...

Իշխանություն ընդդիմության շարժիչով

Իշխանություն ընդդիմության շարժիչով

Ժողովուրդը իշխանության շատ թերությունների, սխալների, վրիպումների և անգամ արատների հետ կարող է համակերպվել և նույնիսկ ներել, բայց պատմական ոչ մի ժամանակաշրջանում, ոչ մի իշխանության չի ներվում թուլությունը և բյուրոկրատական ապարատում կարգուկանոն հաստատելու անկարողությունը:

Անցած տարվա աշնանը, Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ իշխանության ներսում կա լուրջ դիմադրություն հեղափոխության հանդեպ: Օրեր առաջ, կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խորհրդակցության  ժամանակ, նա գրեթե կրկնեց նույն խոսքերը:

Եվ հիմա դժվար է հասկանալ, թե մերթընդմերթ նույն տեքստը արտասանելով, ի՞նչ է ակնկալում կառավարության ղեկավարը: Այսինքն, ինքը կարծում է, որ նման ելույթներից հետո, դիմադրողները հալվելու են և դադարե՞ն դիմադրություն ցույց տալ: Ընդդիմության ղեկավարը կարող է բողոքել, կարող է բերել հազար ու մի պատճառ, թե ինչու իրենց այս կամ այն քաղաքական նախագիծը կյանքի չի կոչվում: Առավել հմուտները կարող են այդ ընթացքում գտնել քավության նոխազներ և ի վերջո երկար տարիներ իրենց ներկայությունը ապահովել քաղաքական դաշտում: Իշխանության ղեկավարը զրկված է նման ճոխությունից: Նա չի կարող տարիներ շարունակ բողոքել, որ իրեն խանգարում են այս կամ այն գործը անել: Հատկապես դա զավեշտալի է ներքաղաքական առումով և անընկալելի մի իշխանության պարագայում, որն ունի ժողովրդի մեծամասնության վստահության քվեն:

Այս պարագայում, առաջին պլան է գալիս անկարողության տարբերակը, աշխատելու և աշխատեցնելու ինստիտուցիոնալ ռեսուրսի բացակայության իրողությունը: Եթե պետական ապարատը դիմադրում է, ապա պետք է շատ արագ փոխել այս կամ այն ոլորտի պատասխանատուներին: Մինչդեռ, մինչ այժմ, բոլոր հրաժարականները ունեցել են բոլոր հնարավոր ենթատեքստերը՝ բացառությամբ պաշտոնական անպիտանելիությունը: Պետական ապարատը դիմադրում է, բայց վարչապետին կից վերահսկողական ծառայությունը, որն օժտված է չափազանց մեծ լիազորություններով, մատնված է պարապուրդի: Անցած երկու տարիներին, հետաքննող լրատվամիջոցները ավելի շատ ապօրինություններ են բացահայտել, քան կոնկրետ այդ գործի համար կոչված համապատասխան ծառայությունը:

Նույնը վերաբերում է կադրերին: Դիցուք մաքսային և հարկային ծառայությունների հին աշխատակիցներին շատ դժվար է համոզել աշխատել նոր կանոններով: Միայն կաշառք չպահանջելը քիչ է: Մաքսավորը, որը հեղափոխությունից առաջ ամսական ուներ 10000 հազար դոլար անձնական բյուջե, չի աշխատելու 300-400 հազար դրամով: Անգամ, եթե շարքային մաքսավորից դարձել է բաժնի պետ: Մտերմիկ զրույցներում նրանք խոստովանում են, որ ավելի լավ էր մնային շարքային, բայց ունենային նախկին եկամուտը: Նույն պատկերն է նաև իրավապահ համակարգում:

Ուրեմն, պետք է ամբողջովին փոխել այդ կառույցներից մեկի բոլոր աշխատողներին, հավաքել բոլորովին նորերին. դա լավագույն ուղերձը կլինի մնացած նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների համար: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դա արեց ճանապարհային ոստիկանության օրինակով: Արդյունքը ապշեցուցիչ էր. պետական բյուրոկրատական ապարատը հասկացավ, որ նախկինի պես շարունակելու դեպքում, կարժանանա նույն ճակատագրին:

Գործ չանելու և փոխարենը բողոքելու ռեսուրսը շատ մոտ է սպառման: Ցավոք սրտի, տպավորություն է, որ երկրի ղեկավարությունը դա այնքան էլ լավ չի գիտակցում:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ