...

Խուժանապետության վախճանը

Խուժանապետության վախճանը

«Հեղաշրջման ծրագրի բացահայտումը» հերթական անգամ վերածվեց հումորային մեկնաբանությունների ու ցածրակարգ լեզվակռվի շքահանդեսի, մինչդեռ Հայաստանում «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու» թեման չափազանց լուրջ է, և արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ դրան՝ զերծ մնալով փողոցային բառապաշարի շնորհիվ սոցկայքերում «լայքեր» հավաքելու գայթակղությունից։

Մեծ հաշվով, Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալվել է դեռևս 1998-ին՝ Վազգեն Սարգսյանի «այլ հարց է՝ ես հրաժարական կտա՞մ, թե ոչ, ես հրաժարական չե՛մ տա» խոսքերով և Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին տասը տարիներին մշտապես Հայաստանում բնակվելու վերաբերյալ ԺԷԿ-ի տեղեկանք ներկայացնելով։ Հետագա տարիներին Հայաստանում սահմանադրական կարգը ձևական բնույթ է կրել, Նիկոլ Փաշինյանն էլ 2018-ին ձևականորեն տապալել է այդ ձևական կարգը, ընդ որում՝ բռնությամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով (Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, չի վիճարկել այդ արդյունքները) վարչապետ պիտի դառնար խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածու Սերժ Սարգսյանը (ՀՀ Սահմանադրություն, հոդվ․ 149), բայց Նիկոլ Փաշինյանը 2018-ին, Սերժ Սարգսյանի կողմից ուժի կիրառման ձախողումից հետո, արդեն ինքն է ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, այսինքն՝ բռնությամբ, Սերժ Սարգսյանին ստիպել հրաժարական տալ, հետո էլ բռնությամբ ստիպել է իրեն վարչապետ ընտրել։ Ինչևէ։

Արդյո՞ք դրանից հետո Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնվել է։ Իհարկե ոչ։ Հակառակը՝ է՛լ ավելի ձևական բնույթ է ստացել, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է շատ ավելի բացահայտ մեթոդներով տապալել սահմանադրական կարգը, ընդ որում՝ դարձյալ բռնությամբ կամ դրա կիրառման սպառնալիքով։ 

Օրինակ՝ սահմանադրական կարգի կարևորագույն հիմնասյուներից մեկը օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումն է (հոդվ․ 4)։ Բայց Հայաստանի օրենսդիր մարմինը փաստացի գործադիր իշխանության կցորդն է, ավելին՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկը հենց ինքն է իր խմբակցության պատգամավորներին անվանել «ուսապարկեր»։ Վերջիններս էլ չեն ընդվզել՝ վախենալով, որ «շեֆը» կբարկանա և կդիմի ուժի կիրառման (ինչպես հետագայում եղավ, օրինակ, Հովիկ Աղազարյանի հետ)։ Նույն կերպ էլ դատաիրավական համակարգն է դարձել գործադիր իշխանության կցորդը, որովհետև չհնազանդվող դատավորները կհռչակվեին «պատերի տակ վնգստացողներ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բռնությամբ տապալել է Սահմանադրության 4-րդ հոդվածը։

Տապալել է նաև մեկ այլ կարևորագույն հոդված՝ 14-րդը, ըստ որի զինված ուժերն ապահովում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «հո ամայի-անբնակ սարերի համար պատերազմի մեջ չե՞նք մտնելու», նրա պաշտպանության նախարարն էլ ասել է, որ մեր բանակը ոչ թե տարածքի, այլ բնակչության պաշտպանության համար է։ Սա սահմանադրական կարգի ուղղակի ոտնահարում է, ընդ որում՝ դարձյալ բռնությամբ, որովհետև այդ հրամանները խախտող զինվորականները վստահաբար հալածանքների էին ենթարկվելու։

Անմեղության կանխավարկածի մասին ընդհանրապես չարժե խոսել։ Կառավարության անդամներն ու իշխանական պատգամավորները, հետևելով Նիկոլ Փաշինյանի օրինակին, ամենաայլանդակ լուտանքներով հարձակվել են «հեղաշրջման ծրագրի» մասնակիցների վրա։ Մինչդեռ, ըստ Սահմանադրության 66-րդ հոդվածի, «հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։ Այդպիսի դատավճիռ չկա, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը նաև այդ մասով է տապալել։ Ընդ որում՝ դարձյալ բռնությամբ, որովհետև նրա «ուսապարկերից» շատերին, վստահաբար, «շեֆի» կողմից ուժի կիրառման վախն է ստիպել միանալ այդ լուտանքներին։

Այսպիսով՝ ի՞նչ պատկեր ունենք։ Ինչ-ինչ ուժեր (ենթադրաբար) որոշել են սահմանադրական կարգի խախտմամբ հեռացնել նրանց, ովքեր (ոչ թե ենթադրաբար, այլ «նաղդ») եկած օրվանից ամեն քայլափոխի տապալել ու հիմա էլ շարունակում են քարուքանդ անել սահմանադրական կարգը։

Հարց է ծագում՝ ախր դուք ի՞նչ գործ ունեք պետության ու պետականության հետ, կլինի՞ պետությունը հանգիստ թողնեք, գնաք «ՏԷՑ-ի կռուգում» ձեր հարցերը լուծեք։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ