...

Ալեն Սիմոնյանի երազը

Ալեն Սիմոնյանի երազը

Տունը որոշել է ռեմոնտ անել: Վարպետների բրիգադ է կանչել: Բրիգադիրը՝ Հովիկ Աղազարյանը, նայում է տան վիճակը, սենյակները, հարցնում. «Էս մի 120 տարվա տուն ա՞»: 

«Չգիտեմ, 2,5 տարի առաջ եմ առել, մեջը վաբշե գործ չեն արել: Ումից առել եմ, 30 տարի ստեղ ապրել են, մենակ տենց թեթև, կոսմետիկ մի երկու բան են արել: Զրոյական կետից պիտի սկսենք»,- պատասխանում է ինքը: 

Բրիգադիրը գլուխը տմբտմբացնելով, գրպանից հանում է GPS-ը ու սկսում է չափումներ անել. «Լավ չի, էս մի սենյակը հարևանի տարածքից մեջ ա ընկնում»:

«Հա դե ոչինչ, էղածը մի բան չի, հլը 3 սենյակ մնում ա»,- արձագանքում է ինքը: 

Բրիգադիրը մտնում է պատշգամբ, հայացք գցում ու ասում. «Շուշիբանդը պիտի լրիվ փոխվի»: «Շուշաբանդը»,- ուղղում է ինքը: «Չէ, իմեննը շուշիբանդը: Շուշաբանդը թուրքերեն ա»,- պատասխանում է Հովիկը: «Ոնց ասես, կարևորը, շուշիբանդը մերն է լինելու»,- խրոխտ բացականչում է ինքը ու հարցնում. «Բա ինչքա՞ն կնստի ռեմոնտը»:

Հովիկը մտքի մեջ հաշվում է ու ասում. «Քառակուսի մետրը 131 դոլար՝ պլյուս ամեն ամիս պարգևավճար»: «Հա, լավ ա, կակ ռազ երեկ մեզ փող են փոխանցել»,- համաձայնում է ինքը:

Մինչև գործը սկսելը նստում են, որ մի կտոր հաց ուտեն: «Էն տելեվիզորը միացրա, հեսա Շուշին Պետրոսյանն է ելույթ ունենալու»,- ասում է Հովիկը:

Ինքը միացնում է հեռուստացույցը: «Երկիր Մեդիան» է, էկրանի ձախ անկյունում նշված է՝ 17-: Իսկապես, Շուշան Պետրոսյանն է ելույթ ունենում Կառավարության շենքի առջև. «Այ հողատու, իջի ներքև: Քեզ եմ ասում, այ քայլող խավիծ»,- գոռգոռում է Շուշանը:

Ինքը փրփրած փոխում է ալիքը, 5-րդ ալիքն է, էկրանի աջ անկյունում նշված է՝ 6+, ուղիղ ռեպորտաժով հեռարձակվում է Ռոբերտ Քոչարյանի ազգափրկիչ այցը «Два в одном» ռեստորան, որտեղ Կրեմլին մոտ կանգնած անանուն աղբյուրների հետ քննարկում է «Իշխանություն՝ գույքի դիմաց» բանաձևը: «Այ, դրա համար էլ Հովակիմյան Վահագը ճիշտ ա անում էլի, որ էդ անանուն աղբյուրների մասին օրենքն է մտցնում: Էս մեդիայի պորտը պետք է տեղը դնել»,- զայրացած ասում է ինքն ու փոխում ալիքը: 

Հ1-ն է, էկրանին գրված է՝ 1+1+1: Նիկոլ Փաշինյանն է խորհրդարանում: «... Ու էն, որ Կանզասի համալսարանի պրոֆեսորի ասիստենտը լայքել է իմ ստատուսը, դա խոսում է Հայաստանի աճող հեղինակության մասին, իսկ դուք եկել, ստեղ ասում եք, թե ադրբեջանցիները Գորիսում ֆուտբո՞լ են խաղում: Այդտեղ ի՞նչն ա վտանգավոր, 3:2 կրվել են: Նման բան վերջին 3000 տարվա ընթացքում ե՞րբ է եղել»:

Ու հանկարծ այդ պահին խորհրդարան են ներխուժում մի խումբ ռոմանտիկներ՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վերջինս վազելով մոտենում է Նիկոլ Փաշինյանին, վերարկուի կոճակը բացում է, ջեբից հանում է ծրագիրը ու գոռում. «Դուք ծծել եք ընդդիմության արյունը»։ Հայկ Սարգսյանը՝ շիշը բռնած, հարձակվում է նրա վրա, քաշքշոց, հրմշտոց է սկսվում, եթերն անջատվում է, էկրանին հայտնվում է Արմեն Սարգսյանն ու հայտարարում. «Ժողովուրդ ջան, խնդրում եմ, առանց խուճապի, ես ուշադիր հետևում եմ գործընթացներին», էկրանից դուրս է գալիս ու ասում. «Բարև, այ...»:

Արթնանում է աչքի տակ կապտուկով: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ