...

Լավրովն ու մեր պարտության պատճառները

Լավրովն ու մեր պարտության պատճառները

1990-ականների արցախյան պատերազմում հայկական կողմի հաղթանակների վերաբերյալ հետագա տարիներին ստեղծվեցին բազմաթիվ կարծրատիպեր, թե ինչու հաղթեցինք, ինչի հաշվին: Հետագայում այդ կարծրատիպերը տիրաժավորվեցին, տասնյակ տարիներ հանրային գիտակցության մեջ սերմանվեցին, դպրոցական և բուհական դասագրքերի միջոցով պարտադրվեցին հետագա սերունդներին: 

Հիմնական կարծրատիպերը հետևյալն էին.

1. Հաղթեց ժողովուրդը և նրա անկոտրում ոգին:
2. Հաղթեցին գեներալները ու մեր հզոր բանակը:
3. Հաղթեց Վազգեն Սարգսյանը:
3. Հաղթեց ԼՂՀ ղեկավարությունը՝ Ռոբերտ Քոչարյանով և ազգային ուժերը:
4. Հաղթեցինք, որովհետև մեզ օգնեց Ռուսաստանը:

Եվ ամենավերջում, ընդ որում՝ սա դժվար էլ է կարծրատիպ համարել, մի կես բերան նշում են, որ այն ժամանակ նաև ինչ-որ Հայաստանի իշխանություններ էլ կային, Լևոն Տեր-Պետրոսյան, ավելի շատ ոտի տակ էին ընկնում, խանգարում էին, որ մենք զարգացնենք հաջողությունները, տարածքներ գրավենք ու ազատագրենք: 

Այս կարծրատիպերն այնքան են արմատավորված հանրության մեջ, որ երբ սրանցից առանձնացող այլ տեսակետ ես փորձում ներկայացնել, անմիջապես ցցի են հանում ու դավաճանի պիտակ կպցնում: 

Մինչդեռ 44-օրյա պատերազմի պարտության հիմքերը նաև սրա մեջ են և նաև մեր հետագա պարտությունների, կորուստների և աղետների: Այ էս կարծրատիպերի և մի շարք անպատասխան մնացած հարցերի:

Օրինակ՝ եթե 1990-ականներին, այդ ծանրագույն պայմաններում՝ շրջափակում, լույսի բացակայություն, հացի դեֆիցիտ, մեր ժողովուրդը հաղթեց, ինչո՞ւ հիմա էլ չհաղթեց, երբ ավելի բարվոք պայմաններում էինք:

Եթե այն ժամանակ հաղթել էին գեներալներն ու հզոր բանակը, ինչո՞ւ այս անգամ չհաղթեցին: 

Եթե այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր հաղթանակների ճարտարապետը, ինչո՞ւ չգնաց Ղարաբաղ, չստեղծեց Պաշտպանության պետական կոմիտե և չկազմակերպեց հակառակորդին ջարդելու գործը: 

Եթե այն ժամանակ Հայաստանի իշխանությունները կապ չունեին հաղթանակների հետ, ինչո՞ւ են հիմա պարտության հիմնական մեղավոր համարում այս իշխանություններին: 

Եվ վերջապես. Ռուսաստանի գործոնը: Մեր այս հոդվածի շարժառիթը այն էր, որ երեկ տեսանք, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին մեր ֆեյսբուքյան գեներալներն ինչ օրն էին գցել: Էլ դավաճան, քցող, թուրքի բարեկամ, ծպտյալ ադրբեջանցի, վախկոտ, շահի մեռած: Շատերն էին գրել, թե հերթական անգամ ապացուցվեց, որ 44-օրյա պատերազմում Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին: Սերգեյ Լավրովը երեկ մեր նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ տարանջատել էր մինչև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ մեր գերիներին և դրանից հետո գերության մեջ հայտնված զինվորներին: Ասել էր, որ ամեն ինչ կանեն, որ բոլոր գերիները վերադարձվեն, բայց ընդգծել էր այդ տարբերությունը: 

Ու հիմա նորից 44-օրյա պատերազմի պարտության համար մեղադրում են Ռուսաստանին: 

Ու հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ 1990-ականներին Ռուսաստանը մեզ օգնեց, իսկ հիմա դավաճանեց: Ի՞նչն էր պատճառը: Այն ժամանակ ռուսները հասկանում էին իրենց շահերը, իսկ հիմա՝ ո՞չ: 

Եվ ամենակարևոր հարցերից մեկը. եթե մենք 1990-ականների պատերազմում հույսներս դնեինք Ռուսաստանի վրա, ոտը ոտին գցեինք՝ վստահ լինելով, որ «պո լյուբոմու» ռուսները մեզ օգնելու են, մենք կհաղթեի՞նք այդ պատերազմում: Վերջին պատերազմում այս կարծրատիպը աղետալի հետևանքներ ունեցավ. թե՛ մեր քաղաքական վերնախավի մեծ մասը, թե՛ հանրության ճնշող մեծամասնությունը համոզված էին, որ ռուսները չեն թողնի, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, կամ էլ եթե հանկարծ համարձակվի հարձակվել, ռուսները կմիջամտեն, զորք կմտցնեն, կասեն՝ հոպ, արա, էս ո՞ւմ դաշնակցին ես բան ասում: Մինչև պատերազմի վերջին օրն էլ շատերը սպասում էին, որ հեսա Ռուսաստանը կմիջամտի:

Դա տեղի չունեցավ: Չէր էլ կարող ունենալ: Որովհետև ռուսները հազար անգամ ասել են. եղբայր, դուք պետք է ձեր հարցերը լուծեք, դուք պետք է շահագրգռված լինեք հակամարտության կարգավորմամբ, ոչ թե մենք: Ձեր վրա պետք է հույսը դնեք, ոչ թե մեր վրա: Դուք պետք է ձեր երկիրը պահեք ու պաշտպանեք, ոչ թե մենք: Իսկ մենք 20 տարի շարունակ՝ բացի իշխանություն պահելուց ու պաշտպանելուց, ուրիշ բան չենք արել: Ու սա շարունակվում է մինչև հիմա: Բայց մեղավորը Ռուսաստանն է: 

Միայն մի դեպքում գուցե Ռուսաստանն ավելի գործուն և միակողմանի, այսպես ասած՝ կողմնակալ կերպով մեզ օգնի այնպես, ինչպես մենք ենք ենթադրում. եթե հրաժարվենք մեր պետականությունից, անկախությունից, մտնենք Ռուսաստանի կազմ, ասենք՝ դե արի, մեզ պահի, պաշտպանի: Այդ դեպքում լիովին իրավունք կունենայինք Լավրովին անարգանքի սյունին գամել, թե ինչու չես զբաղվում քո գերիների հարցով: Այո, այս դեպքում՝ քո, ոչ թե՝ մեր գերիների: Իսկ քանի դեռ մենք ինքնիշխան, անկախ պետություն ենք համարվում, ուրիշների վրա մուննաթ գալով ոչ մի պրոբլեմ լուծող չենք, այլ միայն պրոբլեմ ստեղծող:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ