...

Անակնկալներին սպասելիս

Անակնկալներին սպասելիս

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավայրից փաստաբանների միջոցով հրապարակային երախտագիտություն է հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: «Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»»,- նշված է Տոնոյանի փաստաբանների հայտարարության մեջ: Բացի այս, փաստաբանները նշել են, թե մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել:

Դավիթ Տոնոյանի համար անձնական երաշխավորությամբ հանդես եկողները թերևս երեքը չէին լինի, և նրան սատարող շարքային քաղաքացիներ կլինեին, եթե Դավիթ Տոնոյանը պատերազմի 44 օրերին իրապես հանդես գար՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար։ Մինչդեռ Տոնոյանը կորել էր այդ օրերին, իսկ նոյեմբերի 9-ից հետո, երբ հասարակությունը սպասում էր բարձրաստիճան պաշտոնյայի խոսքին, նա չկար։ Անհետացել էր։ Հետո հայտնվեց, որ զարմիկների և իր զավակի հարսանիքին մասնակցի։ Դեկտեմբերից հետո մամուլը սկսեց գրեթե ամեն օր գրել, որ Տոնոյանը զենքի բիզնեսով է զբաղվել պատերազմին նախորդող և բուն շրջանում։ Չարձագանքեց։ Վստահ էր, որ Փաշինյանն այդքան հեռուն չի գնա, և ինքը կկարողանա հանգիստ ապրել ստվերում։ Վատ էր հաշվարկել։ Մեկ ամիս առաջ Տոնոյանը հայտարարեց, թե անակնկալներ են սպասվում, որ ինքը չի պատրաստվում դառնալ քավության նոխազ ու դատապարտվել իր չարած արարքների համար։ Արձանագրենք՝ մինչ այս պահը չկան խոստացած անակնկալները, փոխարենը փաստաբանական խմբի քաղաքական հայտարարություններն են, որոնք որոշակի ժամանակով լցնում են լրահոսը և անհետանում լրահոսից՝ առանց հանրային քննարկում հարուցելու, առանց հետաքրքրություն առաջացնելու և բանավեճային օրակարգ ձևակերպելու։ Մինչդեռ այս դատավարությունը պետք է դառնար հետպատերազմական Հայաստանի ամենակարևոր գործընթացը։ Իշխանությունն ինքը պետք է շահագրգռված լիներ, որ այս դատավարությամբ պարզվեր ողջ ճշմարտությունը։ Բայց բոլորի համար կարծես թե մեկ է՝ ժամկետա՞նց են եղել հրթիռները, թե՞ ոչ։ Դրանց ձեռքբերման գործընթացում կոռուպցիա, հովանավորչություն, պաշտոնական դիրքի չարաշահում եղե՞լ է, թե՞ ոչ։ Ի վերջո՝ չկրակած ու չաշխատող հրթիռները կյանքեր են արժեցել։ Եվ այս պատմության մեջ սա է գլխավորն ու էականը։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1397 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ