...

Արարիչ և ավերիչ քաղաքական առաջնորդներ

Արարիչ և ավերիչ քաղաքական առաջնորդներ

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արդիականացման տեսություն

Քաղաքական արդիականացման տեսությունը ծագել է Արևմուտքում և դրա հիմնարար խնդիրներից մեկն առնչվում է իշխանության ձգտող, իշխանական կառույցներում տեղ զբաղեցրած քաղաքական առաջնորդների որպիսության, տիպաբանության, լինելիության, գործառույթների, իշխանական հարաբերություններում կառավարման սկզբունքների ուսումնասիրությանը: Քաղաքական առաջնորդների, պետության ղեկավարների մի շարք տեսակների արդեն ներկայացված շարադրանքներից հետո փորձենք խիստ համառոտ տեսքով մատուցել արդիականացման տեսության կողմից մշակված քաղաքական առաջնորդներին (պետության ղեկավարներին) ներկայացվող ժամանակակից մի շարք այլ պահանջներին:

Նախ նշենք, որ արդիականացման տեսության նշանավոր ներկայացուցիչներից մեկը` Կարլ Պոպերն իր «Բաց հասարակություն և նրա թշնամիները» գրքում իբրև ռացիոնալ քաղաքական խնդիր առաջադրել է «ինչպե՞ս պետք է կառուցել պետականությունը, որ հնարավոր լինի առանց արյունահեղության ու բռնության ազատվել վատ կառավարողից» հարցադրումը: Եվ դրա պատասխանը ստանալու տեսական ուղիների փնտրտուքների շուրջ վերլուծությունները շարունակվում են, սակայն արդեն մշակված սկզբունքների վրա իրականացվել են որոշակի ընդհանրացումներ:

Արձանագրենք, որ առկա բազում քաղաքագիտական կենտրոնները մերժել են մարգինալ քաղաքական առաջնորդների առկայությունը հասարակական կյանքում: Մարգինալը այն ղեկավարներն են, որոնք թեկուզ արտաքուստ հրաժարվելով սեփական արժեքային համակարգից (ասենք` կոմունիստական աշխարհայացքից), նորն էլ ձեռք են բերում (կամ էլ ձևացնում են, որ «ձեռք են բերել») ի հակակշիռ իրենց ինքնության. «Ինքնությունը կորցրած մարդիկ առավել ագրեսիվ են, քաղաքական հարաբերությունները գնահատում են մարգինալ (սահմանային, ծայրահեղ) արժեքներով... Նմանօրինակ քաղաքական սուբյեկտները պատրաստ են վաճառվել ցանկացած ներքին և արտաքին ուժի, միայն թե վերջիններս նրան տեղ ապահովեն իշխանական վերին օղակներում»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

«Քաղաքական առաջնորդ համարում են բոլոր նրանց, ովքեր ի տարբերություն մյուսների, ունեն կրթական, բարոյահոգեբանական, մշակութային և քաղաքական արժեվորված բարձր հատկանիշներ: Ցանկանալով տեղ գրավել իշխանական հարաբերություններում, նրանք առաջարկում և քննարկում են ծրագրեր, ընդունում որոշումներ և ուղիներ մշակում դրանց իրականացման համար: Իշխանությունը գաղափարի, կամքի և զգացմունքի հարաբերություն է, քաղաքական առաջնորդն իր վարքաբանությամբ պարտավոր է դրանք ներդաշնակել իրականության հետ»: Քաղաքական առաջնորդների որպիսությանը, լինելիությանը, կայացվածությանն ու գործառույթներին առնչվող բազմաթիվ մշակված բանաձևումներ գոյություն ունեն, ուստի մեկ հոդվածի շրջանակներում փորձենք անդրադառնալ նրանց ներկայացվող մի քանի արդիական պահանջների շարադրանքին:

ԱՐԱՐԻՉ ԵՎ ԱՎԵՐԻՉ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Իրենց վարքաբանությամբ քաղաքական ղեկավարները լինում են արարիչ և ավերիչ. «Արարիչ առաջնորդները վառ անհատականություններ են, որոնք հավատարիմ մնալով իրենց ներկայացրած ծրագրին և դավանած արժեքներին` ձեռնամուխ են լինում դրանց կյանքի կոչմանը»: Ավերիչ քաղաքական ղեկավարները քաղաքական ցածր գիտակցության և կուլտուրայի տեր անձնավորություններ են, որոնք ընտրվելուց հետո անգործություն են ցուցաբերում ներկայացված ծրագրի և խոստումների հարցում, դրանց իրականացման շուրջ միայն խաբկանք են ձևավորում և նրանց առաջադրած արժեքներն էլ լոկ կարգախոսային բնույթ են կրում: Իրականում ընտրվելուց հետո տվյալ երկրի ու ժողովրդի համար նրանք վարում են ավերիչ քաղաքական գործունեություն, հեղաբեկում են արդիականացվող հասարակության արժութային պատկերացումները: Արարիչ ղեկավարներին բնորոշ են կրթվածությունը, խելամտությունը, հավասարակշռված բնավորությունը, դաստիարակվածությունը, ինտելեկտը, հումորի զգացումը, կանխատեսելու շնորհքը, հաճելի շարժուձևը, ուշադրությունը շրջապատի հոգսերի նկատմամբ և այլն:

Ավերիչ ղեկավարները, որպես կանոն, ունենում են թերի կրթություն և կրթվածություն, երբեմն լիարժեքորեն չտիրապետելով տվյալ երկրի պետական լեզվին` բացահայտ լարվածություն են ցուցաբերում գրական տեսքով մտքերը ներկայացնելիս, խոսելիս հաճախ դիմում են ձեռքերի օգնությանը, օգտագործում են գռեհկաբանություններ, ջղաձգությունները և տգեղ շարժուձևերը գալիս են լրացնելու նրանց ցածր ինտելեկտի ու թերուսուցության բնութագիրը: Ավերիչ ղեկավարների հաշվով նաև նշվում են քաղաքական առաջնորդների համար անհարիր այնպիսի հատկություններ, ինչպիսիք են` ծառայամտությունը վերադասի և ուժեղների հանդեպ, ինքնության պակասը, անդեմությունը, զանգվածներին դուր գալու համար քաղաքական ճշմարտության աղավաղումը, լկտիության հասնող ստախոսությունը և այլն, և այլն: Սովորաբար իշխանության տիրացած ավերիչ քաղաքական գործիչները ձևավորում են կոռումպացված, քրեականացված վարչակազմեր:

Վաղինակ Տերտերյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 270, փետրվարի 18, 2003 թ

ՎԱՐԿԱՆԻՇ

   216 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ