...

Շանտաժով իշխող տղան առանց անվտանգության չի լինի

Շանտաժով իշխող տղան առանց անվտանգության չի լինի

ՇԱՆՏԱԺԻ ՎԱՍՏԱԿ

Հայաստանի պետական կարգը միայն մի ճշգրիտ գնահատական ունի՝ ոստիկանական բռնապետություն: Սա էմոցիոնալ գնահատական չէ: Ցանկացած անկողմնակալ փորձագետ (իսկ քաղաքականությունը, ի դեպ, նույնպիսի ճշգրիտ գիտություն է, ինչպիսին, ասենք, ֆիզիկան), ուսումնասիրելով Հայաստանի ներկա իրավիճակը, կհաստատի, որ Հայաստանը ոստիկանական բռնապետություն է: Ինչու՞:

Նախ՝ իշխանությունների մասին: Իշխանություններ ասելով՝ պետք է հասկանալ բացառապես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որովհետև Հայաստանում որևէ այլ իշխանություն գոյություն չունի: Որևէ մեկը չի կասկածում, որ կառավարությունն ու Ազգային ժողովը ձևական կառույցներ են և անում են այն, ինչ հրամայում են նախագահը կամ պաշտպանության նախարարը:

Իսկ ինչի՞ վրա է հիմնված Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը (այսինքն՝ ողջ «պետական համակարգը»):

1. Այդ իշխանությունը օրենքի վրա հիմնված լինել չի կարող, որովհետև երկրի հիմնական օրենքը Սահմանադրությունն է, իսկ Սահմանադրության համաձայն Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չէ:

2. Այդ իշխանությունը ժողովրդի աջակցության վրա հիմնված չէ, և սա հասկանալու համար պետք է ընդամենը շրջել փողոցներում և լսել, թե մարդիկ ինչ են խոսում իշխանությունների մասին, եթե մերձակայքում երեխաներ և ոստիկաններ չկան:

3. Այդ իշխանությունը բանակի վրա հիմնված չէ, որովհետև նախ՝ բանակը երբեք ժողովրդի վրա չի կրակի, և երկրորդ՝ սպայակազմն ըստ էության դեռևս ամբողջովին Սերժ Սարգսյանի հսկողության տակ չէ:

4. Իշխանությունը կուսակցությունների աջակցության վրա հիմնված չէ, որովհետև իշխանություններին սատարող կուսակցությունների գումարային վարկանիշը մեկ տոկոսը չի անցնում:

5. Իշխանությունը մասնավոր ձեռնարկատերերի վրա հիմնված չէ, որովհետև այդ խավն այս իշխանություններին «սատարում է» ոչ թե հանուն գաղափարի, այլ վախից, և շատ ավելի մեծ հաճույքով հարմար պահի «կսատարի» այլ ուժերի:

Մնում է ոստիկանությունը: Այսինքն՝ իշխանությունների միակ հենարանը ոստիկանությունն է: Ընդ որում՝ «ոստիկանություն» ասելով պետք է հասկանալ նաև Ազգային անվտանգության մարմինները, որովհետև այդ կառույցն ըստ էության զբաղվում է բացառապես ոստիկանության ֆունկցիաներով (ընդհուպ մինչև տարադրամի փոխանակման կետերի ստուգումները): Հենց այս կառույցների վրա էլ դրված են ներքաղաքական հիմնական ֆունկցիաները: Դրանք են.

1. Ուսումնասիրել ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց ազգականների տնտեսական գործունեությունը:

2. Փակել բոլոր այն գործարարների բիզնեսը, որոնք չեն ցանկանում «մուծվել» և կարծում են, որ մերն ուրիշ չի:

3. Ամեն կերպ արգելել ընդդիմության գործունեությունը (հանրահավաքներ չարտոնել, դահլիճներ չտրամադրել և այլն):

4. Խեղդել ընդդիմադիր լրատվամիջոցները (ճնշումներ գործադրել այդ լրատվամիջոցները ֆինանսավորող անձանց կամ կազմակերպությունների վրա):

Հենց սա էլ կոչվում է ոստիկանական բռնապետություն: Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այս կետերում նշված ֆունկցիաները նախատեսված են քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝ շանտաժ: Իսկ բացառապես շանտաժի վրա հիմնված իշխանությունները երկար կյանք ունենալ չեն կարող:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 256, սեպտեմբերի 5, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ