...

Հարցազրույց ապագայից՝ Նիկոլ Փաշինյանի հետ

Հարցազրույց ապագայից՝ Նիկոլ Փաշինյանի հետ

ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԸ

- Ինչո՞ւ 2021 թվականի փետրվարին հրաժարվեցիք արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից:

- Մենք ցանկանում էինք, որ լուծումը բխի բոլոր կողմերի շահերից: Գոհ լինեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ հասարակության լայն շերտերը: Բայց հասարակությունն անտարբերություն դրսևորեց, իսկ ընդդիմությունը ուզում էր ավելին: Նրանք չէին բավարարվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեր պատրաստակամությամբ և միանգամից իշխանություն էին ուզում: Այդ ընդդիմությունը ոչ միայն իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում, այլ նաև անցած 30 տարիներին մշտապես հանդես է եկել մաքսիմալիստական դիրքերից: Այդ պայմաններում մենք ստիպված հայտարարեցինք, որ հասարակությունը իշխանություն է և վերջ ու որոշեցինք պայքարել մինչև վերջ՝ հույս ունենալով, որ բեկում կմտցնենք: Ցավոք սրտի, չհաջողեցինք: Այո, ես պատասխանատու եմ հետագայում տեղի ունեցած վատ հետևանքների համար, բայց պնդում եմ, որ միակ մեղավորը չեմ: Ընդհանրապես, առաջինը ձեզ եմ ասում, պատրաստվում եմ նոր գիրք հրատարակել: Նախնական տարբերակով այն կկոչվի՝ Без вины виноватый:

Այն, որ այսպիսի հարցազրույց տեղի է ունենալու, կասկած չի հարուցում:

Նիկոլ Փաշինյանը սիրում է պատմել և արդարանալ, թե ինչպես ռազմավարական բնույթի սխալներ թույլ տվեց: Նա անգամ երբեմն հպարտանում է իր սխալներով: Մնում է միայն կռահել, թե ինչ կարգավիճակում Փաշինյանը կտա այդ հարցազրույցը: Գուցե Ռոբերտ Քոչարյանի օրոք արդարադատությունն այդքան մեծահոգի չգտնվի և չթույլատրի, որ ամբաստանյալը աջուձախ հարցազրույցներ տա:

Մենք արդեն բազմիցս գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ներկայումս մտադրված չէ արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ ունենալու է առնվազն ավելի խնդրահարույց խճանկարով խորհրդարան: Դա միանշանակ այդպես է լինելու՝ անկախ նրանից, թե ինչ են ասում Ալեն Սիմոնյանը և մյուսները: Ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չեն ունենալու, այլ նաև հնարավոր է իշխանություն ձևավորելու համար ստիպված լինեն գնալ շատ տհաճ կոալիցիաների և համաձայնությունների: Սակայն երկու վատ ելքերից Փաշինյանը կրկին ընտրում է վատթարագույնը, քանզի ընտրություններից հրաժարվելը հղի է ավելի մեծ վտանգներով, քան քիմքին ավելի տհաճ խորհրդարան ունենալու հեռանկարը:

Շատ շուտով Փաշինյանը կրկին վերադառնալու է արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգին՝ շատ ավելի վատ մեկնարկային պայմաններով: Այդ իրավիճակում հասարակության մոտ ավելի է ամրապնդվելու համոզմունքը, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է և չգիտի, թե ինչ է անում: Ամենավատը լինելու է այն, որ փետրվարի 20-ից հետո կազմակերպված հանրահավաքները և ակցիաներն են բերելու այդ իրավիճակին և ստացվելու է, որ Քոչարյանի ճնշման տակ իշխանությունը կգնա ընտրությունների: Անկախ Քոչարյանի նկատմամբ հասարակության լայն շերտերի վերաբերմունքից, կստացվի, որ նրա քաղաքական կշիռը էականորեն բարձրացել է, ու դրանում միանշանակ մեղավոր կլինի իշխանությունը և առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հասարակության լայն շերտերը չեն հիշելու «Իմ Քայլի» անհայտ պատգամավորներին, որոնք Աղվերանում իբր դեմ են արտահայտվել արտահերթ ընտրությունների գաղափարին: Հասարակության լայն շերտերը հիշելու են, որ Նիկոլ Փաշինյանը նախ ինքն է նրանց բերել խորհրդարան և երկրորդ՝ այնքան լայնախոհություն ու հեղինակություն չունեցավ, որ կարողանա համոզել սեփական թիմին: Թեպետ, խորհրդարանում Ավինյանի ունեցած ելույթից ակնհայտ էր, որ ոչ ոք ոչ մեկին համոզելու կարիք չի ունեցել: Եթե կա մեկը, ում պետք էր համոզել՝ թիմի ղեկավարն էր: Բայց, ինչպես վերևում նշեցինք, թիմի ղեկավարը սիրում է սխալվել, հետո՝ հերոսաբար արդարանալ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1051 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ