...

Սոցիոլոգիական հարցման իրական դեմքը

Սոցիոլոգիական հարցման իրական դեմքը

ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանի՝ ընդդիմության՝ փողոցում շուրջ երկամսյա պայքարի արդյունքներով վերլուծությունները երկու բան են արձանագրել՝ ունենք քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ, պետական գիտակցության ցածր մակարդակ և վախ: «Բայց այդ վախը երկար կյանք չի կարող ունենալ. այն ավարտվում է կամ ձեր, կամ ձեր զավակների կամ՝ ձեր և ձեր զավակների մահով»,- News.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀԿ-ական գործիչը: Վերջինիս դիտարկումները հիմնված են վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցումների վրա, ըստ որոնց՝ հանրության մեծամասնությունը համաձայն չէ գործող իշխանության վարած քաղաքականությանը, չի վստահում նրանց անվտանգության հարցերում, բայց և փողոց՝ պայքարելու դուրս չի գալիս:

Քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակը մի օրում չի ձևավորվում։ Տասնամյակներ շարունակ ՀՀԿ-ին շատ մոտ կանգնած Միքայել Մինասյանն այդ գիտակցությունն իր իշխանության գործիք հանդիսացող մեդիահոլդինգներով այնպես է քնեցրել, որ այն արթնացնելու համար մի քանի սերունդ է պետք։ Երկրորդ՝ պետական գիտակցության մակարդակը վերջին տասնամյակներում համեմատելի է եղել մականունավոր օլիգարխիայի IQ-ի հետ։ Իսկ այստեղ պատկերը, մեղմ ասած, օրհասական է եղել։ Ինչ վերաբերում է վախին․ երբ ընտրություններ էին կեղծում նույն ՀՀԿ-ի գահակալության շրջանում՝ այդ ժամանակ մարդկանց վախը չափելի էր բաժանված ընտրակաշառքի «կուրսով», բայց անհանգստացողներ ՀՀԿ-ում չկային։ Իրականում սոցիոլոգիական հարցումները մեկ այլ բան էլ են ուրվագծում․ այսօր փողոցում կանգնած ընդդիմությանը հայ հասարակությունը չի վստահում։ Առանձնապես տարբերություն էլ չի գտնում ընդդիմության և իշխանության միջև։ Դրանք նույնական են հանրային գիտակցության մակարդակում։ Դրա համար էլ փողոց դուրս չի գալիս։  

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ