...

Ազգային-ազատագրական ներքաղաքական պայքար

Ազգային-ազատագրական ներքաղաքական պայքար

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

Տեսակետ կա, թե ընդդիմադիր 16 քաղաքական կուսակցությունների և նախագահ Քոչարյանի միջև ընթացող պայքարը գաղափարական պայքար չէ, որովհետև այդ կուսակցություններն ու Քոչարյանը, ըստ էության, գաղափարական տարաձայնություններ չունեն: Սա բացարձակ ճշմարտություն է՝ այն իմաստով, որ ո՛չ Քոչարյանն ու իր մերձավորագույն շրջապատը որևէ գաղափարախոսություն ունեն, ոչ էլ 16 կուսակցությունները: Իսկ չեղած բաների միջև տարաձայնություններ լինել չեն կարող: 

Եվ այնուամենայնիվ, պայքարը սոսկ իշխանության հասնելու և դրա պտուղները վայելելու համար չէ: Պայքարը Հայաստանը փրկելու համար է: Եվ այս իմաստով այսօր Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները պետք է գնահատել ոչ թե որպես գաղափարական, այլ ազգային-ազատագրական պայքար: Փորձենք փաստերով հիմնավորել այս տեսակետը: 

Քոչարյանն ու իր վարչախումբն այսօր զբաղված են բացառապես երկիրը մինչև վերջ թալանելով, իսկ քաղաքական ինտրիգներով զբաղվում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է թալանը խանգարողներին ասպարեզից վերացնելու համար: Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե ընդդիմության հաղթանակի դեպքում իշխանության եկածները ապրելու են բացառապես աշխատավարձով, աշխատանքի են գնալու երթուղային տաքսիներով և խնայողության համար թեյն առանց շաքարի են խմելու: Ոչ: Արևելյան մենթալիտետի պայմաններում դա անհնար է, և Հայաստանում ով էլ գա իշխանության՝ հարստանալու է: 

Բայց խնդիրը հենց այն է, որ ներկա իշխանություններն այնպիսի մասշտաբներով են թալանում երկիրը, որ խարխլվում է ոչ միայն պետության անվտանգությունը (Հայաստանում դա վաղուց է խարխլված՝ ճիշտ և ճիշտ 1998թ. փետրվարից), այլև վտանգվում է պետության գոյությունն անգամ: Դատեցեք ինքներդ. նախորդ իշխանությունների օրոք որևէ մեկի մտքով կանցնե՞ր անգամ օտարերկրացիներին վաճառել հանրապետության ողջ կապի համակարգը, բաշխիչ ցանցերը, «Զվարթնոց» օդանավակայանը, Հրազդանի ՊՇԷԿ-ը և այլն: Ինչ է, նրանք այդ ձեռնարկությունների տեղը չգիտեի՞ն, թե՞ չէին «ֆայմում» դրանցից մեկը վաճառել ու, ասենք, թոշակները բարձրացնել և թուլացնել սոցիալական լարումը: Բայց այգու տերը երբեք պտղատու ծառը չի կտրի: Կխնամի ու պտուղները կքաղի: Գուցե իրեն մի քիչ ավելի շատ վերցնի, մշակներին քիչ տա (արևելյան մենթալիտետի խնդիր է), բայց ծառը չի կտրի՝ հաստատ: Ծառը կկտրի օտարը, թշնամին: Նախ՝ քաղելը հեշտ կլինի, և հետո՝ փայտն էլ առանձին կվաճառի: Ու վաճառքի փողից էլ մի քանի կոպեկով մարդիկ կվարձի, որ գովերգեն իր իմաստուն որոշումը: 

Քոչարյանն ու իր թիմակիցներն այսօր այնտեղ են հասել, որ նույնիսկ պատրաստ են ինչ-որ բենզակալոնկի բաժնետոմսերի համար մի քանի մասի բաժանել բանակը, իրար դեմ լարել սպայակազմին, պատրաստ են ինչ-որ ստահակի պաշտոնում տեղավորելու կամ մի այլ ստահակի չնեղացնելու համար լուծարել ներքին գործերի նախարարությունը, մի քանի հազար դոլար ավել վաստակելու համար բուհական համակարգի հերն անիծել, վաճառել այն ամենը, ինչին «քյաշ» փող են տալիս... Վերջապես ինչքա՞ն կարելի է երկիր ղեկավարել փողոցում ձմերուկի մանրամեծածախ առևտրով զբաղվողի հոգեբանությամբ: Բերենք միայն մի օրինակ. վերջերս ռուսական ինչ-որ թերթում լուր հրապարակվեց, թե փամփուշտների ինչ-որ խմբաքանակ է հայտնաբերվել, և կասկած կա, թե այն նախատեսված էր Հայաստանի համար: Ցանկացած նորմալ երկիր պարզապես կհերքեր դա, կվկայակոչեր միջազգային պայմանագրեր և այլն: ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ ամենի փոխարեն բառացիորեն հայտարարեց, թե նման փոքր խմբաքանակները մեզ չեն հետաքրքրում: Նման բառապաշարի կարելի է հանդիպել մեկ էլ բանջարեղենի մեծածախ շուկայում: 

Մի խոսքով, այս իշխանությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մոտեցնում է Հայաստանի վերջնական կործանմանը: Իսկ ներքաղաքական պայքարում գաղափարներով առաջնորդվելու ժամանակը կգա, երբ հասարակությունը գիտակցի գաղափարախոսությունների նշանակությունը: Այժմ ազգային-ազատագրական պայքար է, իսկ այդտեղ միայն մի գաղափար կա՝ ազատության գաղափարը: 

Գրիգոր Ոսկանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 387, սեպտեմբերի 10, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ