամը փոշիանա, իսկ գաղափարներն էլ չիրականանան:

Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում անտառապատվածությունը 6,8 տոկոս է կազմում: Եթե այն հասցնենք 20,1-ի, նշանակում է, որ 3 անգամ պետք է կրկնապատկվեն անտառապատ տարածքները:

«Անտառ տնկելը, պահելը շատ թանկ հաճույք է: Դա տաժանակիր աշխատանք է, և մեծ գումարներ է պահանջում: Պետք է ճիշտ հողեր ընտրվեն, ճիշտ ծառատեսակներ, երկարատև խնամք լինի: Մեր կլիման այնպիսին չէ, որ ծառ տնկես և այն ինքն իրեն աճի: Պետք է ջրես, բուժես: Պետք է ցանկապատում արվի: Եթե տնկին դրեցիր, անասունը մտավ կերավ, ծառ չի դառնա: Մեր հողերի մեծ մասն անջրդի է. ունենք ոռոգման հետ կապված խնդիրներ: Պետք է տնկած ծառը, անտառը ճիշտ կառավարվի»,- եզրափակեց բնապահպանը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ