...

Արյունով գրավված հողերը

Արյունով գրավված հողերը

2001 թվական: Արցախյան առաջին պատերազմն ընդհատվել էր հրադադարով և հայկական ռազմաքաղաքական ղեկավարությանը մնում էր դիվանագիտորեն ամրագրել վեց հազարից ավել հայորդու արյամբ ձեռք բերված հայոց փառապանծ Հաղթանակը, զարգացնել երկիրը, բարձրացնել հայկական երկու պետությունների քաղաքացիների կենսամակարդակն ու ռազմական ներուժը: Սակայն այսօր հայտնվել ենք նոր պատերազմում՝ նույն պատերազմում, որը մեկ անգամ արդեն հաղթել ենք: Այն, ինչը բաց ենք թողել վերջին 20 տարում, այժմ արդեն պարտավոր ենք վերանվաճել և պարտավոր ենք միմիայն հաղթել: Միմիայն հաղթանակ և ուրիշ ոչինչ՝ հայ ժողովրդի չիրականացած իղձերին հասնելու համար:

Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթի 2001 թվականի հրապարակումներից մեկը խաղաղությունից կրկին պատերազմի հասնելու ժամանակաշրջանի մասին, թեև խմբագրությունն ամբողջովին չի կիսում հեղինակի կարծիքը: Հեղինակի հետ համամիտ չենք, սակայն ըմբռնումով ենք մոտենում նաև այն մարդկանց, ովքեր պարզապես պատերազմ չէին ուզում:

«ՉԻ», 2001թ., մարտի 23

Մենք պետություն չենք սիրում: Փաստն արդեն դարձել է աքսիոմատիկ ճշմարտություն: Փաստն արդեն ունի գրեթե պաշտոնական գաղափարախոսության բնույթ: Սակայն ցանկացած երկրի կազմում մենք համառորեն պայքարում ենք կուլտուր-ազգային ինքնավարության համար:

Այժմ եկեք քննարկենք, թե ինչ է կուլտուր-ազգային ինքնավարությունը: Ոչ, ես նկատի չունեմ տարբեր տեսակի կաուցկիների բնորոշումը, որի իմաստը դպրոց-մանկապարտեզ ստեղծելն է: Հայերի համար ավանդաբար կուլտուր-ազգային ինքնավարությունը միջոց էր տիրանալ իշխանությանն այն պարագայում, երբ անկախության պայմաններում իրենց շատ բարձր պաշտոններ զբաղեցնել վիճակված չէր: Այդ իմաստով այսօր Ղարաբաղի հանդեպ վարվող քաղաքականությունը խիստ նման է կուլտուր-ազգային ավտոնոմիայի պայքարին: Ավելին, կուլտուր-ազգային ավտոնոմիայի տարբերակը կարծես կիրառվում է նաև Հայաստանում: Իհարկե, այսօր հայերը չեն խնդրում, որ բարերար շահը իրենց պահի իր երկրի կազմում: Ժամանակներն արդեն փոխվել են, և այժմ պրն Քոչարյանը խնդրում է ոչ թե բարերար շահին, այլ քեռի Սեմին (նախագահ Պուտինին, Ժակ Շիրակին): 

Չէ, բայց ամեն ինչ կարգով-կանոնով: Պարբերաբար շահը (անհասկացողների համար դա ինչ-որ միջին բան է կենտկոմի և պետդեպարտամենտի միջև) հայերից պահանջում էր դավանափոխ լինել (դա էլ ոնց որ հիմիկվա ցեղասպանության ճանաչումը լինի): Հայերը հավաքվում էին, խելք-խելքի էին տալիս, վերջում ամենախելոքն ասում էր, որ մի բարաթ գրեն շահին: Բարաթի առաջին կետով սովորաբար հայտարարվում էր, որ բոլորը՝ մեծից փոքր, իրենց հավատարմությունն են հայտնում շահին և տեղեկացնում, որ իրենց ունեցվածքը և այլ ինչքը պատկանում են շահին (դա մոտավորապես նման էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմանը Ստամբուլում): Այսքանից հետո բոլոր նախարարները, մանրից մեծ, աղաչում էին բարերար շահին՝ թողնել իրենց հավատը: Ինչպես արդեն ասացինք, դա ինչ-որ միջին բան է ցեղասպանության ճանաչման և Քոչարյանին պատվո լեգեոնի շքանշան տալու միջև: 

Խելոք շահերը սովորաբար այստեղ ասում էին՝ դե դավանեք ձեր քրիստոնեությունը: 

Բացատրեմ, քրիստոնեության դավանանքը ոչ միայն պատվաբեր, այլև ձեռնտու գործ էր: Կաթողիկոսները սովորաբար ամենաաղքատ մարդիկ չէին, իսկ քրիստոնեությունը բավականաչափ կայուն եկամուտների աղբյուր է: Դավանափոխությունը նշանակում էր կաթողիկոսական տոհմի և նրա ազգականների սնանկացում: Հին տոհմերը, հակառակը, կարող էին հուսալ, որ կվերականգնվեն հին աստվածների տաճարները: Դե գիտեք, մեր մոտ էլ է այսպես: 

Խաղաղության հաստատումը, Ղարաբաղի փաստացի անկախացումը, Հայաստանի բաց քաղաքականությունը Հայաստանում այսօր իշխանության գլուխ գտնվող ֆեոդալական կլաններին կզրկեր եկամուտների որոշակի մասից: Մենք կանգ առանք առավել լավ տարբերակի վրա, երբ բարերար շահն ասում է՝ սատանան ձեզ հետ, մնացեք քրիստոնյա: Հանկարծ հիշեցի մի լավ անեկդոտ: Գյուղացիները գցում-բռնում են, որ կյանքը ծանրանում է և մարդ են ուղարկում շահի մոտ: Բանագնացը հասնում է շահի մոտ և չիմանալով, թե ինչ ասի, հարցնում է. «Այս տարի կարագ հանձնե՞նք, թե՞ յուղ»: Շահը խիստ ուրախացած ասում է՝ յուղ բերեք: Գյուղացիներից մեկն իմանալով եղելությունն ասում է. «Դու նման ես շանը, որ հաչում է և գայլին կանչում»: 

Լինում էր նաև, որ բարերար շահը հասկանում էր, որ տղերքի ուզածն ավելի շատ տնտեսական բնույթ ունի և զորքը մտցնում էր անհնազանդ մարզ: Եղեռն, կոտորած, մահ կամ ազատություն: Ի վերջո շահը չէր կարողանում դավանափոխ անել ժողովրդին, հին տերերը մնում էին իրենց տեղերում, իսկ եկեղեցական սուրբ տաժանակիրների ցուցակը համալրվում էր առնվազն մի քանի տասնյակով: Աստված չանի հիմա մեզ մոտ նույն բանը կրկնվի: Թե չէ հանկարծ կորոշեն, որ արյունով գրավված հողը միայն արյունով պետք է հետ տալ: Ես պատերազմ չեմ ուզում: 

Գարիկ Պողոսյան

Հ. Գ. Մի մեղադրեք ինձ սրբապղծության մեջ: Իրական պատմությունը տարբերվում է եկեղեցականից: Նահատակների հերոսությունն արժանի է հարգանքի և խոնարհման, մանավանդ որ նրանցից մեկը՝ սբ. Գարեգին իշխան Սրվանձտյանցը և իմ՝ խոնարհիս երկնային հովանավորն է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ