...

Արմեն Աշոտյանն անուղղելի է

Արմեն Աշոտյանն անուղղելի է

Ներկայիս ՀՀԿ-ի «ուղեղային կենտրոն» Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական РБК հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցին և մի քանի դիտարկում արել վարչապետի հնչեցրած մտքերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ Աշոտյանի դիտարկումները վերաբերում են 4 թեմայի, մենք այս հրապարակման մեջ անդրադարձ կկատարենք նրա «դիտարկած» չորրորդ կետին, որը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։

Ուրեմն, այդ կետում Աշոտյանն ասում է. «Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավորելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով: Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում են, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին: Բայց հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները «ինքնիշխանության», Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում»:

Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցում РБК-ի թղթակիցն այս հարցը բարձրացրել էր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառման համատեքստում՝ հիշեցնելով նաև վերջինիս արտահայտությունները Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի, կալանավորման, ՌԴ-ի անփոխարինելի դաշնակիցը լինելու, նրան ցուցադրաբար կալանավորելով՝ իբր «ռուս ընկերների երեսին թքելու մասին»:

Իր պատասխանում անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, հատկապես Քոչարյանի՝ «ՌԴ-ի անփոխարինելի դաշնակից լինելու մասին դիտարկմանը», Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ հարաբերությունները պետք չէ անձնավորել, դրանք անձերից կախված չեն. «Ռուսաստանում պետք է հասկանան՝ Հայաստանում իրենց դաշնակիցը Փաշինյանը չէ, Տեր-Պետրոսյանը չէ, Սարգսյանը չէ, Քոչարյանը չէ, այլ հայ ժողովուրդն է, սա շատ կարևոր նրբություն է: Շատ գործիչներ երկար տարիներ դիրքավորվում էին որպես միանձնյա դաշնակից ՌԴ-ի հետ: Բայց դաշնակիցը Հայաստանն է և հայ ժողովուրդը, ոչ թե կոնկրետ դեմքեր, ընտանիքներ, գործարարներ, ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչներ և ոչ նրա համար, որ ինչ-որ մեկը շատ կամ քիչ է սիրում Ռուսաստանը, այլ որովհետև մենք ունենք ընդհանուր ռազմավարական շահեր՝ անկախ Փաշինյանից, Տեր-Պետրոսյանից, Պողոսյանից, Իվանովից և Սիդրովից»:

Նիկոլ Փաշինյանի ու նրան արձագանքող Արմեն Աշոտյանի՝ վերը մեջբերված մտքերը շատ լավ ցուցադրում են նրանց ու իրենց քաղաքական թիմերի պատկերացումները հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Նիկոլ Փաշինյանի համար այդ հարաբերություններում հավասարապես կարևոր են ինչպես Հայաստանի ինքնիշխանությունը, այնպես էլ երկու երկրների բարեկամությունը։ Արմեն Աշոտյանի և ընդհանրապես իր քաղաքական հայրերի՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար ինքնիշխանությունը հետին պլանում է։ Դա նրանք տարիներով ու գործով են ապացուցել։

Արմեն Աշոտյանը հերթական մանիպուլյացիային է դիմում՝ խոսելով «Հայաստանի իշխանությունների հակառուսականության» մասին։ Այս թեզը Հայաստանի 5-րդ շարասյան ներկայացուցիչներն ասպարեզ են մղում արդեն երկու տարի՝ փորձելով Ռուսաստանի իշխանությանը տրամադրել Հայաստանի իշխանության դեմ, թշնամացնել նրանց, ինչը ևս խոսում է այս մարդկանց՝ Հայաստանի ինքնիշխանությունը չհարգելու մասին։
Թերևս, Աշոտյանի ու իր թիմակիցների համար «հակառուսականություն» է Հայաստանի սուբյեկտայնության, ինքնիշխանության բարձրացման, դաշնակցային կապերում հնարավորինս հորիզոնական հարաբերություններ հաստատելու՝ գործող իշխանության ձգտումները։

Արմեն Աշոտյանի գրառման վերջին ֆրազի մասին։ Գրում է՝ «հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները «ինքնիշխանության», Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում»: Ուզում է ասել, թե նախկինում Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, իսկ այս վերջին հարցազրույցում իբր չի խոսում։

Նախ ուշադրություն է գրավում, որ Արմեն Աշոտյանի տեքստում ինքնիշխանություն բառը առնված է չակերտների մեջ, այսինքն՝ անգամ ենթագիտակցորեն այս անձի համար Հայաստանի ինքնիշխանության գաղափարը չակերտավոր է։

Եվ ապա, Աշոտյանը կամ չի նկատել, կամ էլ չի ցանկացել նկատել, կամ հասու չէ նկատել, որ РБК-ի հետ հարցազրույցում ևս Փաշինյանը շոշափել է ինքնիշխանության մասին։ Ահավասիկ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը. «Ի՞նչ անել, որպեսզի դաշնակցային հարաբերություններում չլինեն նման հարցեր (նկատի ունի հարաբերությունների անձնավորումը - հեղինակ). ուղղակի Հայաստանի դեպքում պետք է հաշվի նստել Ռուսաստանի և ռուս ժողովրդի զգացմունքների և ձգտումների հետ, ռուսներն էլ պետք է հաշվի նստեն հայ ժողովրդի զգացմունքների և ձգտումների հետ»։ Այսինքն՝ խոսում է հորիզոնական, երկուստեք հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մասին, որը ոչ այլ ինչ է, քան ակնարկ Արմեն Աշոտյանի այնքան չսիրած ինքնիշխանության մասին։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1604 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ