...

Արգելվել է թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից

Արգելվել է թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից

Թռչնագրիպի պատճառով արգելքներ են սահմանվել

Այսօրվանից արգելվել է ուկրաինական թռչնամսի ներմուծումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝ 

«Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը»: 

Այս սահմանափակման հիմքն Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում թռչնագրիպ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է:

Տեսչական մարմինը հայտնում է, որ արգելանքը կգործի մինչև Վիննիցայի տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Էժան և անորակ

Թռչնագրիպն առաջինը բռնկվել է Լեհաստանում, հետո տարածվել Չեխիա և Ուկրաինա: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Հայաստանը խորը սառեցված թռչնամիս է ներկրում ինչպես ԵԱՏՄ-ի անդամ երկրներից՝ ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, այնպես էլ երրորդ երկրներից՝ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից: 

Իսկ մեր երկրում մսամթերքի ներկրումների 70 % -ը բաժին է ընկնում հենց թռչնամսին:

Ըստ վիճակագրության՝ թռչնամսի 40 %-ը ներկրվում է ԱՄՆ-ից: Մասնավորապես, 2015-2019 թթ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 58 103 տոննա թռչնամիս:

Հաջորդ երկրները, որտեղից թռչնամիս ենք բերում, Ուկրաինան և Բելգիան են:

2015-2019 թթ առաջին կիսամյակում Ուկրաինայից ներկրվել է 24 595 տոննա թռչնամիս:

Թռչնամսի ներկրման 10,75 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Վերջին 5 տարիներին այստեղից ներմուծվել է 15 498 տոննա թռչնամիս: 

Թռչնաբույծների միության նախագահը, պաշտոնական տվյալները վկայակոչելով, շեշտում է, որ վերջին տարիներին կտրուկ փոխվել է ՌԴ-ից ներկրումների պատկերը: Սկսել ենք ավելի շատ թռչնամիս ներմուծել հենց Ուկրաինայից:

«Օրինակ՝ 2017 թվականին ներկրված թռչնամսի 23 տոկոսը եղել է ԵԱՏՄ երկրների արտադրության: 2019-ին թվականին, ի զարմանս մեզ, տոկոսը փոխվել է դեպի Ուկրաինայի ուղղությամբ: Այն ներկրողները, որոնք թռչնամիս բերել են ՌԴ-ից, տեղափոխվել են Ուկրաինա: Ըստ էության, դրանք խոշոր ներկրողներն են: Ուկրաինայից ներկրողն օգտվում է մաքսային նույն զեղչերից, ինչ որ ԵԱՏՄ երկրների դեպքում է սահմանված»,- ընդգծեց նա:
 
Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  Ուկրաինայից էժան գներով են թռչնամթերք ձեռք բերում: Թռչնամսի մեկ կիլոգրամը միջինում ներկրվում է 1,17 դոլարով: Հաճախ էլ բերում են խմբաքանակներ, որոնց ծագումն անհայտ է: 

«Ուկրաինայում արդեն բառիս լայն իմաստով ամեն ինչ անում են: Նույնիսկ ուրիշ երկրից են ներկրում, փաթեթավորում և ուղարկում են մեզ, կամ ԵԱՏՄ երկրներին: Մեր ներկրողները Ուկրաինայից են բերում որպես էժան թռչնամիս, որակի մասին էլ չեմ խոսում: Շատ էժան է, որը բնութագրում է նաև դրա որակը»,- նկատեց նա:

Իսկ սպառվող թռչնամսի 30-32 տոկոսը տեղական է:

Նախորդ տարի 38 000 տոննա թռչնամիս է ներմուծվել, իսկ հայ տնտեսվարողներն արտադրել են 14 000 տոննա: 

Ապրանքի ծավալներն ավելացնելու բոլոր հնարավորություններն արտադրողներն ունեն, վստահեցնում է Թռչնաբույծների միության նախագահը:

«Անցյալ տարի ձվի արտադրությունում ունեցել ենք մոտ 10 տոկոս աճ, թռչնամսի դեպքում 13 տոկոս աճ է գրանցվել: Նման աճ չենք ունեցել վերջին տարիներին»,- փոխանցեց նա: 
 
Ի դեպ, վերջին 3 տարիներին թռչնագրիպ է գրանցվել տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ի հարավային շրջաններում, Պարսկաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, իսկ Հայաստանում վիրուսը չի արձանագրվել:  

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ