«Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանը գրել է. «Նահապետ Գևորգյանը՝ «Նավոն», որ ԱԺ-ում ինձ ասել էր՝ «կտամ, գլուխդ կցխեմ պատին», ՀՀԿ մի քանի պատգամավորներ՝ այդ թվում Արմեն Աշոտյանը, եկան ինձնից ներողություն խնդրեցին։ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց։ Ու ի վերջո Գուրգեն Արսենյանը «Նավոյին» բերեց, ինքն էլ մի 3 անգամ ներողություն խնդրեց; Ինչի՞ եմ սա հիշել։ ՔՊ պատգամավորներից մեկի՝ լրագրողների հասցեին կոպիտ վիրավորանքից հետո, վարչապետը ոչ միայն արդարացրեց այն, թե սա «քաղաքական գնահատական» է, այլ նորմալ թվացող պատգամավորներից ոմանք էլ են սկսել նույնը կրկնել... Էլ խոսք անգամ չկա այն մասին, որ գոնե մեկն ափսոսանք հայտներ»:
«ՉԻ». Մենք ձեզ ավելին ասենք. այս իշխանության բազմաթիվ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ մի գործելաոճ են որդեգրել, երբ հերթով բլոկում են այն լրագրողներին, որոնք քննադատում են իրենց: Խոսքը ոչ թե վիրավորողների և հայհոյողների մասին է, այլ քննադատողների: Բացեք նրանց ֆեյսբուքյան էջերը, նայեք. հիացմունք, գովք, նույնիսկ, երբ վիրավորական արտահայտություններ են գրում, տեղադրում իրենց էջերում, դա էլ են ծափահարում, գրում՝ ապրեք, այ տենց շարունակեք, ցխկեք բոլորին: Հազարից մի անգամ թողնեն, որ մեկը մի թթու խոսք գրի: Դա էլ որ գրում են, վրա են տալիս:
Իսկ Վահագն Ալեքսանյանը ռիսկ չէր անի այդպես վիրավորել լրագրողներին, եթե վերևների «դաբրոն» չունենար: Ինչն էլ Նիկոլ Փաշինյանը հաստատեց: Իրենք համարում են, որ լրագրողներին վիրավորելը ոչ միայն ճիշտ մոտեցում է, այլ նաև՝ որ ներողություն խնդրելը դա ցույց կտար, որ սխալ են եղել: Իսկ իրենք անսխալական են: Այս երեք տարվա ընթացքում ոչ մի սխալ բան չեն արել, ինչի՞ պիտի ներողություն խնդրեն:
Այստեղ միայն տեղին է հիշել հայտնի խոսքը. «Իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը՝ այլասերում բացարձակապես»: