...

ԱՅՈ, վստահության հանրաքվե

ԱՅՈ, վստահության հանրաքվե

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը, սակայն, ըստ էության, քարոզարշավը դեռ չի սկսվել: Թերևս բացառությունը վարչապետի կողմից մի լուսանկարի հրապարակումն է, որտեղ ասֆալտի օրինակով ցուցադրվում է նախկինների և ներկաների տարբերությունը:

Իշխանությունը նախաձեռնեց հանրաքվեն, սակայն դեռ չի որոշել քարոզարշավի ստրատեգիական ուղղությունները, իսկ ընդդիմությունը վերջապես հասկացել է, որ այս փուլում ճակատային հակադրությունը իշխանությունների հետ կործանարար է առաջին հերթին հենց իր համար: Սակայն երկու կողմի հրապարակային պասիվ գործունեությունը չի ենթադրում, որ երկու շտաբներում էլ օր ու գիշեր չմտահոգվեն, թե ինչպես հարձակվեն և պաշտպանվեն: Գլխավոր հարցը, որ երկու կողմերին էլ ամենից շատ է անհանգստացնում՝ հանրաքվեն հռչակե՞լ իշխանությունների վստահության հանրաքվե, թե՞ ոչն է: Երկու կողմի համար էլ այն կարող է ունենալ շատ լուրջ ճակատագրական հետևանքներ:

Իշխանության ներսում, դեռևս չկա միասնական տեսակետ և ավելի շատ հակված են մարտ ամսին որոշել՝ ուսումնասիրելով և ավելի շատ տեղեկություններ ստանալով հասարակական տրամադրություններից: Եթե տեսնեն, որ ժողովուրդը կմասնակցի հանրաքվեին, ապա ավելի շատ կրքեր բորբոքելու համար, հընթացս կհայտարարեն, որ այո, սա նաև վստահության հանրաքվե է իշխանություններին:

Ընդդիմությունը նույնպես երկընտրանքի առջև է: Նրանց կողմից ակտիվության չափազանց դրսևորումը հանգեցնելու է ժողովրդի ակտիվացմանը: Նրանց համար իդեալական տարբերակ է, որ քարոզարշավն անցնի աննկատ, առանց հասարակական լայն շրջանակների ներգրավվածության: Իսկ ԱՅՈ-ի չանցնելու դեպքում, արդեն պոստֆակտում հայտարարեն, որ դա, ըստ էության, վստահության հանրաքվե էր իշխանությունների հանդեպ:
Եթե ԱՅՈ-ն չանցնի, իշխանության գործը չափազանց բարդանալու է: Բոլոր այն ուժերը, որոնք այսօր, իբր հայտարարում են, որ չեն մասնակցում քարոզարշավին, որ այն կեղծ օրակարգ է և այլն, վայրկենապես ակտիվանալու են: Բոլոր տեսակի՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունների միավորումը դառնալու է օրերի հարց: Իշխանության նկատմամբ հարձակումները կրկնապատկվելու և եռապատկվելու են: Այդ պայմաններում գործի կդրվեն նաև այն բազմաթիվ ականները, որոնք դրված են իշխանության թիմում և առաջին հերթին իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունում: Հայտնի ուժերի համար կստեղծվի չափազանց նպաստավոր պայմաններ նյութական շահագրգռվածության միջոցով խմբակցությունից պոկել տասնյակ պատգամավորների: 

Հաշվի առնելով վերոգրյալը, իշխանությունը ճիշտ կանի օր առաջ սկսի առավել ագրեսիվ քարոզարշավ: Հասարակությանը հստակ պետք է բացատրվի ԱՅՈ-ի պարտության հետևանքները: Առանց սեթևեթելու պետք է նշվի՝ հանրաքվեի տապալումը նշանակում է ռևանշի ուժերին հնարավորություն տալ սրբագրելու հեղափոխության ձեռքբերումները:

Իշխանությունը չպետք է վախենա քննադատությունից, թե չափազանց արմատական հռետորաբանությամբ է իրականացնում քարոզարշավը: Եվս մեկ անգամ հստակ պետք է մատնանշվեն, թե որոնք են սև ուժերը և ինչու են ցանկանում տապալել սահմանադրական փոփոխությունները:

Նախաձեռնելով հանրաքվեն, իշխանությունը նետել է վիճակը. և՛ վախվորած, և՛ չափազանց պոլիտկոռեկտ քարոզարշավն ուղիղ ճանապարհ է դեպի պարտություն:

Պարզապես մեկ փաստ նշենք: Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը կազմեց երկու ամիս: Երևանի ավագանու քարոզարշավին իշխանությունը ավելի արմատական հռետորաբանությամբ հանդես եկավ, քան խորհրդարանական ընտրություններին: Արդյունքը տասը տոկոսի տարբերություն կազմեց:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ