...

Արևմուտքից քշվածները

Արևմուտքից քշվածները

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀՇ-ի երկրորդ սերունդը Արևմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ պատճառել:
Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները՝ երբ 1990-ականներին ՀՀՇ-ն գալով իշխանության, Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին Նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին: Արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991-ին ստացավ «Կոլցո» օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը»:

«ՉԻ». Անհավատալի է: Սա ասում է Վազգեն Մանուկյանի բարեկամը: Այսինքն, Գետաշենի կորստի համար նաև ՀՀՇ-ի հիմնադիրներից և ղեկավարներից մեկին՝ Վազգեն Մանուկյանին է մեղադրում, որն այն ժամանակ ՀՀ վարչապետն էր: Վազգեն Մանուկյանին, որը տարիներ շարունակ հակառուսական հռետորաբանությամբ էր գործում՝ 1990-ականների կեսերից սկսած: Այն Վազգեն Մանուկյանի, որն իր ազգուտակով 20 տարուց ավել, արևմտյան դրամաշնորհների վրա նստած է եղել: Վահան Իշխանյանը կհաստատի դա:

Իսկ հիմա հանկարծ մտահոգվել են Ռուսաստանի շահերով: 

Լավ, Աստված իրենց և իրենց դրամաշնորհների հետ: Մենք այլ բան ասենք. որ 1990-ականներին այդ նույն ՀՀՇ-ի օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառիկ մակարդակի են հասել. հետխորհրդային ոչ մի երկրի հետ Ռուսաստանը չի ունեցել նման ռազմավարական և գործընկերային հարաբերություններ, ինչպես՝ Հայաստանի: Շեշտում ենք՝ գործընկերային: Ոչ թե վասալային կամ ֆորպոստային, ինչպես Քոչարյանի օրոք էր: Վահան Իշխանյանը երևի մոռացել է, որ 1997 թվականին ստորագրվեց Հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագիրը, որը մինչև հիմա գործում է: Իսկ Վահան Իշխանյանի սիրելի Քոչարյանի օրոք Ռուսաստանին նվիրել են մեր բոլոր խոշոր ռազմավարական օբյեկտները, անհատույց տարածքներ են տվել՝ ռուսական ռազմաբազաների համար:

Եվ իհարկե, ոչ մի ձայն, թե հայ-ռուսական հարաբերությունները ինչպիսի ազդեցություն ունեցան Արցախյան պատերազմի ընթացքի վրա: Որ Գետաշենն ասում եք, կողքին ավելացրեք այն տարածքները, որոնք ազատագրվել են ռուսական զենք-զինամթերքի շնորհիվ: Հաստատ Վազգեն Մանուկյանը չի այդ զենքը Հայաստան բերել: Ինչ-ինչ, բայց գոնե հայ-ռուսական հարաբերություններից մի խոսեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ