...

Բա որ իմանաս ժողովուրդը քեզ ինչ ոչ նորմատիվ բառապաշարով է հիշում

Բա որ իմանաս ժողովուրդը քեզ ինչ ոչ նորմատիվ բառապաշարով է հիշում

Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը նորից հարցազրույց է տվել: «Հարցազրույցը», իհարկե, չակերտների մեջ: Ռուսական պրոպագանդայի առաջամարտիկ armeniasputnik.am-ը գրասենյակի միջոցով հարցեր է ուղղել Քոչարյանին, այնտեղից էլ իբր պատասխան է եկել:

20 տարուց ավել է, ինչ այդ գործիչը մեր աչքի առաջ է, և մենք շատ լավ գիտենք հայերենին նրա տիրապետելու որակը: Այնպես որ՝ պարզապես ստորագրել է Վիկտոր Սողոմոնյանի և մյուս «փորձագետների» մտքի գոհարների տակ: Բայց քանի որ ստորագրել է, ապա պատասխանատու է այնտեղ հնչեցրած մտքերի համար: Ներկայացնենք հատված «հարցազրույցից»:

«Ներկայիս՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում»:

Հարցազրույցի սկզբում Քոչարյանը ցուցաբերում է բավական իրազեկվածություն ամերիկա-չինական առևտրային պատերազմից և այլ հարցերից: Մնում է հասկանալ, թե ինչու այդ մարդուն չեն տեղեկացրել, որ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները Արցախի հարցին նույնական են: Հաջորդ օրը Արցախի նախագահի խոսնակը հաստատեց ՀՀ վարչապետի գնահատականները: Էլիտաների ինչ հակասության մասին է ակնարկում Քոչարյանը, պարզ չէ: Միգուցե, նրա համար արցախյան էլիտան սկսվում է Վիտալի Բալասանյանից և ավարտվում նրանով: Եվ քանի որ ներկայումս Քոչարյանը նեղության մեջ է և քիչ ինֆորմացված, տեղեկացնենք, որ Փաշինյանի գնահատականները կիսում է նաև Արցախի ամենամեծ կուսակցության ղեկավար, առաջիկա նախագահական ընտրությունների ֆավորիտ Արայիկ Հարությունյանը:
Պատերազմի հերոսների դիվայնացում ասելով՝ Քոչարյանը թերևս նկատի ունի իր և իր հաջորդի օրոք լուծում չստացած, բայց գործող իշխանությունների կողմից Արցախում ապրող պատերազմի վետերանների բնակարանային խնդիրների վերջնական լուծումը: 

Զոհված զինծառայողների հիշատակի մասին այդ սուբյեկտը բացարձակ իրավունք չունի խոսել: Իրենց իշխանության տարիներին էր, որ սևազգեստ մայրերին ծեծելով տեղափոխում էին մայթից մայթ, որ հանկարծ չխաթարվի իրենց նախագահական անդորրը: Գրետա մայրիկին չընդունելը և թողնելը, որ անձրևի տակ նստացույց անի, ավելին էր անգամ Քոչարյանի որակները կրող անձնավորության համար:

Գեներալների նվաստացման մասով: Գեներալի նվաստացում էր, երբ հրահանգվում էր գալ Երևան և դառնալ դիպուկահարների կոորդինատոր: Գեներալի նվաստացում է՝ ստիպել ասել մտքեր, որոնք ծիծաղից բացի ուրիշ ռեակցիա չեն առաջացնում: Գեներալի նվաստացում էր, երբ նրան հրապարակային անվանում էիր Էջմիածնեցի կատու: Գեներալի նվաստացում էր, երբ հրապարակային պաշտպանության նախարարին անվանում էիր պարկետային գեներալ: Գեներալի նվաստացում էր, երբ ստիպում էիք նրան դառնալ սովորական խարդախ պահեստապետ՝ բանակին տարիներ շարունակ գոմեշի միս մատակարարելով: 

Իսկ բանակի սպառազինության հարցը բավական հաջողությամբ իրականացվում է և ավելի մեծ թափ կստանա, երբ վերադարձվեն ոմանց կողմից պետությունից ու բանակից թալանված միլիարդավոր դոլարները: Այն միլիարդները, որ դարձել են օտարերկրյա «Սիստեմա» ընկերության կապիտալ կամ Աֆրիկայում սաֆարի անելու միջոց:

Թերևս սրանով ավարտենք, քանզի սպառվում է նորմատիվ բառապաշարը՝ նկարագրելու համար Քոչարյանի ամբողջ ցինիզմը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ