...

ԱՄՆ պետդեպարտամենտը «զարթնում է» երեք տարի անց

ԱՄՆ պետդեպարտամենտը «զարթնում է» երեք տարի անց

Հայաստանում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ դերակատարությանն է վերաբերում ՌԵՏՐՈ բաժնում ներկայացվող 20-ամյա վաղեմության հրապարակումը։

Իսկ մենք ուրախանում ենք. վերջապե՜ս, այն, ինչ երեք տարի շարունակ կրկնում էր հայաստանյան ընդդիմությունը, հաստատվում է օվկիանոսից անդին: Օվկիանոսը՝ օվկիանոս, բայց «ծովից ծով Հայաստան» ուզող կուսակցությունն էլ՝ հեղափոխական ու անզիջում: Պատասխան կտա: Պատասխան կտա մյուս արտերկրյա զեկույցների հրապարակումից հետո: Ինչի՞ն: Պարզ է, իշխանությանը սատարող ՀՅԴ-ն սպասում է, որ դրանք էլ են աննպաստ լինելու պաշտպանյալի՝ Ռ. Քոչարյանի համար՝ չնայած վերջինիս ճաճանչափայլ շքանշանին: Ընդ որում, կիսատ պատասխաններում հնչում է մի թափանցիկ ակնարկ, թե այս ամենն արվում է բանակցային գործընթացում ՀՀ դիրքերը թուլացնելու համար: Նույն հարթության վրա են դրվում, անշուշտ, տեղական պոպուլիստ ընդդիմախոսների «կոչերը» Ռ. Քոչարյանի լեգիտիմ չլինելու մասին:

Շուտով կկրկնեն մի ասացվածք՝ «Ճանապարհի կեսից ետ չեն դառնում»: Սրտաճմլիկ պատմություն է: Եվ, անկեղծ ասած, երկուստեք՝ տհաճ: Երկուստեք, որովհետև առաջին դեպքում ՀՀ կառավարիչներն իրենց անդրօվկիանոսյան տերերից «դեղին քարտ» են ստացել, այսինքն՝ նախազգուշացում: Հետաքրքիր է նաև տվյալ զեկույց-քարտի հրապարակման պահը. այն հարմարեցվեց Ալիև-Քոչարյան-Շիրակ փարիզյան հանդիպմանը, որից, ինչպես տեսանք, Ադրբեջանի նախագահը դժգոհ էր, իսկ ԼՂՀ նախկինը՝ գոհ: (Սակայն ց'այսօր պարզ չէ, թե ինչի՞ց էր նա հատկապես գոհ, և ինչո՞վ էր բանակցություններից ազատ մեկ ամբողջ օր զբաղված): Նկատի ունենանք, որ ֆրանսիական ճամփորդությունից զվարթադեմ վերադարձած Քոչարյանին է ուղղվել սլաքն (առայժմ) և ոչ՝ պատերազմի հեռանկարն ուրվագծող Ալիևին:

Երկրորդ դեպքում հիմարագույն վիճակում է հայտնվում մեր ընդդիմությունը: Նրան էլ ասես «հասկացնում են», թե՝ «տեղդ նստիր, խաչը մերն է, զորությունը մենք գիտենք»: Մեկնաբանենք. դուք, հայե՛ր, ձեր երկրի տերը չեք, խնդրո առարկա տարածքը ԱՄՆ ստրատեգիական հետաքրքրությունների ոլորտում է: Դուք դատապարտված եք ցմահ: Դատապարտված եք և չեք կարող Հայաստանի ճակատագիրն ինքնուրույն տնօրինել: Չեք կարող որոշել՝ լեգիտի՞մ է ՀՀ նախագահը, թե՞ ոչ: Նա պետք է լեգիտիմ լինի ԱՄՆ-ի համար: Այդ պարագայում կմնա ու կկառավարի այնպես, ինչպես պետք է ԱՄՆ-ին: Կմնա ու կստորագրի այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է արևմտյան բիզնեսին: Դուք, հայե՛ր, անկարող եք այժմ: Եվ այնուամենայնիվ, ինչու՞ էր լռում անդրօվկիանոսյան պետդեպարտամենտը երեք տարի:

Եթե այս ժամանակահատվածը բաժանենք երկու մասի, ապա կտեսնենք, որ 1998-ի մարտից մինչև 1999-ի հոկտեմբեր Հայաստանում կային գործիչներ, որոնց լեգիտիմությունն ակնհայտ էր մեզ՝ հայերիս համար: Մեկը Ռ. Քոչարյանին նախագահ դարձրած Վ. Սարգսյանն էր, մյուսը ընտրված, բայց նախագահ չդարձած Կ. Դեմիրճյանը: Երկուսն էլ ի զորու էին այս երկրում ինքնուրույն և պետության շահից ելնող քաղաքականություն վարելու: Երկուսին էլ դժվար էր խամաճիկի դերում պատկերացնելը: Երկուսն էլ անվերապահ հեղինակություն էին. առաջինը՝ բանակում, երկրորդը՝ ժողովրդի շրջանում: Կարծում եմ, Վ. Սարգսյանի զորեղ թիկունքում կանխավ թաքնված Քոչարյանի համար անսպասելի և չափազանց անբարենպաստ էր նրա և Դեմիրճյանի դաշինքը: Սույն դաշինքը առանձնապես բարենպաստ չէր նաև Հայաստանից դուրս գործող ուժերի համար, քանզի Արևելք թե Արևմուտք ստիպված էին լինելու հաշվի նստել նաև մեզ հետ: Քանզի Հայաստանը 1998թ. խժդժություններից հետո դարձյալ փորձում էր ուղղել մեջքը և տարածաշրջանային լուրջ գործոն դառնալ՝ հավաստի իրավունքով: Ուրեմն՝ Քոչարյանի լեգիտիմության հարցը 98թ. մարտից մինչև 99թ. մայիսը դրսի աշխարհին չէր հուզում: Թվում էր՝ նա պաշտպանված է բանակի կողմից, բայց նաև խելոք է և ինքնագլխություն չի անի: 99-ի մայիսից Հայաստանի տարածքով հետաքրքրված «դուրսը» ակտիվացավ և փորձեց բանակցել իրական իշխանության հետ (ի դժբախտություն մեզ՝ չափազանց անձնավորված): Հիշենք վարչապետ Վ. Սարգսյանի այցը ԱՄՆ, Դեմիրճյանի այցը՝ Մոսկվա: Բարձր մակարդակով այս բանակցություններին, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսական և ռազմավարական ծրագրերին, հաջորդեց հոկտեմբերի 27-ը: Եվ վերջ: Ավարտվեց լեգիտիմ իշխանություն ունենալու մի քանի ամիսը: Իսկ Քոչարյանի լեգիտիմությունը դարձյալ կասկած չէր հարուցում, որովհետև նա որևէ կերպ Արևմուտքին չէր խանգարում, որևէ ինքնուրույն քայլ անել չէր կարող, որովհետև ՀՀ բնակչությունը նրան սատար չէր կանգնելու, որովհետև Հայաստան-պետության շահը նրանից միշտ էլ շատ հեռու է եղել: Իսկ հիմա անձնական-կլանային շահերը ստիպում են երկարաձգել ղարաբաղյան հարցի լուծումը...

Կարծում ենք՝ անհրաժեշտություն չկա պատմության ընձեռած բազմաթիվ փաստերով ապացուցել, որ գերտերությունների քաղաքականությունը բխում է միայն իրենց շահերից: Ծիծաղելի կլիներ, եթե այլ կերպ լիներ: Ինչպես նաև կարիք չկա աշխարհի արդի պատկերին մանրազնին անդրադառնալու, որ երևա ուրիշի երկրում դեմոկրատիան և մարդու իրավունքները պաշտպանելու ամերիկյան առասպելի ողջ փարիսեցիությունը:

Իսկ մեզ դարձյալ ցույց են տվել մեր տեղը: Եվ բնական է: Որովհետև մենք հանգիստ հանձնել ենք մեր երկիրը հայկական ազգանուններ կրող վարկատուների ասպատակությանը: Հանգիստ ընդունել ենք մեր՝ ստրուկի կարգավիճակն ու սպասում ենք, թե ի՞նչ կանեն Ռուսաստանն ու Ամերիկան, մեկ-մեկ էլ՝ Ֆրանսիան ու Պարսկաստանը: Ու դարձյալ Հայաստանում ձևավորվել են երկու բևեռ՝ ռուսամետ ու արևմտամետ: Վաղ անցյալում Բյուզանդիան ու Պարսկաստանը բաժանեցին Հայաստանն ու... բյուզանդական մասում այն վերացավ: Հետո՝ Թուրքիան ու Պարսկաստանը: Հետո Ռուսաստանը գրավեց Պարսկահայաստանը: Հետո կորցրինք Տաճկահայաստանը: Հիմա ի՞նչն ենք կորցնելու, ո՞ր Հայաստանը: Եվ կա՞ այդ երկիրն այսօր...

Ուրեմն մեզ ցույց տվեցին մեր տեղը՝ հաստատ համոզված լինելով, որ «X» խամաճիկի փոխարեն հենց իրենք էլ բերելու են իշխանության «Y» խամաճիկին, իսկ մենք լռելու ենք: Նույնիսկ՝ ուրախ ենք լինելու, որ ինչ-որ մեկը լուծել է մեր հարցերը: Ինչպե՞ս է լուծել, արդեն երկրորդական է, չե՞նք լինելու՝ ի՞նչ արած: Համենայն դեպս, մեզ նեղություն չենք տա: Մեզ նեղություն չենք տա տեր լինելու մեր երկրին ու ինքներս մեզ:

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 167, 16 մարտի 2001 թ. 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3095 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ