...

44-օրյա պատերազմի առաջին կրակոցները հնչել են 2008 թ․ մարտի 1-ին

44-օրյա պատերազմի առաջին կրակոցները հնչել են 2008 թ․ մարտի 1-ին

2008 թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած մարտի 1-ը առավելապես քննարկվում են այն համատեքստում, որ իշխող ռեժիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, խնդիր ուներ իշխանությունը ցանկացած գնով փոխանցել ռեժիմի մեկ այլ ներկայացուցչի, որպեսզի ոչ միայն հետագայում խուսափի որևէ պատասխանատվությունից, այլև ապահովագրի թալանած ահռելի հարստությունն ու ևս տասը տարի փայ ունենա հետագա թալանից։ Մեծ հաշվով՝ այդպես էլ կա․ ռեժիմն ամենակեղտոտ տեխնոլոգիաներով «հաճախորդներին» ներքաշեց խաղի մեջ, խայտառակ ընտրություններով մի կերպ Սերժ Սարգսյանի համար 52-53 տոկոս նկարեց, հետո կրակեց ժողովրդի վրա ու տասը հոգու սպանեց, և ակնհայտ էր, որ եթե կարիք լինի՝ առանց աչք թարթելու հազարավոր մարդկանց է՛լ կգնդակահարի։

Բայց այդ իրադարձությունները նաև արտաքին-քաղաքական լրջագույն հետևանքներ ունեցան։ Ի՞նչ տեղի կունենար, եթե ռեժիմն այդպիսի այլանդակ համառությամբ չկառչեր իշխանությունից, ու նախագահ ընտրվեր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մեծ հավանականությամբ՝ նա կգնար ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորման և կհասներ արժանապատիվ խաղաղության (որովհետև 2008-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային բալանսը դեռևս շատից-քչից պահպանվում էր)։ Իսկ դա նշանակում է, որ ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ հազարավոր զոհերը, ոչ Արցախի հայաթափումը, ոչ էլ թշնամու ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք։ 

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ստացվում է, որ փետրվարի 19-ի խայտառակ «ընտրությունների» ու մարտի 1-ի արդյունքում Ադրբեջանը լրացուցիչ տասը տարի ժամանակ ստացավ նոր պատերազմի պատրաստվելու, Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու և Արցախը հայաթափելու համար։ Այսինքն՝ այդ իրադարձությունների հիմնական արտաքին շահառուն Ադրբեջանն էր, իսկ քոչարյանասերժական ռեժիմը՝ հարակից օժանդակողներով (ընդդիմությունից համարյա 18 տոկոս թռցրած Արթուր Բաղդասարյանով, 6 տոկոս թռցրած Դաշնակցությունով և այլն) կամա թե ակամա օգնեց Ադրբեջանին։ Պատկերավոր ասած՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հայկական դիրքերի զանգվածային հրետակոծությունների «նախապատրաստական կրակոցները» հնչել են 2008 թ․ մարտի լույս 2-ի գիշերը՝ Երևանի կենտրոնում։ 

Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե քոչարյանասերժական ռեժիմի ու հարակից «շահառուների» և Ադրբեջանի միջև ուղղակի գործարք է եղել «մեզ՝ լրացուցիչ տասը տարի երկիրը թալանելու համար, ձեզ՝ լրացուցիչ տասը տարի Ղարաբաղը գրավելուն նախապատրաստվելու համար» բովանդակությամբ։ Բայց փաստացի հենց դա էլ տեղի է ունեցել։ 

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ այդ իրադարձությունների կարևոր մասնակիցներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, որն այդ օրերին հաջողացրել էր ծլկել «երկրի հակառակ կողմը», հետո ինքնակամ վերադարձել էր ու ահագին ժամանակ բանտ նստել, ոչ միայն չբացահայտեց մարտի 1-ը, այլև այդպես էլ չանդրադարձավ այդ իրադարձությունների արտաքին-քաղաքական հետևանքներին։ Որևէ մեկին զարմանալի չի՞ թվում, որ մարդը գիշեր-ցերեկ պատճառաբանություններ է հորինում իր բերած աղետի համար նախկիններին մեղադրելու նպատակով, բայց ամենաակնառու փաստարկը «մոռանում է»։ 

Չնայած՝ ի՞նչ կա զարմանալու։ Եթե մարտի 1-ով Արցախի կորուստն անխուսափելի դարձավ, իսկ Նիկոլ Փաշինյանն Արցախի կորուստը համարում է «դրական իրադարձություն» (որովհետև դրա շնորհիվ Հայաստանը դարձավ «իրապես անկախ»), նշանակում է՝ նրա կարծիքով, մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվողները փաստացի նպաստել են Հայաստանի «իրական անկախությանը», իսկ այդպիսիներին պետք է ոչ թե պատասխանատվության ենթարկել, այլ պարգևատրել։

Այնպես որ՝ չզարմանաք, եթե մոտ ապագայում Նիկոլը Քոչարյանին ու Սերժին պարգևատրի «2008 թ․ փետրվարի 19-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար» մեդալով։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ