...

Ալցհեյմերի հիվանդությունը համակել է հանրապետականներին

Ալցհեյմերի հիվանդությունը համակել է հանրապետականներին

«Տեսեք, թե ինչպիսի տնտեսական աճ է նախատեսվում եկող տարվա համար՝  ընդամենը 4.9 տոկոս, որպեսզի հասկանալի լինի՝ այն շա՞տ է, թե՞ քիչ, մենք պետք է ունենանք հետևյալ ուղենիշը՝ մեր երկիրը միջազգային բոլոր տնտեսագիտական կառույցների կողմից ֆիքսված մի ցուցանիշ ունի, որը կոչվում է բնական աճի ցուցանիշ: Դա այն ցուցանիշն է, որը, եթե իշխանությունները շատ կոպիտ սխալներ թույլ չեն տալիս տնտեսության բանգավառում, կամ իրենց շատ չեն կոտորում էական բարեփոխումների համար, ապա այդ ցուցանիշը 4.5 տոկոս է»:

Այս մասին գրում է 168 ժամը՝ մեջբերելով ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի խոսքերը:

«ՉԻ». Ի վերջո, գտնվեց մեկ ազնիվ հանրապետական: Մարդը պարզ ասում է, որ իրենք թույլ են տվել կոպիտ սխալներ: Այլապես ինչպես հասկանալ, որ 2013-ից մինչև 2017թ-ը Հայաստանի աճը եղել է 3 տոկոսի սահմաններում, իսկ 2016-ին ընդհանրապես աճ չի եղել: Երևի այդ տարի չեն սահմանափակվել կոպիտ սխալներով, այլ մի փոքր էլ հանցագործությունների մասով են բզբզացել:

Հեղափոխությունից հետո պարզվեց, որ նախկին բոլոր իշխանավորներն ունեն տարբեր հիվանդություններ, բայց նրանք ունեն նաև մեկ ընդհանուր հիվանդություն՝ հիշողության կորուստ: Մինասյանը մոռացել է, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանն էր 2013 թվականին պահանջում, որ կառավարությունը տարեկան ունենա 7 տոկոս աճ, այլապես թող հրաժարական տա: Բայց դրանից հետո, 4 տարի հանրապետականների ոչ մի կառավարություն չկարողացավ անգամ մոտ գալ այդ թվին:

2018 թվականին, քաղաքական մեծ թոհուբոհների ժամանակաշրջանում տնտեսական աճը կազմել է 5.8 տոկոս: Այս տարվա կանխատեսումը մոտ է 7 տոկոսին: Բայց հանրապետականները դժգոհ են: Ում է պետք այդ տնտեսական աճը, եթե իրենց օգուտը լինելու է ճիշտ նույնքան, որքան մյուս շարքային հայաստանցիներինը: Տնտեսական աճը, ՀՆԱ-ի մեծացումը միայն մեկ դեպքում է արդարացված և ունի իմաստ, եթե ուղիղ գնում է ՀՀԿ խորհրդի անդամների դրամապանակներ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ