Ժամանակից դուրս։ Երեկ ասված, այսօր ու վաղն առավել քան ակտուալ՝ քաղաքական, հոգևոր, արժեքային բոլոր չափումների ենթատեքստում, ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ Հրանտ Մաթևոսյանից։
• Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է: Եվ տղամարդկություն ունենանք ասելու՝ թուրքի բացարձակած լոզունգի տակ, որ Հայաստանի գոյությունը Կովկասում, առհասարակ, կասկածի տակ է: Իսկ թե ամբողջ աշխարհի, սփյուռքի, աշխարհում փռված հայության համար դա ինչ նշանակություն ունի, կարիք չկա ոչ մեկին բացատրելու: Հայաստանը լինի՝ հայությունն աշխարհում լինելու է, Հայաստանը չլինի, հայ չի լինի:
• Ղարաբաղն իմ պրոբլեմն է, Ղարաբաղն իմ հողն է, Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե նույնիսկ թուրքի ետևում ով ասես կանգնած լինի, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այսպես, մնացածը ինձ համար բացարձակապես անընդունելի տարբերակներ են: («... Որ էս երկիրը երկիր դառնա», 1992):
• Գիտես, ճշմարտությունը փիլիսոփային և մարտիկին, վերջին հաշվով, բերում է հասարակ թվացող մի մտքի, այն ճշմարտության, որ հայրենիքը չի կարելի տալ: Պիտի բոլորս մեկ լինենք, և այստեղ այլևս փիլիսոփայություն կամ այլ վարժանքներ պետք չեն:
• Հին ժամանակներում, երբ գայլը հարձակվում էր հոտի վրա, նրան էին նետում ամենաքոսոտ այծին: Երբեմն հեշտ ձեռքբերումով չբավարարվող գազանը պայքարի մեջ էր մտնում հովվի հետ ու նույնիսկ կարող էր նրան կծոտել: Գտնում էին, որ դա կատաղած գայլի կծոց է, ուրեմն մահն անխուսափելի է: Եթե քառասուներորդ գիշերը մարդը չէր մեռնում, ուրեմն ճգնաժամն անցած էր և նրան երկար կյանք էր սպասվում: Իսկ քառասուներորդ գիշերը ամբողջ գյուղը հավաքվում էր հովվի օջախի շուրջ: Մարդիկ ամբողջ գիշեր կերուխում էին անում, նվագում էին զուռնան ու դուդուկը, երգում էին, պարում էին, հետաքրքիր պատմություններ էին պատմում, ուտում, խմում էին... Ամբողջ գիշեր չէին թողնում, որ հովիվը քնի, որովհետև վախենում էին, որ էլ չի արթնանա: Առավոտյան ողջ-առողջ էր լինում, հագուկապում էին, մախաղը լցնում էին ուտելիքով ու գինով, շանը տալիս էին օգնական և ճանապարհում էին իրեն սպասող hոտի մոտ: Մեր ժողովուրդն այսօր, ինչպես այն հովիվը քառասուներորդ գիշերը, սպասում է լուսաբացին: Իսկ ես և դու, ինչպես հովիվի հյուրերը, խոսում ենք տարբեր թեմաներով, հույս ունենալով, որ լուսաբացը, միևնույն է, գալու է: («Լույսը բացվելու է», 1990):
• Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում:
• Պատվախնդրություն չունեցանք: Հայրենիքի պատվախնդրություն: Վախենամ, որ Հայաստանի ադրբեջանցիները ավելի պատվախնդիր լինեին էս երկրի համար, քան մենք: («Հաղթանակը մեր անցյալի, ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է», 1994):
• Կուզենայի մեծահարուստ հրեա լինել՝ ահա այդպես, տոննայով ոսկի հրապարակ նետեի, և կերատաշտի շուրջը խաղաղվեին, հանգստանային և իրենց աշխատանքին դառնային:
• Վատը հաղթեց: Վատը հաղթեց: Լավը նշանակություն չունեցավ, որ պարտված չմտնեինք նոր դարաշրջան: Վատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ: Բարոյականությունից զատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ, մտքով, առևտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արևմուտքի կովին, խոզդ՝ պարտված արևմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արևմուտքի միավորին… Եվ ահա թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ հավասարվենք, էս պարտված վիճակից դուրս գանք, միանանք աշխարհի ժողովուրդների շքեղ շքերթին՝ Աստված գիտի թե երբ: Իսկ առայժմ ստրուկն է մեջներս՝ օգնության հույսով. մտքի օգնության հույսով, արևմուտքին ենք նայում…(«Հույս ունեմ, որ ժողովուրդը երկիրը ամայի չի թողնի», 2000):
Հ․Գ․ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակն է։ Արժևորվա՞ծ է՝ անշուշտ։ Վերաարժևորվելո՞ւ ու վերաուսումնասիրվելո՞ւ է՝ անշուշտ։ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵԼՈւ Է։
Հ․Գ․ 1 Ինքնանկարս Հրանտ Մաթևոսյանի բնակարանի աշխատասենյակում եմ արել, 2024 թ․ ամռանը։ Կինը՝ սիրելի Վերժիկը, ասաց՝ ուզո՞ւմ ես դուռը բացեմ Հրանտի սենյակի, ներս մտիր՝ նայիր։