...

Անիշխանության չորս տարիները

Անիշխանության չորս տարիները

ԲՈՐԵՆԻ

Այն, ինչ տեղի ունեցավ չորս տարի առաջ՝ 1998թ. փետրվարի 3-ին, իրականում ոչ իշխանափոխություն էր (ինչպես սիրում են ասել ներկաները), ոչ հեղաշրջում (ինչպես պնդում են նախկինները): Այդ օրը Հայաստանում քաղաքական իշխանությունը վերացավ: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին փոխարինածներին ինչ անուն ասես կարելի է տալ՝ բացի քաղաքական իշխանությունից: Իշխանություններին փոխարինեցին կառավարիչները, և ժողովուրդը չհասկացավ: Որովհետև ժողովուրդն իր կյանքում ավելի շատ կառավարիչներ է տեսել, քան իշխանություններ:

Խոսքն այն մասին չէ, որ համաշխարհային հռչակ ունեցող գիտնականին փոխարինեց պոլիտեխնիկի հեռակա դիպլոմով նախկին պարտկոմը: Խոսքն այն մասին է, որ այս վերջինս չի էլ պատկերացնում, որ երկրին անհրաժեշտ է նաև քաղաքական ղեկավարում: Եվ դա արտահայտվում է պետության համար կարևորագույն քաղաքական խնդիրներում: Ասենք՝ Ղարաբաղի հարցում. առ այսօր հասկանալի չէ անգամ՝ այդ մարդը ցանկանու՞մ է, որ ղարաբաղյան հարցը լուծվի, թե՞ ոչ: Կամ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում. որևէ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ի՞նչ կարիք կա Թուրքիան հռչակել որպես Հայաստանի թիվ մեկ թշնամի՝ նախապես հայտարարելով, թե Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Բայց՝ սա հնարավոր չէ հասկանալ միայն այն դեպքում, եթե նախագահից ակնկալում ես երկրի քաղաքական ղեկավարում, մինչդեռ այդ մարդը քաղաքական ղեկավարումը համարում է երրորդական-չորրորդական գործ: Ճիշտ այնպես, ինչպես եթե ավտոբուսի տոմսավաճառը իրերի բերումով հայտնվի վարորդի աթոռին, նա շարունակելու է իր հիմնական ֆունկցիան համարել ուղևորներից փող հավաքելը. պարզապես լսած լինելով, որ վարորդը նաև այլ ֆունկցիաներ ունի, ժամանակ առ ժամանակ նաև սիգնալ է տալու կամ աջուձախ պտտելու է ղեկը՝ առանց դրա իմաստը հասկանալու:

Նույնը՝ այլ ոլորտներում: Որևէ մեկը երբևէ ԱԺ խոսնակի շուրթերից որևէ ավարտուն քաղաքական միտք լսե՞լ է (զույգ ծաղիկների կենացից բացի): Կամ փորձեք վարչապետին հարցնել. ինքը սոցիալական ուղղվածությամբ ազատ տնտեսավարմա՞ն կողմնակից է, թե՞ պլանային տնտեսության: Այնպիսի հայացքով կնայի վրադ, ինչպես երևի կնայեր Հռոմի Պապը, եթե նրան առաջարկեին ընդգրկվել բիկինի լողազգեստների փառատոնի ժյուրիի կազմում:

Արդեն չորս տարի է, ինչ երկրում քաղաքական իշխանություն գոյություն չունի: Բայց երկրի կառավարիչները շատ լավ հասկանում են, որ ժողովուրդը, գոնե ենթագիտակցորեն, ընկալում է այս ամենը: Այսինքն՝ ժողովուրդն ընկալում է, որ նախկինում Հայաստանում կային իշխանություններ, իսկ այսօր չկան: Եվ երկրի կառավարիչները իրենք ամենաակտիվ կերպով լուրեր են տարածում, թե իբր առ այսօր երկիրը իրականում ղեկավարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ իրենք ժամանակ առ ժամանակ հանդիպում և խորհուրդներ են ստանում նրանից: Ճիշտ նույն կերպ ժամանակին վարվում էին նախնադարյան ցեղերի «վոժդերը»՝ հայտարարելով, թե առաջնորդի իրենց իրավունքը տրված է վերուստ:

Նաև՝ ամեն կերպ տարածում են, թե իբր իրենք շարունակում են նախկին իշխանությունների ծրագիրը: Սուտ է: Սրանք ընդհանրապես ոչ մի ծրագիր չեն իրականացնում: Պարզապես երկրի վիճակն այնտեղ է հասել, որ «մելկի ժուլիկների» իրենց գզվռտոցը ցուցադրվում է ուղիղ եթերով, և իրենք մի «արդարացում» ունեն՝ թե «նախկինների գործն ենք շարունակում»:

Բայց կարծես թե արդեն չի ստացվում: Համենայնդեպս՝ քաղաքական իշխանության վերացումից ուղիղ չորս տարի անց մարդիկ սկսել են հասկանալ ոչ միայն այն, «թե իրականում ով է ծախում Ղարաբաղը», այլև այն, թե ինչպես պայքարել դրա դեմ:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 332, փետրվարի 5, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ