Մեր ունեցած սաստիկ հավաստի տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը «խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար լրացուցիչ նախապայմաններ է առաջ քաշել և դրանք գրավոր ուղարկել Հայաստան։ Մասնավորապես, առաջարկվել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փոխարեն ճանաչել հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին՝ ապա ընդամենը արձանագրել, որ երկու երկրների տարածքների գումարային մակերեսը 116,4 հազար քկմ է։
Առաջարկվել է նաև համաձայնագրում ներառել հետևյալ կետերը․
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Սույն իրողությունը փոխելու ցանկացած փորձ՝ ընտրությունների միջոցով կամ այլ մեթոդներով, ադրբեջանական կողմին լեգիտիմ իրավունք է տալիս չեղարկել խաղաղության համաձայնագիրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
2․ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կողմերի միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, և կողմերը պարտավորվում են միմյանց մայրաքաղաքներում տրամադրել համապատասխան շենքեր՝ դիվանագիտական ներկայացուցչությունների համար։ Հաշվի առնելով արդեն իսկ փաստացի առկա իրողությունները՝ հայկական կողմին առաջարկվում է որպես Ադրբեջանի դեսպանատուն տրամադրել ՀՀ Կառավարության շենքը (հասցե՝ Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1)։
3․ Ճանապարհների և հաղորդակցության այլ ուղիների վերաբացումից հետո ՀՀ տարածքում դրանց մերձակա ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև ադրբեջանական տրանսպորտային միջոցների և վարորդների՝ տեխնիկական կամ այլ բնույթի սպասարկումն ապահովում է հայկական կողմը՝ մատչելի գներով և պարզեցված ընթացակարգերով։
4․ Սևանա լճի (այսուհետ՝ Գյոկչա) ափամերձ հատվածների թեյարաններում ԱՀ քաղաքացիները սպասարկվում են 70 տոկոս զեղչով։
5․ ՀՀ Զինված ուժերի ելակի մատակարարման մրցույթներին մասնակցում են նաև ադրբեջանական ընկերությունները՝ արտոնյալ պայմաններով։
6․ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների շրջանառության հարկը հաշվարկվում է ադրբեջանական մանաթով և ԱՀ բյուջե է վճարվում ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
7․ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ իրականացրած ՀՀ քաղաքացիներն ԱՀ իրավապահ մարմիններին են հանձնվում յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը՝ ըստ նախապես ներկայացված ցուցակների։ Առանձին դեպքերում ԱՀ իշխանությունները կարող են արտահանձնման փոխարեն պահանջել նրանց նկատմամբ կիրառել այլընտրանքային պատժամիջոց՝ հարկադիր մասնակցություն «Կրթվելը նորաձև է» միջոցառումներին։
Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը սկզբունքորեն համաձայնվել է քննարկել այս լրացուցիչ կետերը խաղաղության համաձայնագրում ներառելու հարցը, բայց որոշակի վերապահումներ է ներկայացրել 6-րդ կետի վերաբերյալ։ Բանակցությունները շարունակվում են։